Հաջորդ դատական նիստին բերման կենթարկվի՞ Վարդան Ղուկասյանը

Կարեն Եսայանի սպանության գործով նախորդ դատավարությունը հետաձգվել էր վկաների չներկայանալու պատճառով: Դատարանը որոշում է կայացրել վկաներ Սամվել Սարգսյանին, Մելանյա Սարգսյանին, Սուրեն Նիկոլյանին և Հակոբ Կարապետյանին բերման ենթարկել հաջորդ դատավարության ժամանակ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները այսօր արդեն դատարանում ներկայացրել են, որ վկաներ Սամվել Սարգսյանին և Մելանյա Սարգսյանին բերման չեն ենթարկել, քանի որ. «Ջիվանի 54 տան դուռը մեր այցելության պահին գտնվում էր փակ վիճակում »,- նշել է ոստիկանության աշխատակիցը:

Վկա Հակոբ Կարապետյանը նույնպես բերման չի ենթարկել, պարզվել է՝ 2012 թվականի մայիս ամսին վերջինս ընտանիքով տեղափոխվել է և այժմ բնակվում է այլ հասցեում, իսկ թե որ՝ ոստիկանությանը պարզել չի հաջողվել:

Տուժող կողմի ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ. «Բոլորդ ականատես եք, որ ամեն դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալի հարազատները դրսում կանգնած են, ուստի եթե ոստիկանությունը մի փոքր ջանասիրություն ցուցաբերեր, նրանք այսօր այստեղ կլինեին և կկատարեին իրենց քաղաքացիական պարտքը»:

Կարդացեք նաև

Ամբաստանյալի իրավապաշտպան Լուսինե Սահակյանը հակադարձել է. «Սամվել Սարգսյանը իրեն վատ է զգացել, ուստի ստիպված է եղել գնալ տուն»: Միջնորդություն դատարան չներկայացած վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ, միջնորդությունը մերժվել է :

Նշենք, որ այսօր ծանուցված վկաների թվում էր նաև Ղուկասյանների ընտանիքը, վերջիններս նույնպես դատավարությանը չէին ներկայացել:

Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես է եկել վերջիններիս բերման ենթարկելու մասին միջնորդությամբ. «Կարծում եմ, դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի բոլոր վկաները ներկայանան դատարան, որովհետև իմ պաշտպանյալը օգտվում է կոնվենցիայի 6-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից. այն է՝ հարցեր տալու այն անձանց, ովքեր հարցաքննվել են նախաքննության ընթացքում»: Անդրադառնալով ոստիկանության անարդյունավետ աշխատանքին՝ Լուսինե Սահակյանը նշել է. «Եթե նախաքննության ընթացք լիներ, ոստիկանությունը շատ արագ կգտներ այդ անձանց, կարծում եմ, դատաքննության ընթացքում էլ նրանք պետք է որոշակի ջանասիրություն ցուցաբերեն»:

Նշենք, որ միջնորդությունը բավարավել է, դատարանը որոշում է ընդունել հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, վերջինիս աղջկան և եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին:

Galatv.am

 

Տեսանյութեր

Լրահոս