Բաժիններ՝

Ո՞ւմ գրպանն են գնում գյուղատնտեսության համար դրսից տրամադրվող գումարները

«Այս տարի գյուղատնտեսությունն ունի այն, ինչ ունի, ոչինչ անել այլևս հնարավոր չէ: Ասել եմ և նորից ասում եմ, որ գյուղատնտեսական տարին մեկ տարի առաջ է: Այն, ինչ պետք է անեին գյուղացուն օգնելու համար, պետք է անեին նախորդ տարի, իսկ հիմա պետք է աշխատել հաջորդ տարվա համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը: Վերջինիս խոսքով, այս տարի բանջարեղենի դեֆիցիտ է նկատվելու, քանի որ գյուղացիներն անջրդի և անմշակ են թողնում իրենց ցանքատարածությունները: 168.am-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ գյուղերից այս տարի ֆերմերների այս աստիճան մեծ հոսք է նկատվում, պատասխանեց, որ միգրացիան սկիզբ է առել դեռ տարիներ առաջ, երբ գյուղացիներին բարձր տոկոսադրույքով վարկեր էին տրամադրում: «Մարդիկ, չկարողանալով մարել բանկերին ունեցած իրենց պարտքերը, մեկնեցին երկրից, այնուհետ հաստատվելով` իրենց մոտ կանչեցին նաև իրենց հարազատներին: Բացի դա, գյուղացիները բերքի իրացման և վերամշակող ընկերությունների՝  տարիներով չվճարած գումարներ ունեին, որոնց կարիքը գյուղացին շատ ուներ»,- ասաց Հ. Բերբերյանը: Մեր հարցին, թե ո՞ւր են գնում դրսից Հայաստանի գյուղատնտեսությունը խթանող հսկայական գումարները, Հ. Բերբերյանը պատասխանեց. «Գյուղացուն այդ գումարները չեն հասնում, իրացվում են մի քանի անհատների կողմից: Պետք է հստակ վերահսկողություն սահմանել  դրսից եկող թե գրանտային ծրագրերի, թե վարկերի վրա, որպեսզի գյուղացուն հասնի այն, ինչ իր համար է նախատեսված»,-ասաց Հ. Բերբերյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս