Բժիշկնե՞րն են մեղավոր 5 ամսական Ագնեսայի մահվան համար. մամուլ
«Նախօրեին Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում նախնական տվյալներով՝ թոքաբորբից մահացել է 5 ամսական Ագնեսան»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Երեխայի հարազատները կարծում են, որ նա մահացել է ոչ թե թոքաբորբից, ինչպես հաղորդվում է, այլ բժիշկների անփութության պատճառով: Նրանք նաև բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ առ այն, որ իրենց երեխայի մահվան համար պատասխանատու են բժիշկները:
Ցավալի այս դեպքի կապակցությամբ «Ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ Ա. Մխիթարյանից: Վերջինս նշեց, որ իրենց մոտ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ «Արդեն իսկ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը սպառիչ կերպով պատասխան կտա, թե որն է եղել մանկահասակ երեխայի մահվան պատճառը: Դրանից հետո արդեն պարզ կլինի՝ կա՞ բժշկական սխալ, թե՞ ոչ: Երբ եզրակացությունը ստանանք, պատկերն ավելի ամբողջական կլինի, առայժմ որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց նա։
Մեր այն դիտարկմանը, թե առայժմ պարզապես մայրը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ իր երեխայի մահվան համար մեղավոր է բժիշկը, Ա. Մխիթարյանը պատասխանեց.
«Սխալ կլինի ասել միայն մայրը, ոչ միայն մայրը, այլ նաև երեխայի հարազատները բողոք են ներկայացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ երեխայի մահվան պատճառների հանգամանքերի հետ կապված, որից հետո մենք մեկնել ենք դեպքի վայր՝ տեղում ծանոթանալու դեպքին»:
Քննիչն ավելացրեց, որ նախնական փուլում նշանակվում է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որը կպարզի նախևառաջ մանկահասակ երեխայի մահվան անմիջական պատճառը.
«Դրանից հետո երեխայի մահվան նախնական տվյալները ձեռք կբերենք, ապա համապատասխան հանձնաժողովը կպարզի կոնկրետ բժիշկների կողմից՝ իրենց մասնագիտական գործողությունների սխալ կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքներ առկա՞ են, թե՞ ոչ»:
Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն «Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով այս դեպքին, ասաց.
«Դա ձեր իմացած թոքաբորբը չէ, բացարձակ դա գրիպի հետևանք չէ, որովհետև երեխան բացարձակ գրիպով չի հիվանդացել, իսկ մնացած մանրամասները պետք է ճշտվեն։ Թոքաբորբը տարբեր ծագումնաբանություն կարող է ունենալ»:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: