«Ես համարում եմ, որ Վարդան Սեդրակյանը հոգեպես առողջ մարդ է». նախագահի թեկնածուների կերպարներն՝ ըստ հոգեբանի

ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մարդկանց հոգեբանության մեջ ընկալվում է որպես կամային և ֆունկցիոնալ մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հոգեբան Իզաբելլա Ղազարյանը:

«ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին միշտ ներկայացրել են որպես մարդ-համակարգ և մարդ-ֆունկցիա: Նրա մեջ շատ շեշտվում է կամային հատկանիշը: Եթե խոսենք Հրանտ Բագրատյանի մասին, ապա հիմա շեշտը փորձում են դնել նրա ինտելեկտուալ հնարավորությունների վրա: Նշվում է նրա դոկտորական աստիճանը, տեսությունները, այսինքն՝ նրան ներկայացնում են որպես ինտելեկտուալ մարդ, ով երկիրը դուրս կհանի դժվար վիճակից»,- ասաց հոգեբանը:

Ըստ նրա՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ավելի շատ բարոյական, էթիկական արժեքներ կրող թեկնածուներ են: Րաֆֆի Հովհաննիսյանի իմիջում ավելի շատ շեշտվում է հերոսի, ազնիվ, արդար մարդու կերպարը:

Հոգեբանի խոսքով՝ մյուս թեկնածուներն ավելի շատ հոգեբանական ֆոն են ստեղծում: Նանց իմիջը, Իզաբելլա Ղազարյանի խոսքով՝ դեռևս չի ձևավորվել:

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանն, ըստ հոգեբանի՝ ավելի կայուն տպավորություն է ստեղծում, էմոցիոնալ են Րաֆֆի Հհովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը: Հրանտ Բագրատյանը փորձում է հավասարակշռությունը պահել. «Չեմ կարծում, որ իր մոտ դա հրաշալի ստացվում է»:

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին խոսելով՝ հոգեբանը նշեց, որ նրա մոտ շատ էմոցիաներ չի տեսել, բայց վերջինս ճիշտ է վարվել և իրեն ճանաչել է տվել որպես էպոսագետ. «Նա ունի օրիգինալություն: Նա քաղաքական դաշտը դիտարկում է էպոսի հերոսների տեսանկյունից, որը եթե ոչ հետաքրքիր, ապա գոնե զվարճալի է»:

Անդրադառնալով էպոսագետի այն դիտարկմանը, թե Աստված է իրեն ասել, որ հենց ինքն է նախագահ դառնալու, հոգեբանը նշեց. «Ես համարում եմ, որ Վարդան Սեդրակյանը հոգեպես առողջ մարդ է, բայց քանի որ մեր ժողովուրդը առաքելական եկեղեցու արժեքները բարձր է դասում, եթե Աստծո անուն ես տալիս, մարդիկ ավելի շատ են քեզ հավատում»:

Իզաբելլա Ղազարյանի խոսքով՝ նախագահական ընտրություններում երեք հիմնական խաղացողները կլինեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը: Ըստ հոգեբանի՝ այս երեքն էլ հոգեբանական տեսանկյունից շանս ունեն արդյունավետ ղեկավարներ լինելու.

«Սերժ Սարգսյանն ավելի հակված է ավտորիտար տիպի, դեմոկրատ տիպը Րաֆֆի Հովհաննիսյանն է, Պարույր Հայրկյանը: Հրանտ Բագրատյանի մասին չեմ կարող ասել, բայց ինձ թվում է՝ ինքն իր մեջ ունի ավտորիատր գծեր, որոնք շատ զսպվում են, միգուցե որովհետև այն կերպարը, որում նա հանդես է գալիս, չի ենթադրում ավտորիտարություն: Կամային առումով ամենաթույլը Արամ Հարությունյանն է: Րաֆֆի Հովհաննիսյանին փորձում են որպես հերոս ներկայացնել, հատկապես Բաքվում ելույթների ժամանակ, բայց ի սկզբանե այդպես չի երևում»:

Հոգեբան Իզաբելլա Ղազարյանը նաև ասաց, որ հասարակությանը լավ մանիպուլացնել ոչ մի թեկնածուի մոտ չի ստացվում: Վարդան Սեդրակյանին, ըստ հոգեբանի, հաջողվում է մարդկանց մոտ որոշակի հույզեր առաջացնել: Ըստ նրա՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ևս զարգանում է քաղաքական գործիչների հոգեբանական կերպարներ կերտելու ուղղությունը: Հոգեբանի խոսքով՝ ընտրությունների ընթացքում հայ քաղաքական գործիչների իմիջի ձևավորման վրա աշխատում են արտասահամանից եկած մասնագետներ:

Տեսանյութեր

Լրահոս