Հայաստանում կրթական մակարդակից ոչինչ կախված չէ

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանի հետ:

– Մաթեմատիկայի ոլորտում, որպես գիտություն, ի՞նչ ձեռքբերումներ ունենք, և այսօր ոլորտը ո՞ր ուղղությամբ է զարգանում:

– Մաթեմատիկան, որպես գիտություն, եղել է Հայաստանի ամենազարգացած, առաջատար գիտություններից մեկը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման ժամանակվանից` 1943թ.-ից սկսած, դեռ մենք հիմնադիր ակադեմիկոսներ ենք ունեցել` Շահինյանը, Ջրբաշյանը, Մերգելյանը և այլք: Հետագայում ունեցել ենք նաև շատ առաջատար գիտնականներ, իսկ Խորհրդային Միության շրջանակներում Հայաստանը համարվում էր նաև մոտավորությունների տեսության մաթեմատիկական կենտրոններից մեկը: Այս ոլորտի առաջամարտիկները մահացան ու եկավ ավելի երիտասարդ սերունդը, դա արդեն մոտավորապես մեր սերունդն էր:

Այդ ժամանակ ևս այդ ուղղությամբ զբաղվող առաջատար գիտնականներ կային, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես ակադեմիական բոլոր ինստիտուտները, այնպես էլ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը հայտնվեց բավական վատ ֆինանսական դրության մեջ: Իսկ ներկայումս, փաստորեն, այդ ինստիտուտում, որպես այդպիսին, աշխատողներ էլ չկան: Այնտեղ կա մոտ 4-5 աշխատող, որոնցից 2-3-ը տարիքով ակադեմիկոսներ են, որոնք աշխատանքի գրեթե չեն գնում, իսկ մնացածն աշխատում են համատեղության կարգով: Այսինքն` եթե դուք աշխատանքային ժամերին գնաք այդ ինստիտուտ, հնարավոր է` այնտեղ մաթեմատիկոս չգտնեք:

Այդ ամենն ընդհանուր վիճակի պատճառով այդպես եղավ, չնայած մաթեմատիկան, ի տարբերություն այլ բնական գիտությունների, օրինակ` ֆիզիկայի, մեխանիկայի, քիմիայի, կարելի էր պահպանել, որովհետև մաթեմատիկան պահպանելու համար շատ ֆինանսներ պետք չեն, ինչպես, օրինակ` ֆիզիկան կամ քիմիան պահպանելու համար են անհրաժեշտ: Այդ ուղղությունները նույնպես առաջատարներից էին խորհրդային տարիներին, և իսկապես մեծ գումարներ էին անհրաժեշտ, որովհետև այդ ոլորտներում միայն փորձերի համար խոշոր գումարներ են պետք:

– Ի՞նչն է պատճառը, որ չպահպանվեց:

– Որովհետև ընդհանրապես չտարբերակեցին ուղղություններն Ակադեմիայում, և բոլորին նայեցին հավասարը՝ հավասարի տեսանկյունից: Դա մոտավորապես նման է նրան, որ երբ ԽՍՀՄ-ը քանդվում էր, ես այն ժամանակ Շախմատի ֆեդերացիայի նախագահն էի, ես կարողացա շախմատը պահել: Եվ դա հաջողվեց ոչ թե, որովհետև շախմատի համար խոշոր ֆինանսներ հարկավոր չէին, այլ որովհետև ֆուտբոլը, բասկետբոլը և այլ մարզաձևերի պահել-զարգացնելը շատ դժվար է, քանի որ դրանց համար իսկապես մեծ գումարներ են անհրաժեշտ, իսկ շախմատի համար ի՞նչ է պետք՝ մի փակ սենյակ ու շախմատ: Ճիշտ է, գուցե կոպիտ եմ ասում, բայց իսկապես այդպես է:

Ակադեմիայում բոլոր ուղղություններին նայեցին հավասար տեսանկյունից, իսկ բոլորին հավասար պայմաններում մաթեմատիկան չդիմացավ, քանի որ մաթեմատիկոսները շատ հեշտ են դրսում աշխատանք գտնում: Հատկապես լավ մաթեմատիկոսների պահանջարկը մեծ է: Արդյունքում, նրանք ցրվեցին Ակադեմիայի ինստիտուտից: Ընդ որում, Ակադեմիայի ինստիտուտում աշխատավարձը կրկնակի կամ եռակի ցածր է, քան բուհերում: Բուհի սովորական դասախոսը, նկատի ունեմ՝ սովորական դոցենտը, կրկնակի շատ աշխատավարձ է ստանում, քան Գիտությունների ակադեմիայի աշխատող դոկտորը:

Որպես օրինակ` նշեմ, որ Պոլիտեխնիկի մեր ամբիոնի դոցենտը Ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենից կրկնակի ավելի աշխատավարձ էր ստանում: Այսինքն` այդպիսի դրություն էր, և դրա համար մաթեմատիկան բարձր մակարդակի վրա չկարողացան պահպանել: Չնայած հիմա էլ, ընդհանուր առմամբ, ընդհանուր տեսական մաթեմատիկայի տեսանկյունից եթե դիտարկենք՝ որոշ ուղղություններ մնացել են, օրինակ` ֆունկցիաների տեսությունը պահպանվեց, որովհետև դրա հիմքերն իսկապես ուժեղ էին դրված Հայաստանում:

– Մաթեմատիկայի ինստիտուտը, այնուամենայնիվ, կա, պահպանվել է:

– Այո, Մաթեմատիկայի ինստիտուտը կա: Ես մեկ անգամ առիթ եմ ունեցել ակադեմիայի նախագահության հանձնարարությամբ այդ ինստիտուտի ֆինանսական և այլ հարցերը ստուգել, սակայն զարմացա, որովհետև ամբողջ Մաթեմատիկայի ինստիտուտի տարեկան ֆինանսավորումն ամերիկյան միջին համալսարանի միջին պրոֆեսորի տարեկան աշխատավարձից ցածր է: Արտասահմանյան մի պրոֆեսորի աշխատավարձից ցածր է:

– Որքա՞ն գումարի մասին է խոսքը:

– Տարեկան 30-32 հազար դոլար գումարի մասին է խոսքը, որով, հասկանալի է՝ ինստիտուտ չես կարող պահել (ներառյալ՝ ջեռուցման, լույսի և այլ ծախսեր), մինչդեռ այդ ինստիտուտում միայն 5-6 ակադեմիկոս է աշխատում: ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի համար, որին ես լավ ծանոթ եմ, նույնիսկ տնօրեն էլ չէին գտնում, որ նշանակեին: Վերջապես վերջերս մի գիտությունների թեկնածու են գտել, որը լավ տղա է, սակայն գիտությունների թեկնածու է, որին տնօրեն են նշանակել: Այն դեպքում, երբ մինչ այդ այնտեղ տնօրեն են աշխատել ակադեմիկոսներ կամ գոնե դոկտորի աստիճանի գիտնականներ, իսկ այս անգամ նույնիսկ դոկտոր էլ չգտան: Տվյալ դեպքում մի հարց էլ կա՝ տնօրենը պետք է 65 տարեկանից ցածր տարիք ունենա: Արդյունքում, այսօր Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենը գիտությունների թեկնածու է, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել:

– Բուհերում մաթեմատիկայի վիճակն ինչպիսի՞ն է:

– Բուհերում մաթեմատիկան ավանդական ծրագրերով է ընթանում: Հասկանալի է, որ ծրագրերը, դասախոսները և այլն, զիջում են առաջատար բուհերին, օրինակ` Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրերը, որոնք թե ծրագրային և թե դասախոսական կազմի որակով տարբեր են:

Կան դասախոսներ, ովքեր տարիքով մեծ են և երկար տարիներ աշխատել են տվյալ բուհում, և նրանցից ազատվել հնարավոր չէ կամ ցանկալի չէ, իսկ նրանց նորերով փոխարինել հնարավոր չէ: Կադրային խնդիր կա: Այդ ամենը դժվար է, քանի որ կան գիտության ճյուղեր, որոնք շատ արագ են զարգանում, օրինակ՝ հաշվողական տեխնիկան, ծրագրավորումը և այլն: Այդ ոլորտներում, եթե 2-3 տարի չզբաղվես՝ առաջատարներից հետ կմնաս, մինչդեռ կան դասախոսներ, որոնք 20-30 տարի շարունակ նույն բանն են անում:

Առաջին անգամ երբ եկա Պոլիտեխնիկում աշխատելու, պարզ է, որ մաթեմատիկայի ծրագրերը հին էին, և փոխում էինք դրանք: Կային դասախոսներ, որքան էլ փոխում էիր ծրագրերը, միևնույն է, ինչ ուզում ես արա՝ իրենք իրենցն են կարդում: Իսկ երբ որևէ բան ես ասում, ապա պատասխանը հետևյալն է. «Ես, 20 տարի է, կարդացել եմ, ինչի վա՞տ է եղել»: Դե ինչպե՞ս բացատրես, որ վատ է եղելգ Ավելի հեշտ է մի լավ ու նոր ինստիտուտ ստեղծել, քան վատ ինստիտուտը փորձել լավը դարձնել: Առաջին հերթին հենց կադրային խնդիրներն են բարդություն առաջացնում:

– Բուհական համակարգում ինչպիսի՞ այլ խնդիրներ կան:

– Վերջին տարիներին վերը թվարկածս խնդիրներին գումարվեց մագիստրատուրայի հարցը: Մագիստրատուրան արտասահմանում լուրջ կրթական համակարգ է, այսինքն` արտասահմանում բակալավր և մագիստր ավարտելու տարբերությունը շատ մեծ է: Այնտեղ, եթե ուզում ես որևէ տեղ ընդունվել աշխատանքի, հաճախ այդ բակալավրին չեն էլ հրավիրում, որովհետև դրսում դա իսկապես լուրջ կրթություն է:

Մինչդեռ Հայաստանում, երբ մագիստրատուրան բացվեց, հատկապես սկզբնական տարիներին, այն ասես դարձավ մի վայր, որտեղ, եթե բակալավրիատում դասախոսի ժամերը չէին հերիքում, և նա այդ բացն ինչ-որ կերպ պետք է լրացներ, նրան դասաժամ էին տալիս մագիստրատուրայում: Ասես հավելյալ մի բան էր, և տվյալ դասախոսն այն, ինչը որ բակալավրերի համար էր կարդում, նույնը կարդում էր նաև մագիստրոսների համար:

Այդ ամենի պատճառով նույնիսկ ուսանողները դասի չէին էլ գնում, և դասեր էլ, որպես այդպիսին, չէին լինում: Արդյունքում, երկու տարի անց այդ ուսանողները մագիստրոսի կոչում էին ստանում, սակայն, ըստ էության, նրանք իրենց գիտելիքով չէին տարբերվում բակալավրներից: Հարկ է նկատել նաև, որ մագիստրատուրան շատ ուղղություններով, ըստ էության, չի աշխատում: Փաստորեն, առաջատար ուղղություններով մագիստրոսներն ընդունվում են մագիստրատուրա, աշխատում են տարբեր վայրերում և, այսպես ասած՝ ձեռքի հետ ավարտում են` բացակայություններով, դասերին չհաճախելով և այլն: Այսինքն` այդ ամենը մեզ մոտ մի տեսակ չմտածված կերպով արվեց: Նույնը նաև ավագ դպրոցների պարագայում է: Այսօր մենք ունենք սովորական և ավագ դպրոց, ինչպես ուրիշ երկրներում է` Ամերիկայում և այլուր: Սակայն, եթե դրսում ավագ դպրոցը շենքային և այլ պայմաններով մոտավորապես մեր համալսարանների նման է կամ անգամ դրանցից ավելի լավ վիճակում է, ապա մեզ մոտ հակառակն է: Մեզ մոտ ավելի լավ վիճակում են սովորական, հիմնական դրոցները (1-9-րդ դասարան), իսկ ավագ դպրոցները դարձան ամենավատ դպրոցները` քանդված են, և այլն:

Պատճառն այն է, որ ավագ դպրոցները Կրթության և գիտության նախարարության ենթակա դպրոցներն են, իսկ սովորական դպրոցները` քաղաքապետարանի: Այսինքն` քաղաքապետարանը լավ շենքերն ամբողջությամբ վերցրեց, իսկ այդ ամենի արդյունքը եղավ այն, որ լավագույն ուսուցիչներն ավագ դպրոցներում դասավանդելու փոխարեն` աշխատելու մնացին հիմնական դպրոցներում, իսկ այն մարդկանցից շատերը, որոնցից ցանկանում էին ինչ-որ կերպ ազատվել, գնացին ավագ դպրոցներում աշխատելու:

Արդյունքում, երեխան ավարտելով 9-րդ դասարանը, արդեն մտածում է` ի՞նչ անել, որպեսզի այդ ավագ դպրոցից փրկվի: Նրանց մի մասը գնում է քոլեջներ, մի մասը՝ արտասահման, իսկ մի մասն էլ, որի համար այդ ամենը կարևոր չէ, գնում է ավագ դպրոց: Մի մասն էլ առհասարակ ավագ դպրոց չի գնում, այլ պարապում է դասախոսների մոտ, որպեսզի բուհ ընդունվի:

Այսինքն՝ այդ բոլոր փոփոխություններն արվեցին չհիմնավորված, չմտածված կերպով: Այդ էր պատճառը, որ ավագ դպրոցները հայտնվեցին այդ տխուր իրավիճակում: Հետո սկսվեցին նոր դասագրքերի խնդիրները: Քանի որ Հայաստանում դպրոցները սկզբում 10-ամյա կրթությամբ էին, հետո՝ 11-ամյա, այնուհետև՝ 12-ամյա կրթությամբ դարձան, հասկանալի է, որ պետք է փոխվեին նաև դպրոցական դասագրքերը:

Բնական է, որ դասագրքերը պետք է մեր մասնագետները գրեին: Իհարկե, ստեղծվեցին հաջող դասագրքեր, սակայն կան նաև շատ անհաջող դասագրքեր, որովհետև դրանք շատ կարճ ժամանակահատվածում արվեցին: Խնդիր առաջացավ, թե ո՞ւմ պատվիրել դրանք, որովհետև այդ ամենը նաև մեծ գումարների հետ էր կապված, և այլն: Արդյունքում, մեր միջնակարգ կամ դպրոցական կրթությունն իսկապես շատ տուժեց այդ ընթացքում: Երեխայի հիմքը, նրա հիմնական կրթությունը հենց դպրոցում է դրվում: Հետագայում, բուհերում նա այդ բացը չի կարող լրացնել, եթե չունի այդ հիմքը: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր պարապմունքներին, դրանք, ըստ էության, պարապմունքներ չեն, այլ այդ թեստերը լուծելուն ուղղված պարապմունքներ են: Այսինքն` սերունդը դպրոցական համակարգային կրթություն չի ստանում և արդյունքում ստացվում է այն պատկերը, ինչ մենք հիմա ունենք:

Իհարկե, պետք չէ մտածել, որ ներկայիս ուսանողությունը շատ վատն է կամ շատ ավելի վատն է, քան մեր ժամանակներում էր: Այդպես չէ, այսօր շատ լավ ուսանողներ կան, ավելի լավը, քան մեր ժամանակներում էր, որովհետև սովորելու, գիտելիք ստանալու և դրանք օգտագործելու հնարավորությունները շատ են հիմա, տեղեկատվությունը շատ է: Ուսանողներ կան, որոնք այնքան բան գիտեն, որ զարմանում ես, թե ինչպես նրանք կարող էին այդ ամենն իմանալ: Իհարկե, նման ուսանողները քիչ են, շատ քիչ են, բայց կան: Նրանք ընդհանուր ավելի շատ բան գիտեն, որը մենք չէինք կարող իմանալ:

– Դա ավելի շատ իրենց անձնական նախաձեռնության արդյունք է:

– Այն, որ Հայաստանում կրթությունը այս վիճակում է, իհարկե, կապված է ուսումնական ծրագրերի, կադրերի և այլ խնդիրների հետ: Սակայն հիմնական պատճառը, թե ինչո՞ւ մեր ուսանողները չեն սովորում, կարծում եմ, այլ տեղ է թաքնված. դա այն է, որ Հայաստանում մարդու հետագա կյանքը, նրա հետագա աշխատանքը և ապրելակերպը համարյա կախված չէ նրա կրթական մակարդակից: Այսինքն` ուսանողների հետագա բարեկեցությունը, անգամ ինչ-որ պաշտոններ զբաղեցնելը կախված չէ այն հանգամանքից, թե ինչպես են նրանք սովորել:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս