Բաժիններ՝

«Չնայած ՏՏ ոլորտն առաջնահերթ է հայտարարված, սակայն պետության աջակցությունն իրականում մեր թիկունքին չենք զգում»

Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մարտի 5-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում մասնակցել է CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին:

«ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվել է աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում` CeBIT 2013-ում միայն մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ցուցահանդեսին մասնակցում էին Locator, Instigate, X-Tech, LimeTech ընկերությունների, Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչները: Պատվիրակությունը համակարգում և ղեկավարում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Տեխնոլոգիական խոշոր ցուցահանդեսին բազմաթիվ երկրներ ներկայանում են ոչ միայն իրենց մասնավոր ընկերությունների մասնակցությամբ, այլև տվյալ պետության պատվիրակության կազմում են լինում նաև պետական կառույցների ներկայացուցիչները, ինչը, ինչպես հաճախ նշում են տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները՝ այլ կերպ է ընդունվում:

Բացի այդ, դա ասես ընկալելի է դարձնում տվյալ երկրի կողմից տեխնոլոգիական ոլորտի կարևորումը: Հայաստանն, արդեն 10 տարուց ավելի է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է տնտեսության առաջնահերթ ուղղություններից մեկը: Մինչդեռ շատ երկրներ, որտեղ նման հայտարարություններ չեն արվել, իրենց տաղավարներում մասնավոր ընկերությունների կողքին ներկայացել էին նաև պետական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կարդացեք նաև

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանը՝ ընդգծելով, որ այդ ամենն ընկճել է Հայաստանի մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին, ինչը նաև բացասական ազդեցություն է ունենում հետագա համագործակցության և պայմանավորվածությունների ձեռքբերման առումով:

«Մարդիկ տեսում են, որ, օրինակ` Ինդոնեզիայի էկոնոմիկայի նախարարությունը, Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը կանգնած են իրենց ընկերությունների կողքին, իսկ մեզ մոտ՝ չնայած ոլորտը առաջնահերթ է հայտարարված, սակայն մենք այդ աջակցությունն իրականում մեր թիկունքին չենք զգում»,- ասաց Վ. Հովսեփյանը:

Ըստ նրա՝ պետական կառույցները մեծ խանդավառությամբ են խոսում նմանատիպ ցուցահանդեսներին մեր մասնակցության կարևորության մասին և անգամ ներառում են իրենց նպատակային ծրագրերում, սակայն, ցավոք, պետությունն իրենց կողքին չի կանգնում: «Խոսքն այստեղ ոչ թե ֆինանսական աջակցությանն է վերաբերում, այլ մեր կողքին կանգնելուն` որպես պետական հիմնարկ, սակայն պետությունը դա չի անում»,- ասաց Վ. Հովսեփյանը` նշելով, որ իրականում այդ ամենն անպայման ունենում է իր տեսանելի դրական ազդեցությունը:

LimeTech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը` պատասխանելով մեր հարցին, թե որքանո՞վ է պետական կառույցների ներկայացուցիչների բացակայությունն ազդում խոշոր ցուցահանդեսին ներկայանալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում՝ ասաց.

«Ես որպես գործարար կպատասխանեմ: Կարծում եմ, որ մենք` գործարարներս, պետք է հասնենք այն մակարդակին, որպեսզի կարողանանք ինքնուրույն ներկայանալ նմանատիպ միջոցառումներին: Այսինքն` որոշակի ներդրում կատարել և ստանալ այդ ներդրման արդյունքում ստացված եկամուտը, սակայն, ելնելով նրանից, որ մեր երկիրն ունի իր յուրահատուկ աշխարհագրական դիրքը և փոքր տնտեսություն, որը դեռ զարգացման փուլում է, կարծում եմ, որ պետական աջակցությունն այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք բոլորս կարողանանք այս փոքր շուկայից դուրս գալ դեպի ավելի մեծ շուկաներ»։ Նա նշեց, որ այդ աջակցության արդյունքում խոշորացնելով իրենց ընկերությունները` իրենք կկարողանան նաև եկամուտներ ապահովել պետության համար:

«Այս փուլում պետական աջակցությունը շատ կարևոր է, քանի որ շատ քիչ ընկերություններ կան, որոնք կարող են ինքնուրույն նման ցուցահանդեսներին ներկայանալ: Բացի այդ, այդտեղ կարևոր է ոչ միայն պարզապես ներկայանալը, այլև որակյալ և պատշաճ ներկայանալու հարցը»,- ասաց Գ. Սաֆարյանը:

Locator ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանի խոսքով` նման ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նախևառաջ կարևոր է փորձառության ձեռքբերման տեսանկյունից: Բացի այդ՝ ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ կարելի է նոր կապեր հաստատել, որի արդյունքում նաև նոր համագործակցություններ կարող են ստեղծվել: «Նման ցուցահանդեսների ժամանակ բոլորը բաց են:

Օրինակ, եթե հայ մասնագետները գնան ԱՄՆ և որոշեն մտնել Google-ի գրասենյակ, նրանց ուղղակի ներս չեն թողնի այնտեղ, մինչդեռ նման ցուցահանդեսներում այդ ընկերությունները շատ բաց են զրուցելու համար: Ուստի այդտեղ կարելի է քննարկել ցանկացած հարց, փոխանակել կոնտակտային տվյալներ` հետագայում համագործակցելու համար»,- ասաց Վ. Սոֆյանը` միաժամանակ նշելով, որ դեռևս չի կարող խոսել ցուցահանդեսի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, քանի որ դեռևս որևէ պայմանագիր ստորագրված չէ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանն էլ նշեց, որ իրականում նման ցուցահանդեսներից հետո որևէ շոշափելի արդյունք անմիջապես չի կարելի ակնկալել: Սակայն, ըստ նրա` պետությունը, ինչպես նաև դոնոր կազմակերպությունները ցանկանում են միանգամից տեսնել այդ շոշափելի արդյունքը, այնինչ որևէ արդյունք արձանագրելու համար, ըստ Վ. Հովսեփյանի` առնվազն մի քանի ամիս ժամանակ է անհրաժեշտ:

Տեղեկացնենք, որ CeBIT ցուցահանդեսը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և արտադրանքներ ներկայացնելու միջազգային հարթակ է: CeBIT-ի հարկի տակ 70 երկրներից ավելի քան 4000 ընկերություն է ներկայանում, իսկ այցելուների թիվն անցնում է 310.000-ից` աշխարհի շուրջ 110 երկրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս