Ինտերնետային կայքի միջոցով կարելի է ստուգել՝ դիպլոմը կե՞ղծ է, թե՞ իրական
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) ստեղծել է տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս ստուգել ՀՀ բուհերի շրջանավարտների տվյալները: Այցելելով համակարգի ինտերնետային կայքը, կարելի է ստուգել՝ տվյալ մարդու ներկայացրած դիպլոմը կե՞ղծ է, թե՞ իրականում անձն ավարտել է տվյալ բուհը:
Համակարգում տվյալ անձի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար հարկավոր է իմանալ տվյալ անհատի անուն-ազգանուն-հայրանունը, ուսումնական հաստատությունը, դիպլոմի սերիան, մասնագիտության կոդը, մասնագիտությունը և որակավորումը: Սակայն, եթե անգամ այդ բոլոր տվյալները չունեք, հոգ չէ, միայն անուն- ազգանուն-հայրանունով էլ հնարավոր է ստուգել տեղեկության իրական լինելը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:
«Համակարգում տվյալները սկսել ենք տեղադրել նախորդ տարվանից սկսած և սկզբում տեղադրել ենք հենց 2012թ.-ի շրջանավարտների տվյալները: Մենք շարունակում ենք տարբեր բուհերից ստացված տվյալները զետեղել համակարգում՝ աշխատանքը կատարվում է նվազման կարգով»,- ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ իրենք ներկայում հասել են համակարգում 2008-2007թթ. շրջանավարտների տվյալների զետեղմանը, սակայն ծրագրված է շրջանավարտների մասին տեղեկությունները զետեղել մինչև 1991-1992թթ. ուսումնական տարվա շրջանավարտների տվյալները:
Ա. Պողոսյանի խոսքով՝ համակարգը հատկապես օգտակար կլինի գործատուներին, ովքեր հաշված վայրկյանների ընթացքում կարող են ճշտել իրենց մոտ աշխատանքի դիմած անձնավորության տվյալների հավաստիությունը. Արդյոք նա իրականում ունի՞ կրթություն, թե՞ ոչ:
«Ծրագիրը բավական մեծ է, և խոսքը շատ մեծ թվով փաստաթղթերի մասին է, դրանք թե՛ 9-րդ դասարանի վկայականներն են, թե՛ 12-րդ դասարանի ավարտական փաստաթղթերն են, թե՛ միջին մասանգիտական, նախնական մասնագիտական և բուհական դիպլոմներն են»,- ասաց Ա. Պողոսյանը՝ նշելով, որ սա Կառավարության, ի դեմս ՀՀ Կրթության և գիտության նախարարության, հանձնարարականն է, իսկ իրենք ծրագրի իրականացնողն են:
Ա. Պողոսյանի տեղեկացմամբ, ներկայում համակարգում արդեն տեղակայված է շուրջ 120 հազ. մարդու տվյալ, որոնց թիվն օրեցօր ավելանում է: