Նազենի Ղարիբյան. Ինձ համար գոնե ամենամնայուն արժեքը մարդու ներքին ազատության և դիմացինի նկատմամբ հարգանքի գիտակցությունն է

168.amի զրուցակիցն է հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը

– Նազենի, արդեն մեկ տարի է` լույս է տեսնում «Հարցուպատասխան» հանդեսը: Ինչպիսի՞ խնդիր է այն փորձում լուծել:

– «Հարցուպատասխանը» քաղաքակրթական հանդես է: Հանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում քաղաքային նոր մշակույթի ձևավորմանը մասնակցելն ու նպաստելն է: Քաղաք հասկացությունը` որպես պոլիս, կենդանի երևույթ, որն ունի իր մարմինը, կառուցվածքը, կենդանի բջիջները, հասարակությունը, քաղաքացին և այն ամենը, ինչը վերաբերում է քաղաքին: Քաղաք ասելով՝ միայն Երևանը նկատի չունեմ: Հանդեսում մենք անդրադառնում ենք, օրինակ, քաղաքավարությանը, փողոցային կարգուկանոնից՝ մինչև զուգարաններից օգտվելու կանոններին, ապա՝  քաղաքականությանը, քաղաքացիությանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին և այլն:

Nazneni0

Կարդացեք նաև

Կարելի է ասել, որ «Հարցուպատասխանի» հիմնական նպատակը քաղաքակրթական միտք գեներացնելն է: Իսկ դրա համար երկու սկզբունք կարևոր են, որոնք արտահայտված են հենց խմբագրականում. առաջին՝ հարցերից է սկսվում քաղաքակրթությունը, իսկ դրա բնույթը, կերպը ձևավորվում է այդ հարցերին տրված պատասխաններից, և երկրորդը՝ քաղաքակրթական արժեքները պահպանելու և կոնսերվացնելու փոխարեն՝ հարկավոր է դրանց մեջ որոնել ու գտնել կառուցվող ապագան: Հանդեսի յուրահատկություններից մեկն էլ բազմաշերտությունն է. միանշանակ չենք կարող ասել, որ այն գրական, քաղաքական, մշակութային կամ էլ գիտական հանդես է: Նյութերի ընտրության հարցում կիրառված են գրական տարբեր ժանրեր, ունենք հայ և օտարազգի հեղինակներ, ովքեր գրում են հատուկ հանդեսի համար: Հանդեսի խոսքը կտրուկ է, սկզբունքային, հստակ դիրքորոշումներով, երբեմն՝ ցավեցնող, բայց հիմնականում՝ դրական դաշտում բազմակարծության խթանման հիմքով: Հանդեսի հիմքում, կարելի է ասել, դրված է ժողովրդավարական պետության մոդելը: Բայց չէ՞ որ վերջինիս կայացման համար նախևառաջ հարկավոր է ձևավորել ու զարգացնել  մտքի ժողովրդավարությունը:

– Հանդեսը դասական ուղղագրությա՞մբ է լույս տեսնում:

– Հանդեսում ընդունելի են երկու ուղղագրություններն էլ` դասականը և սովետականը, ըստ հեղինակի ցանկության և ըստ նյութի ընդունելիության: Մեր նպատակն է՝ դասական ուղղագրությունը կամաց-կամաց հասանելի և ընդունելի դարձնել, վերացնել մարդկանց մոտ եղած խորթությունը, անհասկանալի ընկրկումը: Ի վերջո, դասական ուղղագրությունն այն հանգույցն է, որն այսօրվա մեր քաղաքակրթությունը կապում է անցյալ մշակույթի, գրավոր ժառանգության հետ, որով այդքան հպարտանում ենք, բայց որը ճնշող մեծամասնության համար մնում է դժվարամատույց: Մեր նպատակն է նաև՝ դասական ուղղագրության միջոցով մարդկանց կապել արևմտահայերենի հետ, որն այսօր կորչելու վտանգի տակ է: Եվ հետո՝ մենք միշտ խոսում ենք աշխարհի հայության միասնության մասին, և դասական ուղղագրությունը հենց այդ միասնության թեև՝ փոքրիկ, բայց  անհրաժեշտ գործոններից է:

– Ի՞նչը կհանգեցնի քաղաքային մշակույթի ձևավորմանը:

– Առաջին հերթին՝ քաղաքում ապրելու ձևը և քաղաքի գիտակցությունը: Քաղաքը միայն շենքերով և մարդկանցով լցված ապրելու վայր չէ: Այն կենդանի օրգանիզմ է, որն իր բնակիչներին պարտադրում է իրար հետ հարաբերվելու և միասին ապրելու որոշակի կարգ, օրենքներ, օրինաչափություններ: Քաղաքը հասարակության կազմակերպման ձևերից մեկն է, որը նաև պետության կազմավորման հիմքն է: Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունները ձևավորվել են քաղաքներում: Ըստ այդմ էլ քաղաքներում են ձևավորվել քաղաքակրթության համար անհրաժեշտ՝ մարդկային գործունեության բոլոր մտավոր ոլորտները. փիլիսոփայական և քաղաքական միտքը, գիտությունները, արվեստները, արհեստները, և այլն: Իսկ դրանց զարգացման համար ամենակարևոր գործոնը կրթությունն է, գիտելիքի համակարգումն ու փոխանցումը, այսինքն՝ «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունը:

– Ինչպես նաև՝ ինքնագիտակցությունը…

– Իհարկե: Քաղաքը ենթադրում է քաղաքացիների համայնք:

– Իսկ մեզանում կա՞ այդ ինքնագիտակցությունը:

– Դժվարանում եմ միանշանակ և կտրուկ պատասխանել: Համենայն դեպս՝ Երևանն այսօր արդեն երկրորդ անգամ քաղաքի դեմքը կորցնելու և նոր քաղաք դառնալու միջանկյալ ճանապարհին է, և մենք փորձում ենք օգնել այդ գործընթացի կայացմանը:

– Շատերը բողոքում են, որ քաղաքի հին դեմքը կորել է, ամեն ինչ նորացվում է…

– Նորացնելն ինքնին վատ բան չէ. մեր քաղաքում լիքն են Սովետի ժամանակ կառուցված սարսափելի շենքերը, և դեռ մնում է սովետական քաղաքի տխուր դեմքը  (ես կյանքի բերումով շատ եմ ճամփորդել և համեմատելու հիմքեր ունեմ): Հարցը՝ ԻՆՉՊԵՍ նորացնելն է: Դա էլ է քաղաքային մշակույթի մեջ մտնում: Հանդեսն ունի «Քաղաք և շինություն» բաժինը, որտեղ շոշափվում են քաղաքաշինական խնդիրները: Քաղաքաշինությունը գիտություն է, որի մեթոդներից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս պահպանելով եղածը՝ նորը կառուցել, և թե ի՞նչն է պետք փոխել, ի՞նչը՝ ոչ: Թամանյանի գծած Երևանը քաղաքաշինական դասական գիտելիքի խոր իմացության և ստեղծագործ մոտեցման արդյունք է, որի հիման վրա պետք է դրվի եկող ամեն ինչը: Այս հարցում աշխարհի լավագույն օրինակը, թերևս, Հռոմն է. իտալացիները կարողացել և կարողանում են դարերն իրար վրա միանգամայն ներդաշնակ նստեցնել և միաժամանակ՝ մոդեռն լինել:

– Նազենի, կարծես ժամանակակից հայի արժեհամակարգն այսօր փոխվել է:

– Մենք ազգային գիտակցությունը, արժեհամակարգը շփոթում ենք ֆոլկլորի, ազգագրության, ավանդույթի հետ, և ըստ այդմ՝ հակադրում արդիականությանը: Այս մասին էլ վերլուծական անդրադարձ կա Հանդեսում: Դուք ի՞նչ եք կարծում` մեր երիտասարդությունը պետք է կտրվի ժամանակակից կյանքից և տեղափոխվի միջնադա՞ր: Արժեքները փոխվում են՝ ժամանակի արժեքներին համապատասխան: Մենք չենք կարող անընդհատ կառչել ինչ-որ արժեքներից, որոնք քարացրել ենք, դոգմավորել, բայց որոնք այսօրվա կյանքի հետ բոլորովին ադեկվատ չեն:

– Բայց, այնուամենայնիվ, կան արժեքներ, որոնք դարերով պահպանվում են…

– Օրինակ՝ քրիստոնեությունը մեզ համար արժեք է, որը մինչև հիմա պահպանում ենք: Բայց տեսեք՝ քրիստոնյա աշխարհը 1700 տարվա մեջ երկար ճանապարհ է անցել: Քրիստոնյա լինելը հայի համար արժեք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է վերադառնանք 100 տարի առաջվա քրիստոնյայի կերպարին և կրոնա-հասարակական հարաբերություններին: Ինձ համար գոնե ամենամնայուն արժեքը մարդու ներքին ազատության և դիմացինի նկատմամբ հարգանքի գիտակցությունն է: Քրիստոնեության ամենահիմնարար սկզբունքը պետք է, այո, մեզ համար արժեք դառնա. այսինքն՝ «վերաբերվիր ուրիշին այնպես, ինչպես ցանկանում ես, որ քեզ վերաբերվեն», և դրա ժխտական ձևը՝ մի արա… և այլն: Այսինքն՝ «մի վնասիր և սիրիր մերձավորիդ՝ ով էլ լինի»:

Nazeni05

– Մեզանում հոգևորի պակաս չե՞ք նկատում:

– Այսօր ամբողջ աշխարհը հոգևոր, մտավոր, գաղափարական, քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է: Մեզ վրա ևս անդրադառնում է այս ճգնաժամը: Խնդիրն այն է, թե այս ճգնաժամից դուրս գալն ինչպե՞ս ենք մենք պատկերացնում: Կարծում եմ` ընդհանրապես Հայաստանը չպետք է փաթաթել, դարձնել թանգարանային նմուշ, պետք է չվախենալ զարգանալ և զարգացնել, անգամ՝ սխալվելով: Կանգառը մահ է: Իսկ դրա համար ամենակարևոր նախապայմանը գիտելիքն է, ճանաչողությունը, կրթությունը:

– Իսկ մշակույթի ներսում ինչպիսի՞ գործընթացներ են տեղի ունենում:

– Այսօրվա մեր մշակույթն էլ դեռ իրեն չգտած երկրի և չկայացած հասարակության մշակույթ է, որի ամենակարևոր առանձնահատկությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական և քաղաքական գործընթացներից կտրված լինելն է: Դրսի արվեստի նոր մոդեռն հոսանքներին փորձում ենք այստեղ միս ու արյուն տալ` մոռանալով, որ Արևմուտքում կայացած  հասարակություններ են, և առաջին հերթին՝ հենց քաղաքացիական և քաղաքական իմաստով, և արվեստն էլ այդ բնագավառում այլևս անելիք չի տեսնում: Մենք իրավունք չունենք այս սկզբունքով առաջնորդվել և ասել, որ արվեստը կապ չունի քաղաքականության հետ: Պետք է հաշվի առնել, որ մշակույթը ցանկացած հասարակական գիտակցության փոփոխության կարևորագույն գործիքն է: Մեզ համար քաղաքական արվեստը, գրականությունը դեռևս կարևոր դեր ունեն կատարելու: «Մոնումենտալ պրոպագանդայի» ծրագիրը շատ ակտուալ է:

– Ի՞նչ եք կարծում՝ մենք ստեղծագո՞րծ ազգ ենք:

– Անընդհատ ասում են և ասում ենք, թե հայ ժողովուրդը ստեղծագործ է: Այդպիսին եղել ԵՆՔ, բայց չեմ կարծում, որ ԵՆՔ այսօր, որովհետև հակառակ պարագային՝ այս քսան տարիների ընթացքում ահագին բաներ ստեղծած կլինեինք՝ տարբեր ոլորտներում: Մենք լավագույն դեպքում նայում ենք, թե անցյալում ինչ ենք արել, կամ դրսում հիմա ինչ են անում, և վերարտադրում ենք՝ քաղաքական պայքարի ձևերից՝ մինչև դասագրքային կրթական ծրագրեր: Մենք, կարելի է ասել՝ շնորհքով ենք, հնարամիտ, «հունարով», բայց ոչ՝ ստեղծագործ:

– Իսկ դա պատճառ ունի՞:

– Իհարկե: Պատճառներից մեկն էլ այն է, որ 20 տարի շարունակ գտնվում ենք նպաստառուի կարգավիճակում, երբ դրսից մեզ անընդհատ օգնում են՝ լինեն պանդխտության գնացած հարազատները թե սփյուռքը, թե միջազգային ֆինանսական կազմակերպությունները, և այլն: Գուցե թե սկզբնական շրջանում դա անհրաժեշտ էր կենսապահպանման համար, բայց այն վաղուց արդեն դարձել է հասարակության զարգացման, ստեղծագործ մտքի պոռթկման խոչընդոտ: Չէ՞ որ բնության օրենքն է այդպիսին, և դա տարածվում է նաև մարդկային հասարակության վրա. երբ մարդիկ հայտնվում են կյանքի համար անելանելի վիճակում՝ նրանց ինքնապահպանման բնազդն արթնանում է՝ ելքի փնտրտուքով երբեմն մեծ թռիչքներ գրանցելով: Բայց մեզ հասնող գումարներն այնքան մեծ չեն, որ որակական թռիչք ապահովեն. դրանք ճիշտ այնքան են, որ ժողովրդի մեծամասնությունը սովից չմեռնի, «յոլա գնա», իսկ այդ ճահճից ավելի սարսափելի բան չկա: Այսօր բոլորն են «յոլա գնում»՝ տաքսիստից մինչև ուսուցիչ, քաղծառայողից մինչև գիտնական ու արվեստագետ: Սա է գուցե թե նաև քաղաքական և քաղաքացիական հեղափոխության ուշացման պատճառը:

– Նազենի, մարտի 18-ին կյանքից վաղ հեռացած Ձեր ամուսնու՝ քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է, պատրաստվո՞ւմ եք այն նշել:

– Իհարկե, ինչպես ամեն տարի: Ցավոք սրտի, Տիգրան Հայրապետանին ընտրությունից ընտրություն են հիշում կամ՝ տարեդարձից տարեդարձ: Մինչդեռ նրա թողած գրավոր ժառանգությունն այսօր առավել քան ակտուալ է և մշտական ուսումնասիրության է արժանի, մանավանդ՝ քաղաքական և քաղաքագիտական շրջանակների կողմից: Նրա նոր վերաբացված կայքում (www.tigranhayrapetian.org) փորձում ենք բաժին-բաժին տեղադրել իր ողջ ժառանգությունը, որ առավել մատչելի լինի բոլորի համար: Հուշահանդեսը կկայանա  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մեդիակենտրոնում, երկուշաբթի՝ ժամը 14:00-ից սկսած: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Տեսանյութեր

Լրահոս