Ընտրախախտումներ տեղի են ունենում ոչ միայն ընտրատեղամասերում, այլև՝ դրանցից դուրս
Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ ընտրախախտումներ տեղի են ունենում ոչ միայն ընտրական տեղամասերում, այլև՝ դրանցից դուրս ու ընտրությանը նախորդող ժամանահահատվածում:
Այսօր «Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ Երևանի ավագանու ընտրություններում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ Դ. Իոաննիսյանը նշեց, թե խախտումներ են տեղի ունենում մինչև քարոզարշավի մեկնարկը, որոնք կարող են ազդել քվերակության արդյունքի վերջնական պատկերի վրա:
Նա նշեց, թե այդ խախտումները կատարվում են ոչ միայն ՀՀԿ-ին, այլև՝ «Օրինաց Երկիր» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կողմից:
Իոաննիսյանի խոսքով, նախընտրական քարոզարշավի շրջանակներում խախտվում է նաև նախընտրական հիմնադրամի գումարի ծախսի մասին տեղեկատվությունը: Ըստ նրա՝ երբեմն այդ հիմնադրամները չեն արտացոլում այն իրական ծախսերը, որոնք կատարում է այս կամ այն քաղաքական ուժը:
Նա հիշեցրեց թիվ մեկ ընտրատարածքում տեղի ունեցած խորհրդարանական լրացուցիչ ընտրությունները, որոնց ժամանակ, նրա խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը վերահսկում էր տեղամասերը, բայց ընտրատեղամասերի ներսում խախտում տեղի չունեցավ.
«Տեղամասերից դուրս ուղևորներին անվճար ծառայություններ էին մատուցվում, ուղեկցվում էին տեղամասեր: Իսկ արդյունքում պատկերը եղավ այն, որ մի մարդ, որը համեմատվում էր կենցաղային իրի հետ, հաղթեց հայտնի քաղաքական գործչին, որն ավելի լայնածավալ քարոզարշավ էր իրականցրել: Ամբողջ հանրությանը հայտնի Ստյոպա Սաֆարյանը նորմալ ընտրություններից դուրս կհաղթեր, իսկ մրցակիցը անգամ հարցազրույց չէր տվել մի լրատվամիջոցի: Այդ ժամանակ ընտրական տեղամասում թվերի նկարչություն տեղի չունեցավ, բայց հաղթեց Հանրապետական թեկնածուն»:
Նա շեշտեց, որ պետք է նախ վերացնել կամ նվազեցնել ընտարատեղամասերից դուրս կատարվող կեղծիքները և նոր միայն անցնել ընտրատեղամասերի վերահսկողությանը և ընտրական տեղամասերում պահել մարդկանց ձայնը: