ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»՝ ընտրակեղծիքները ներսի՞ց, թե՞ դրսից թեմայի շուրջ

Այսօր ՀԱԿ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, թե ընտրությունները վերահսկելու ու ընտրակեղծիքները զսպելու համար իրենք «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների հետ քննարկումներ են անցկացնում:  «Ժառանագություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոաննեսյանը մեղադրանքներ հնչեցրեց ԲՀԿ-ի հասցեին՝ ասելով, թե ԲՀԿ-ն ընտրակեղծիքներ է իրականացրել ու շարունակում է խախտումներ գործել, իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն էլ հորդորեց հետ չնայել ու խոսել այսօրվա մասին:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված Միասնական շտաբի փորձը, ինչպե՞ս է պատրաստվում «Ժառանգություն» կուսակցությունը դառնալ ընտրակեղծիքների դեմ պայքարող ոչ իշխանական միավորման անդամ, երբ նախկինում հրաժարվել էր դառնալ այդ շտաբի անդամ՝ պատճառաբանելով, թե ԲՀԿ-ն շարունակում է ընտրակաշառք բաժանել տրակտորների տեսքով, Դանիել Իոաննեսյանը նշեց, թե տեսնում է, որ ԲՀԿ-ն շահագրգռված է, որ ընտրատեղամասերում չլինեն խախտումներ, բայց տեղամասերից դուրս խախտումների դեմ պայքար, ինքը չի տեսնում:

ԲՀԿ ներկայացուցիչը,սակայն, հակադարձեց. «Այսինքն, տեղամասերից դուրս պայքարը ինչի՞ մասին է խոսքը: Ախր մենք խոսում ենք գլոբալ, լուրջ հարցերի, համագործակցության մասին, դուք խոսքը տանում եք եսիմ ուր: Եթե չեմ սխալվում, դուք չմասնակցեցիք, որովհետև պարոն Ծառուկյանն անձամբ չստորագրեց փաստաթղթերը, իսկ մեր կուսակցությունը անձով պայմանավորված չի: Եթե, օրինակ, Վարդան Օսկանյանը  հայտարարություն է անում, նա խոսում է կուսակցության անունից»:

Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ քննարկումներին միացել է նաև ՀՅԴ-ն:

Տեսանյութեր

Լրահոս