ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան կայացավ (տեսանյութ)
«Դուք շնորհավորել եք կեղծ նախագահին»: Այս և նման տիպի կոչերով մի քանի ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև: Ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը նշեց, որ ակցիայի մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում՝ ընտրությունների արդյունքների հետ կապված. «Բոլորիս աչքի առջև տեղի է ունեցել կեղծված ընտրություն ՀՀ-ում, և արդեն երկրորդ անգամ նույն մարդն ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ, և այս կոնտեքստում մեզ համար հիասթափեցուցիչ և զարմանալի է այն բոլոր դեմոկրատական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահների, պետքարտուղարների պաշտոնական ուղերձները՝ ուղղված Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ բազմիցս բարձրաձայնվել են բոլոր ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ»:
Զառա Հովհաննիսյանն իր վրդովմունքը հայտնեց՝ նաև երկրի սահմանադրական կարգի խախտման հետ կապված. «Երկրում ընտրություններն ավարտվում են այն ժամանակահատվածում, երբ Սահմանադրական դատարանն իր որոշումը հռչակում է, իսկ եթե չկան ընտրախախտումների հետ կապված բողոքներ, ապա ընտրություններն ավարտված են համարվում այդ բողոքարկման ավարտից հետո միայն, իսկ այս բոլոր շնորհավորական ուղերձները հնչել են այդ ժամանակից առաջ, այսինքն՝ խախտվել է նաև երկրի սահմանադրական կարգը, և դա մեզ համար երկրի կայացման, ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն է»:
Ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը նշեց, որ ժողովրդավարությունը սկսվում է ընտրություններից, և, եթե երկրում չկա ընտրությունների ինստիտուտ, ապա ժողովրդավարության մասին խոսել չի կարելի. «Գերտերությունները պետք է ունենան իրենց սեփական դիրքորոշումը, կարծիքը, որը պետք է բխի հասարակության, ժողովրդի կարծիքից: Ի՞նչ է, Դուք չունե՞ք Ձեր մեխանիզմները`հասկանալու իրավիճակը, Դուք չե՞ք տիրապետում իրավիճակին: Դուք շատ լավ գիտեք այդ ամենը»:
«Վերջնաժամկետը չլրացած, բազմաթիվ դեսպանատներ շտապեցին շնորհավորել կեղծ ընտրություններում ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյանին, որը, մեր դիրքորոշմամբ՝ անթույլատրելի է: Սա վնասում է ժողովրդավարության կայացման գործընթացին Հայաստանում»,- ասաց ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:
Հարցին՝ որքանով են նման ակցիաներն արդյունավետ, Ռուզաննա Գրիգորյանը պատասխանեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության շենքի դիմաց կազմակերպված ակցիայից հետո առաքելությունը հրապարակեց իր միջանկյալ զեկույցը, որը շատ ավելի օբյեկտիվ է:
«Դեսպանատներն իրենց այս կեցվածքով լեգիտիմացնում են ներկայիս գործող համակարգը և կիրառում են երկակի ստանդարտներ, քանի որ իրենք այս տարածաշրջանում, երկրներում ունեն իրենց շահերը: Եթե մենք վերցնենք միայն հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող իրավիճակը, մենք կարող ենք փաստել, որ մեր երկրի ընդերքը շահագործվում է իմպերիալիստական աշխարհի, զարգացած երկրների կողմից: Այդ երկրները, բնականաբար, ունեն իրենց օրակարգերը և ունեն իրենց շահերը, իսկ քաղաքացու կեցվածքը և դիրքորոշումը պարտավոր է ցույց տալ, որ մենք ենք իշխանության կրողը, մենք ինքնիշխան ենք և ինքնուրույն ենք՝ մեր երկրի ներքին հարցերը լուծելու հարցում»:
Ակցիայի մասնակիցներն իրենց դիրքորոշումն արտահայտող նամակը հանձնեցին դեսպանատան ներկայացուցչին: