Բաժիններ՝

Խելք-խրատ տալու ժամանակը

Տնտեսական կյանքում անդորր է: Պատճառը, հավանաբար, միաժամանակյա հետընտրական ու նախընտրական գործընթացներն են: Դեռ կառավարություն էլ չունենք: Իսկ մայրաքաղաքի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ տնտեսական ծրագիր առաջարկելն ավելորդ շքեղություն համարեցին: Տնտեսական վերջին շրջանի ամենահետաքրքիր նորության հեղինակը մեր Ոստիկանությունն էր: Ավելի ճիշտ` ոստիկանապետը: Նա իր ենթակայի` մայրաքաղաքի ոստիկանապետի պաշտոնանկությունը բացատրեց բիզնեսի ու պաշտոնավարման անհամատեղելիությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էլ էր իր տարեկան զեկույցներից մեկում գրել, որ Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան աշխատակիցները զբաղվում են բիզնեսով:

Այսինքն` տնտեսության մասին միայն քաղաքական տեքստեր են հնչում: Քաղաքական ու միանգամայն անսպասելի տեքստեր: Հավանաբար` նաև այն պատճառով, որ երկրի տնտեսական կյանքը խոր ու ճգնաժամային փուլ է մտել: Տնտեսական կյանքի ամենաաշխույժ դրվագը Վարդան Օսկանյանի ելույթներն են սոցիալական ցանցերում:

Քաղաքապետի պաշտոնին հավակնող պարոն Օսկանյանը հավանաբար փորձում է ընտրողներին համոզել, որ ինքը նաև տնտեսական գործիչ է: Հետևաբար ուշադիր հետևում ու արձագանքում է տնտեսական գործընթացներին: Արձագանքում է անգամ Արժույթի միջազգային հիմնադրամի կառույցների ժողովներին: Արձագանքում ու մեր իշխանություններին բացատրում է իրենց անելիքը: Ասել, թե այդ առաջարկներում նոր ու թարմ մոտեցումներ կան, իհարկե, չափազանցություն կլինի: Բայց լավ է: Գոնե ինչ-որ մարդ փորձում է հետևել համաշխարհային տնտեսությանը, և գործողությունների ծրագիր է առաջարկում:

Իսկապես համաշխարհային տնտեսության կարգավորման լծակներին տիրապետողները ծանր կացության առջև են հայտնվել: Ակնհայտ է, որ ճգնաժամի կարգավորման գործընթացը դրական արդյունքներ չի արձանագրում: Առավել ծանր տնտեսական իրավիճակում հայտնված պետություններին պարտադրված խնայողական ծրագրերը սպասված արդյունքները չապահովեցին: Հետևաբար` պարոն Օսկանյանը կոնկրետ խորհուրդներ է տալիս նորանշանակ (ու միաժամանակ` հին) վարչապետին: Վարչապետը շուտով կառավարության գործունեության ծրագիր է ներկայացնելու խորհրդարանին: Կարծում եմ, «Հարկաբյուջետային, դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների մասով» տրված խորհուրդներն արժանի ուշադրության կարժանանան: Խառնակ ժամանակներ են:

Կարդացեք նաև

Պետական պարտքի մասին վերջին տարիների ամենահեղինակավոր մասնագետների աշխատանքները Մասաչուսեթսի համալսարանի կոլեգաները սխալ են հանել: Համաշխարհային տնտեսագիտական միտքը հիմա հստակ պատասխան չունի` պետության պարտքերը խոչընդոտո՞ւմ են տնտեսական աճին, թե՞ հակառակը` նպաստում: Նման հակասական կարծիքների և խորհուրդների արդյունքում` հավանաբար, հնարավոր եղավ այն, ինչ անվանվում է «Կիպրոսյան ճգնաժամ»: Հատկապես, որ առայժմ պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենա այդ ճգնաժամը մեր տնտեսության վրա:

Առայժմ նկատելի չէ, թե մեր չինովնիկներից ու գործարարներից ովքեր և որքան գումար կորցրեցին կիպրոսյան էքսպրոպրիացիայի արդյունքում: Առայժմ դժվար է գլխի ընկնել, որովհետև մեր մեծահարուստներն արտաքուստ շատ հանգիստ պահեցին իրենց: (Շտիռլիցի ասած` իսկական արիացու նման):

Նրանցից ոչ ոք երկրից չբացակայեց: Այսինքն` չմեկնեց օֆշորյան բանկերում ունեցվածքը փրկելու: Այս օրերի ամենահայտնի բացակայությունները երկու անվան հետ են կապված: ՀՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ երկրից բացակայում էր Գագիկ Ծառուկյանը: Իսկ ՀՀ վարչապետին նշանակելու օրերին` Հովիկ Աբրահամյանը:

Գագիկ Ծառուկյանը, անկախ քաղաքական հավակնություններից, տնտեսական գործիչ է և հաճախ է բացակայում երկրից: Հետևաբար` հասարակությունը ենթադրում է, որ նա պարբերաբար արտերկիր է մեկնում` իր բիզնեսը կառավարելու նպատակով: Փոխարենը` Հովիկ Աբրահամյանը մշտապես քաղաքական պաշտոններ է զբաղեցնում, և, եթե ընտրությունից ընտրություն այս քաղաքական գործիչն իր ունեցվածքը չհայտարարագրեր, ոչ ոք ապացույց չէր ունենա, որ նա աշխույժ ու հաջողակ գործարար է: Որքան էլ որ մեր իշխանությունների շրջանակում մոդայիկ է դարձել պետական պաշտոնն ու գործարարությունը տարանջատելու անհրաժեշտության մասին ելույթ ունենալը:

Միևնույն է` անգամ հարազատ` Հանրապետական կուսակցությանը դժվար է բացատրել, թե ինչու ԱԺ նախագահն անակնկալ արձակուրդ մեկնեց այդքան կարևոր ու քաղաքական պահի: «Բժշկի թղթին» նույնիսկ քաղաքական գործիչները չեն վստահում, ուր մնաց հասարակական կարծիքը: Բայց գործող «գեղեցիկ» ավանդույթի համաձայն, ոչ կուսակցությունը հաշվետվություն կպահանջի, ոչ էլ հասարակությունը: Հաշվետվություն պահանջում են միայն նախկին պաշտոնյաներից: Ինչպես եղավ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պարագային: Այն էլ` մասամբ: Ինչպես ցույց տվեց նույն օրինակը:

Այնպես որ, վարչապետը կարող է ամենևին էլ հաշվի չառնել պարոն Օսկանյանի խորհուրդները: Հատկապես որ, դրանցում, պոպուլիստական առաջարկներից զատ` կան նաև քայլեր, որոնց իրագործման դեպքում կառավարությունը ստիպված կլինի աշխատել: Իսկ ինչ կկատարվի երկրի ու տնտեսության հետ, եթե մեր կառավարությունը սկսի աշխատել, պարզ չէ: Ոչ ոք միանշանակ չի պնդի, թե վիճակն ավելի չի վատանա: Դեռ հնուց է հայտնի, որ տնտեսական անդունդն ամենաանհատակ երևույթն է:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս