
«Հայ համայնքները Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն»

Սփյուռքի հետ Հայաստանի կապած հույսերն այնքան մեծ են, որ երբեմն թույլ չեն տալիս սթափ գնահատել հայկական համայնքների իրական վիճակը, այն մարտահրավերները, որոնք ուղղակի սպառնում են նրանց գոյությանը, մասնավորապես` Մերձավոր Արևելքում:
Այդ առումով արաբագետներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ, պ.գ.թ. Լիլիթ Հարությունյանի և պ.գ.թ. Արաքս Փաշայանի հեղինակած «Ծոցի արաբական երկրների հայ համայնքները. արդի հիմնախնդիրներ» գիրքը թույլ է տալիս առանց օպտիկական խաբկանքի տեսնել այդ համայնքների իրական վիճակը: (Գիրքը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Սփյուռքի նախարարության կողմից):
– Մերձավոր Արևելքը թեև մոլորակի գուցե ամենաանկայուն տարածաշրջանն է, սակայն հայերը, ճակատագրի կամքով կամ աշխատանք գտնելու նպատակով, պատմական տարբեր ժամանակներում ապրել են այս տարածաշրջանում: Ծոցի արաբական երկրների հայ համայնքների այս ուսումնասիրությունը ևս դրա վկայությունն է: Մարդկային ի՞նչ ռեսուրսներով է ձևավորվել այդ` համեմատաբար երիտասարդ համայնքը:
Արաքս Փաշայան– Հայերը պատմականորեն, մշակութային և տնտեսական առումներով միշտ էլ կապված են եղել մերձավորարևելյան տարածաշրջանին: Հայերի հոսքը Ծոցի արաբական երկրներ սկսվեց հիմնականում 1950-ականներից. սկզբում` Քուվեյթում, ապա` նաև Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) և հարևան այլ երկրներում, ինչը կապված էր տարածաշրջանում նավթարդյունաբերության, արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման և աշխատանքի նոր շուկաների ձևավորման հետ: Սկզբնական շրջանում հայերը գալիս էին հիմնականում Մերձավոր Արևելքից` Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, նաև Իրանից, հետագա տարիներին` այլ երկրներից նույնպես:
Լիլիթ Հարությունյան– Այլ կերպ ասած, Ծոցի արաբական երկրների հայ համայնքները, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մյուս երկրների, փաստորեն, սփյուռքահայության վերարտադրության արդյունք են: Դրանց ձևավորումը 20-րդ դարի երկրորդ կեսից սփյուռքահայության շրջանում մի նոր երևույթի` նաև ներարաբական տեղաշարժերի արդյունք է:
– Հետաքրքիր է, որ քրիստոնյա հայերն, այդուհանդերձ, կարողացան հարմարվել տարածաշրջանի յուրահատկություններին: Եվ անգամ ստեղծել ինքնության պահպանության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Լիլիթ Հարությունյան– Ծոցի արաբական միապետություններն աչքի են ընկնում իրենց պահպանողական և կրոնական կողմերով: Նրանց օրենքները ոչ տեղաբնիկների համար մի շարք սահմանափակումներ ունեն, այդ թվում` քաղաքացիություն ձեռք բերելու արգելքը: Հայերը, ինչպես այլ ոչ տեղաբնիկները, օգտվում են ժամանակավոր կացության իրավունքից: Սակայն նրանք, այնուամենայնիվ, կարողացան կայանալ` որպես համայնքներ: Սկզբնական շրջանում` Քուվեյթում, ապա` ԱՄԷ-ում, հետո` նաև Քաթարում, հայերը հնարավորություն ունեցան կազմակերպել իրենց ազգային կյանքը, ինչն իրականության դարձավ հայկական կրոնական և աշխարհիկ կազմակերպությունների և միությունների գործունեության շնորհիվ: ԱՄԷ-ում հայերին հատկացվեցին հողատարածքներ` եկեղեցիներ և ազգային կառույցներ հիմնելու համար: Էլ-Քուվեյթը, Շարժան, Դուբայը, Աբու Դաբին, հետագայում նաև` Դոհան, Մանաման, Ալ-Խոբարը և այլն, դարձան այն շրջանները, որտեղ հայերը հաստատվեցին:
Արաքս Փաշայան– Քուվեյթում ազգային կյանքը սկսեց ձևավորվել 1960-ականներից: Այս շրջանում Քուվեյթում սկսեց գործել Ազգային վարժարանը: Ի դեպ, տեղի հայ համայնքի հիմնական խնդիրն է` ունենալ սեփական եկեղեցի, թեև նրանք վարձակալում են մի կալվածք, որտեղ գործում է թեմի աթոռանիստ համարվող Սուրբ Վարդան եկեղեցին: ԱՄԷ-ում ազգային կյանքն ակտիվացավ 1980-ականներից: Այդ հարցում կարևոր էր 1992թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներքո Քուվեյթի և Ծոցի արաբական երկրների թեմի ձևավորումը, որն ունի օրենսդիր և գործադիր մարմիններ:
Դրանց, ի դեպ, կարող են մաս դառնալ հայ համայնքի ներկայացուցիչներ` անկախ դավանական պատկանելությունից (հայ առաքելական, հայ կաթոլիկ, հայ բողոքական), ինչը հատուկ է միայն այս թեմին: Կարևոր էր հայերի նկատմամբ տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը: Հայերը դիտարկվում են` որպես կրոնադավանական համայնքներ, և նրանց ազգային գործունեություն ծավալելու իրավունք է տրվել: Արդյունքում, 1998թ. Շարժայում կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և դրան կից` հայկական կենտրոնը: 1980-ականներից թե՛ Շարժայում և թե՛ Աբու Դաբիում սկսեցին գործել միօրյա հայկական վարժարաններ: Կան նաև կրոնական միօրյա կրթական հասատություններ: Հայերին հողատարածք է հատկացվել նաև Աբու Դաբիում, որտեղ ծրագրվում է կառուցել Սուրբ Նահատակաց եկեղեցին:
– Կա կարծիք, որ հայ համայնքներից ամենակազմակերպվածը, ամենապահպանողականը հենց Մերձավոր Արևելքի համայնքներն են: Այստեղ կրոնի, լեզվի, այլ կերպ ասած` ինքնության խնդիրը պակաս մտահոգիչ է, քան Եվրոպայում և Արևմուտքում: Ձեր ուսումնասիրությունները հիմնավորո՞ւմ են այս տեսակետը:
Լիլիթ Հարությունյան– Իսլամական միջավայրում հայերն, այնուամենայնիվ, ավելի համախմբված են ապրել` շարունակելով պահպանել ազգային և կրոնական ավանդույթները: Ինչ վերաբերում է Ծոցի արաբական երկրների համայնքներին, ապա դրանք թեև ամենաերիտասարդն են Մերձավոր Արևելքում, սակայն աչքի են ընկնում հայկական ինքնության պահպանման աշխույժ տեմպերով: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ շրջանում հաստատված հայերը ներգաղթել են հիմնականում Մերձավոր Արևելքի հայաշատ համայնքներից` իրենց հետ բերելով հայության հավաքական կյանքի կազմակերպման փորձառությունը: Սակայն վերջին շրջանում, կապված գլոբալիզացիայի և այլ գործոնների հետ, Մերձավոր Արևելքի հայ համայնքներում նույնպես հայկական ինքնության պահպանման հետ կապված լուրջ մարտահրավերներ են ձևավորվել:
– Մերձավոր Արևելքի անկայուն վիճակը, պատերազմները նախ` Լիբանանում, հետո` Քուվեյթում, Իրաքում, այժմ` Սիրիայում, ակնհայտորեն մաշում են մեր համայնքները:
Լիլիթ Հարությունյան– Մերձավոր Արևելքի հայ համայնքները, ինչպես նաև` այլ փոքրամասնություններ, բավական խոցելի են և յուրաքանչյուր անկայունության դեպքում էականորեն տուժում են: Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցած ամեն մի ճգնաժամից հետո հայերի մի զգալի հատված արտագաղթել է: Իրավիճակը հայերի համար սկսեց էլ ավելի անբարենպաստ դառնալ արդեն 2003-ից Իրաքում սկիզբ առած ճգնաժամից և վերջերս «Արաբական գարնան» համատեքստում ծավալված դեպքերից հետո: Արդյունքում` Մերձավոր Արևելքը դարձել է ոչ այնքան նպաստավոր շրջան` հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հետագա գոյության առումով:
Արաքս Փաշայան– Նշենք, որ վերջին տասնամյակներին Մերձավոր Արևելքի հայության թիվն արդեն էականորեն կրճատվել էր: Այդ միտումը շարունակվում է նաև այսօր, ինչը կապված է աշխարհաքաղաքական, տնտեսական, անվտանգության գործոնների, կրոնացվածության աճի, կրթական համակարգի ոչ որակյալ լինելու հետ, և այլն: Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ հայերի հեռանկարը Մերձավոր Արևելքում վիճարկելի է:
– Մերձավոր Արևելքում հայերն ունեն պատկառելի ազգային հարստություն: Եվ այդ հանգամանքը դժվարեցնում է հաշտվել մեր համայնքների նոսրացման փաստի հետգ Մշակութաբան Ռուբեն Անգալադյանը մի առիթով նկատել էր, որ սիրիահայերն, օրինակ, չպետք է հեռանան այդ հյուրընկալ, իրենց ապաստանած երկրից միայն այն պատճառով, որ պատերազմ է:
Արաքս Փաշայան– Ցավալի է, որ դեպքերն անդառնալիորեն վնասելու են մեր համայնքներին, այդ թվում` Սիրիայի, սակայն գործընթացներն այլևս անշրջելի են: Կարծում եմ, որ Սիրիայի հայերը պետք է անմիջապես հեռանան այդ երկրից, քանի որ վտանգված է նրանց անվտանգությունը: Սիրիան, որ ժամանակին ապաստան տվեց Ցեղասպանությունից մազապուրծ հայերին և մեր համար բացառիկ կարևոր մի վայր էր, այժմ դարձել է արտաքին դավադրության զոհ և կանգնել քաղաքական ու տնտեսական լրջագույն ճգնաժամի առաջ:
– Ուզում եք ասել` հայ համայնքները Մերձավոր Արևելքում հեռանկար չունե՞ն:
Լիլիթ Հարությունյան– Կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքների պատմության մի լուսավոր էջ այլևս փակված է:
«168 ԺԱՄ»