
Թուրքիան ՇՀԿ-ն լրջորեն դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք. Էրդողան

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ՇՀԿ-ն լրջորեն դիտարկում է որպես ԵՄ-ին անդամակցելու այլընտրանք: Այս մասին երեկ երեկոյան Kanal 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան ներկայումս փնտրում է այլընտրանքային ուղիներ, քանի որ ԵՄ-ին անդամակցելու հույսերը խաթարվել են ԵՄ-ի անդամ մի շարք երկրների ցուցաբերած հակազդեցության պատճառով:
Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ է վարում 2005 թվականից, սակայն այդ հարցը դեռ բաց է մնում, հիմնականում նրա համար, որ ԵՄ-ի անդամներ Գերմանիան ու Ֆրանսիան դեմ են հանդես գալիս նրա անդամակցությանը: Թուրքիան 2012 թվականի հունիսի 7-ին ստացել է ՇՀԿ-ի գործընկեր երկրի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվել է 1999 թվականի դեկտեմբերի 10-ին Հելսինկիում տեղի ունեցած ԵԽ-ի գագաթնաժողովում: 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:
Այդ օրը ԵՄ անդամ երկրները Լյուքսեմբուրգում երկարատև քննարկումներից հետո ընդունեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու որոշում: Այդ ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար (ներկայումս Թուրքիայի 11-րդ նախագահ) Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը։