Ու՞մ հաշվին և ինչու՞ է Տարոն Մարգարյանը ծաղիկներ բաժանել կանանց. կպարզվի դատարանում (տեսանյութ)

Galatv.am կայքի հաղորդմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը այսօր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Դ. Իոաննիսյանը պարզաբանել է, որ հայցադիմումով բողոքարկում է ապրիլի 23-ին ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը, ի հեճուկս Իոաննիսյանի պնդման, չէր համարվել Ընտրական օրենսգրքի խախտում:

Նա նաև հավելել է, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ թեկնածու Տարոն Մարգարյանի անունից, ինչը, իր համոզմամբ, Տարոն Մարգարյանի քարոզչություն էր՝ հարկատուների գումարների հաշվին:

Վարչական դատարանից «Բարև Երևան» դաշինքից Երևանի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի (Տարոն Մարգարյանի) անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը արգելված է օրենքով:

Իոաննիսյանը նաև YouTube է բեռնել «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից նկարահանված մի տեսանյութ, որում ակցիայի ժամանակ ծաղիկ բաժանողները պնդում են, որ ծաղիկները Տարոն Մարգարյանի անունից են: Ընդդիմադիր ակտիվիստը նաև հավելեց, որ իր հետ արդեն կապվել են Վարչական դատարանից և տեղեկացրել, որ դատական նիստը կկայանա վաղը (շաբաթ օրը)` ժամը 16:00-ին:

Հավելենք նաև, որ Իոաննիսյանը ապրիլի 19-ին նախընտրական քարոզարշավի խախտումների մասին մի դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ը, սակայն վերջինս խախտումների մեծ մասի վերաբերյալ որոշել էր, որ Իոաննիսյանի պնդումներն անհիմն են:

Տեսանյութեր

Լրահոս