Շուրջ 10.000 պահնորդների սպառնում է գործազրկություն
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծված չեն։ Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, և նշված գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա։
Այդ առիթով Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«Այստեղ առկա է հակասություն. Օրենքն ուժի մեջ է մտնում մեկ ամսից, սակայն դեռ չեն ստեղծվել լիցենզավորող հանձնաժողովներ, որոնց եզրակացությունների հիման վրա պետք է տրվեն բարդ ընթացակարգով լիցենզիաները, ինչպես նաև հաստատված չեն լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումն, որակավորումն ու վերապատրաստումն իրականացնում են համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները։ Սակայն մինչ օրս չկա լիցենզավորված որևէ ուսումնական հաստատություն, որն իրավունք ունի տալու այդպիսի վկայագիր։ ԿԳՆ-ի հաստատված մասնագիտությունների ցանկում չկան «պահնորդ» և «թիկնապահ» մասնագիտությունները։
Հետևաբար, որպեսզի մասնավոր պահնորդական կազմակերպությունների պահնորդները ստանան որակավորում, անցնեն որակավորման ստուգում ոստիկանությունում և ստանան փաստաթուղթ, ապա պետք է հաստատվեն նշված մասնագիտությունները, պետական կրթական չափորոշիչները, այնուհետև լիցենզավորվեն ուսումնական հաստատությունները, որտեղ պահնորդներն ըստ նախագծի ուսուցում պետք է անցնեն նվազագույնը 4 ամիս, իսկ թիկնապահները` նվազագույնը 1 տարի։
Պահնորդները և թիկնապահները Ոստիկանությունում պետք է անցնեն նաև որակավորման ստուգում և ստանան համապատասխան փաստաթուղթ։ Պահնորդների և թիկնապահների որակավորման ստուգման համար ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատվի թիկնապահների և պահնորդների որակավորման ստուգման կարգը, որի հիման վրա պետք է հաստատվեն որակավորման հանձնաժողովների կազմավորման կարգը և կանոնադրությունը, այնուհետև կազմավորված հանձնաժողովը պետք է կազմի և հրապարակի որակավորման ստուգման հարցաշարերը ստուգման օրվանից ոչ ուշ քան 6 ամիս առաջ։ Այսինքն՝ առաջիկա մի քանի ամիսներին մենք չենք կարող ունենալ պահնորդ կամ թիկնապահ աշխատելու իրավունք ունեցող անձինք։
Օրենքում հստակ տարանջատված չէ «պահնորդ» և «թիկնապահ» հասկացությունները։ Դրանք տարբեր ոլորտներ են և պետք է կանոնակարգվեն տարբեր օրենքներով։ Թիկնապահական ինստիտուտի նկատմամբ ցանկացած օրենսդրական խստացում արդարացված է։ Նույնը չի կարելի ասել պահնորդի մասին, որը հասարակ պահակն է, և նրանց համար նախատեսված 4-ամսյա դասընթացների ժամկետը բավականին երկար է։ Այսօրվա սոցիալական ծանր պայմաններում ոչ մի պահնորդ չի կարող 4 ամիս չաշխատել և գնալ դասընթացների, որից հետո անցնի որակավորման ստուգում։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքն առնչվում է հանրապետությունում պահնորդական ծառայություններ մատուցող տասնյակ կազմակերպություններին և շուրջ 10 հազար աշխատակիցներին։ Օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում հունվարի 1-ից այդ կազմակերպությունները կկանգնեն լուծարման եզրին, իսկ շուրջ 10 հազար քաղաքացիներ կհամալրեն գործազուրկների բանակը։
Հաշվի առնելով, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը կիրարկելու համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ՝ Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ, թիկնապահներ ուսուցանող կազմակերպությունների միությունը պահանջում է կատարել օրենքի 35-րդ հոդվածի փոփոխություն՝ սահմանելով օրենքի ուժի մեջ մտնելու նոր՝ իրատեսական ժամկետ և սահմանային դրույթներ, քանի որ 09.02.2012թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բոլոր պահնորդական կազմակերպությունները լիցենզիա չունենալու դեպքում կենթարկվեն վարչական տույժի և վարչական տույժի կենթարկվեն նաև այն կազմակերպությունները, որոնց պահնորդական ծառայություններ է մատուցվում։
Ուստի Օրենքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ կամ ընդունել այն նոր խմբագրությամբ՝ դրույթները քննարկելով ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ»: