Զզվելի և հանճարեղ «խեցգետնի արևադարձը»

Աշխարհում լավ գրքեր հաճախ չեն գրվում, սակայն լավ գրքերը հաճախ թարգմանվում են: Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով լույս է տեսել ամերիկացի գրող Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» վեպը: Միլերի այս գործի գրախոսությունները շատ են և իրարամերժ: Այդուհանդերձ, դրանք մեկ նախադասությամբ ի մի բերելիս` ստացվում է այս բնութագրումը. «Խեցգետնի արևադարձը» զզվելի, հակաբարոյական, սակայն հանճարեղ գործ է:

– Ձեր գրասեղանին թարգմանության ենթակա այլ գործեր ունեք, բայց առաջնությունը տվեցիք Միլերի «Խեցգետնի արևադարձին»: Ինչո՞ւ անհրաժեշտ համարեցիք նախևառաջ թարգմանել ա՛յս վեպը:

– «Անտարես» հրատարակչությունը նախատեսել է մատենաշար` «Արգելված գրքեր», և, ըստ այդմ էլ, պետք է ներկայացնի գրական այն գործերը, որոնք տարբեր ժամանակաշրջաններում հետապնդվել են, ենթարկվել տարատեսակ հալածանքների, դատավարությունների, ընդ որում` տարբեր նկատառումներով` քաղաքական, գաղափարական, սեքսուալ և այլն:

Այդ մատենաշարի առաջին գիրքը դարձավ Միլերի «Խեցգետնի արևադարձը»: Մի անգամ ընկերս` արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը, առաջարկեց հրատարակչություն բացել և տպագրել այն գրքերը, որոնք մինչ օրս հայերեն թարգմանված չեն, բայց կուզեինք, որ թարգմանվեին (իսկ հայերեն թարգմանական գրականությունը շատ թերի է, հատկապես, երբ խոսքը 20-րդ դարի գրականությանն է վերաբերում):

Երկար փնտրտուքից հետո ընտրեցինք Միլերի այս գործը: Նաև` գնայնության առումով. թեև գիրքն առաջին անգամ տպագրվել է 1934-ին, բայց առայսօր սկանդալային գործի համարում ունի: 34-ից մինչև 60-ականները «Խեցգետնի արևադարձն» արգելված էր գրողի հայրենիքում` ԱՄՆ-ում: Միայն 64-ին, դատավարություններից հետո, պաշտոնապես թույլատրվեց վեպի տպագրությունը:

– Եթե այս գրքին նախապատվությունը տալով` նախևառաջ նկատի եք առել գնայնությունը, ապա, թերևս, ավելի շահութաբեր կլիներ զբաղվել մարքիզ դը Սադի թարգմանությամբ:

– Մի ժամանակ ունեի մարքիզ դը Սադ թարգմանելու գայթակղությունը, բայց դա շատ ծանր աշխատանք է: Գուցե երբևէ ձեռնարկեմ: Հետագայում: Հիմա այլ ծրագրեր ունեմ: Իսկ Միլերը մի գնդակով երկու նապաստակ սպանելու տիպիկ օրինակ է: Ե՛վ բարձրարժեք գրականություն է, և՛ գնայուն. երկու առումով էլ կարող է իրեն արդարացնել, թեև Հայաստանում ընթերցանության բում առայժմ բնավ չի նկատվում:

– Այս գործում մեծ է ցինիզմի և հուսահատության կոնցենտրացիան: Ինչ արժե միայն այս միտքը. «Մենք պետք է համաքայլ շարժվենք, մեկտեղ ընթանանք դեպի մահվան բանտը: Փախչելու հնար չկա»: Դուք և՞ս հակված եք այդ մտքին, որ փախչելու հնար չկա, որ կյանքը չի տալիս մահից խուսափելու ալտերնատիվ:

– Ես Միլերին` որպես գրողի, վերապահումով էի ընկալում, քանի դեռ չէի ձեռնարկել թարգմանությունը: Բայց թարգմանելու ընթացքում մեր հարաբերություններն աստիճանաբար ջերմացան: Նրան, ի վերջո, շատ բարձր դասեցի (թեև հիմա էլ չէի ասի, թե իմ ամենասիրած գրողների թվում է): Միլերի էքզիստենցիալ կենսազգացողությանը շատ դեպքերում համամիտ եմ և կարծում եմ` հենց դա է գրքին տալիս այն շերտը, առանց որի այս վեպը կնմանվեր իրո՛ք սկանդալային լուսապսակով պարուրված մի գործի, որն ավելի շատ պատմում է հեղինակի էրոտիկ զգացողությունների կամ սեքսուալ արկածախնդրության մասին:

Մինչդեռ խոսքը տրագիֆարսի ոճով ստեղծված մի գործի մասին է, որտեղ տրագիզմի շերտն էական է: Ըստ էության, խոսքը հուսաբեկ, բարոյալքված մարդու ստեղծագործության մասին է, որը տեսնում է շրջակա աշխարհի ամբողջ անկատարությունը, անարդարությունը, և բաց նյարդերով է ընդունում այդ ամենը: Միլերի այս երկատվածությունը, տրագիֆարսային հնչեղությունը հոգեհարազատ են և բնորոշ ժամանակակից մարդուն:

Իմ կարծիքով` Միլերն այսօր էլ շատ արդիական հեղինակ է` ի տարբերություն դասականի համբավ ունեցող այն գրողների, որոնց տեքստերն արդեն մեռած են:

– Համացանցում այս գիրքը կա թե՛ պոռնոգրաֆիկ գրականության ցանկում, թե՛ փիլիսոփայական: Չե՞ք կարծում, որ երկու դեպքում էլ գնահատականը կատեգորիկ է:

– Միլերին պոռնկագիր համարելը ծիծաղելի է, և, իմիջիայլոց, նրան առանձնահատուկ ֆարսային իրավիճակ է հիշեցնում: Երկու գնահատականն էլ տուրք են տալիս հիպերբոլիզմին, բայց բանն այն է, որ Միլերին, իսկապես, հաջողվել է իր գրքում ի մի բերել երկու նման ծայրաբևեռներ: Հանձին Միլերի` մենք, ըստ էության, գործ ունենք մի հեղինակի անձի մեջ մեկտեղված մի քանի գրողի հետ, որոնցից յուրաքանչյուրն իր թեմատիկ շերտերն ու ոճն ունի:

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի դա` Միլերը ձգտել է պատկերել ժամանակակից մարդու հակասականությունը, մարդ, որն ամեն պահի կարող է և՛ վսեմ լինել, և՛ նսեմ: Իմ ընկալմամբ` սա շատ արժեքավոր հատկանիշ է: Միլերի վեպը, բարձրակարգ գրականության նմուշ լինելով հանդերձ, տուրք է տալիս և՛ կենցաղային իրավիճակներին, այսպես կոչված, կյանքի պրոզային, և՛ էրոտիկ, բուլվարային վեպին բնորոշ հատկանիշներին: Եվ այս ամենը ներկայացված է խիստ յուրօրինակ միլերյան շաղախով: Իմ` որպես թարգմանչի խնդիրն է եղել, առաջին հերթին, ամեն կերպ պահպանել այդ աշխարհայացքային, ոճական ու լեզվական յուրօրինակությունը և հայ ընթերցողին փոխանցել այնպես, ինչպես, եթե Միլերը հայագիր հեղինակ լիներ:

– Թարգմանությունը, պետք է նկատեմ, բարձրակարգ է, և տպավորությունն, իրոք, այնպիսին է, թե գիրքը գրված է եղել հայերենով: Գիրքն ընթերցելիս փորձում էի ինքս ինձ համոզել, թե հատկապես հետաքրքիրը հերոսի փիլիսոփայական մտորումներն են, և որ Միլերն էլ շեշտը դրել է հենց դրանց վրա: Սակայն դա ինքնախաբեություն էր: Ի վերջո, ամոթխածությունը կամ բարեպաշտությունն ամենևին երկու սեռի փոխհարաբերությունից շիկնելը չէ: Այն, ինչ կա այս գրքում, հորինվածք չէ, և բոլորի կյանքում, այս կամ այն չափաբաժնով, ներկա է: Ըստ այդմ` Ձեր կարծիքով կա՞ սահման, որով հնարավոր է չափել` ստեղծագործությունը պե՞տք է դասել արգելված գրականության շարքին:

– Միլերի գիրքը, ինչպես արդեն նշվեց, տասնամյակներ շարունակ արգելված էր, և, ի վերջո, արդարությունը հաղթանակեց. գիրքն ազատվեց արգելված լինելու խարանից: Այս վեպն աշխարհում երբևէ գրված ամենաանկեղծ գրքերից մեկն է. հեղինակն ամենևին չի ձգտել հանդես գալ բարեպաշտի լուսապսակով, երևալ ավելի լավը, քան կա իրականում: Հակառակը, ի դեմ գրքի հերոսի՝ նա իրեն պատկերել է այնպես, ինչպես կա, նույնիսկ ավելի վատը, քան նրան ներկայացնում են իր ժամանակակիցները:

Ընթերցողին մնում է ընդունել այդ հերոսին կամ չընդունել: Ես չեմ ակնկալում, որ ցանկացած մեկը, ով որ կարդա «Խեցգետնի արևադարձը», անպայման հիացմունքով կլցվի Միլերի անձի և նրա ստեղծագործության հանդեպ: Անկասկած, կլինեն մարդիկ, ում այդ ամենը դուր չի գա, մանավանդ որ, մեր իրականության մեջ կեղծ բարեպաշտությունը շատ ճոխ ծաղիկներ է տվել: Ոմանք դա նույնիսկ համարում են հայկական մենթալիտետի առանձնահատկությունը:

– Ավելի շուտ` հմայքը:

– Ամեն դեպքում` շատերը մեզնից մտածում են մի բան, արտահայտվում կամ ցույց են տալիս այլ բան, այսինքն` ցուցափեղկում մի՛ բան է, խոհանոցում` բոլորովին այլ: Միլերը հաղթահարել է երկփեղկվածությունը, կեղծիքը, կապանքներն ու տաբուները: Կարծում եմ` մեզ էլ դա բնավ չէր խանգարի: Ավելի՛ն, Միլերը կարող է օգնել, որպեսզի ազատվենք երկատվածությունից, որ բերում են կեղծ ամոթխածությունն ու կեղծ բարեպաշտությունը, այն ամենից, ինչը խանգարում է բնական ու ներդաշնակ մարդ լինելուն:

Միլերի օրինակով երևում է, որ սկզբում դա գուցեև անվայել, անպատշաճ, անգամ սարսափելի թվա, բայց, ավելի շուտ, կարող է թերապիալ լինել, քան աղետ: Եվ ես Միլերին, ամենից առաջ, հարգում եմ նրա անվերապահ, ծայրահեղ անկեղծության համար:

– Գրքում հետաքրքիր մի տեսարան կա. հերոսուհիներից մեկը` թեթևաբարո մի աղջիկ, ինտիմ գործողության ժամանակ, այնպես, իմիջիայլոց, բացականչում է. «Աստված իմ, մեղա, մեղա»գ Վեպում Միլերի վերաբերմունքը Աստծո հանդեպ շատ հետաքրքիր է ներկայացված:

– Միլերն ամեն տեսակ հակասությունների կծիկ է: Նա հակասական վերաբերմունք ունի նաև բուն հավատի, հավատացյալ մարդու հանդեպ: Եվ նրա հարաբերություններն էլ Աստծո հետ շատ խճողված են ու բարդ: Բայց իրական կյանքում Միլերը շատ ավելի խաղաղ, բարի և, բուն իմաստով, բարոյական մարդ էր: Նա մինչև կյանքի վերջը արտակարգ կարեկից ու սիրալիր էր իր ընկերների, բարեկամների, կրտսեր գրչակիցների հանդեպ, օգնում էր բոլորին:

Այդ առումով շատ հավատացյալներ կարող են նրանից օրինակ առնել, եթե խոսքը «Սիրիր մերձավորիդ» պատվիրանը կատարելու մասին է: Բայց անձնական կյանքում Միլերը խստաբարոյության տիպար չէր: Հինգ անգամ ամուսնացել է ու բազմաթիվ սիրային կապեր ունեցել: Թեև, պիտի ասեմ, որ, ինչպես Անայիս Նինը՝ նրա սիրուհին է վկայել, Միլերն իրականում կնամեծար, նույնիսկ կանանցից կախված, ավելի շատ` զոհի կերպարանքով մարդ էր: Մինչդեռ վեպում նրա հերոսը, որին ընդունված է իր երկվորյակը համարել, հանդես է գալիս բիրտ մաչոյի կերպարանքով, առնական, սեքսիստական շովինիզմով ներծծված տղամարդ է, ով աչքի է ընկնում կանանց նկատմամբ ունեցած իր սպառողական, արհամարհական վերաբերմունքով:

– Հետաքրքիր միտք ունի Միլերը. «Երբ երկար ես դիտում կնոջ մերկ մարմինը, այդուհանդերձ, ցանկություն է առաջանում կենտրոնանալ նրա դեմքի վրա»:

– Վեպում սեքսուալ նկարագրությունների կամ արկածների կողքին` ամենակարևոր սյուժետային գծերից մեկը հերոսի և նրա կնոջ հարաբերություններն են: Այդ առումով` «Խեցգետնի արևադարձը» կարելի է համարել 20-րդ դարի ամենատպավորիչ սիրային պատմություններից մեկը, որտեղ սերը ներկայացված է իր բոլոր վայրիվերումներով` և՛ էքստազի հասնող հրճվանքով, և՛ տառապալից, հոգեմաշ ընթացքով: Հերոսի սեքսուալ արկածներն ավելի շուտ թելադրված են, ի վերջո, այն կնոջը գտնելու տենդագին մղումով, որին նա ոչ մի կերպ չի կարողանում հանդիպել:

Կամ էլ դա իր բացակա, իսկապես սիրած կնոջն ինչ-որ ձևով տեղակալելու ցանկությունն է` ի դեմս այլևայլ հասարակաց կանանց, որոնց հետ հարաբերություններն ավելի շատ մեխանիկական բնույթ ունեն: Նրանք, ովքեր Միլերի ստեղծագործությանը պոռնոգրաֆիկ բնույթ են վերագրում, նկատի չեն առնում, որ պոռնոգրաֆիայի խնդիրները միանգամայն այլ են: Այնինչ, Միլերի գործում սեռական ոլորտը, սեքսը կամ հեշտանքը ներկայացված են կա՛մ դրամատիկ, կա՛մ սարկաստիկ գույներով, ամենից հաճախ` պարպված բովանդակությամբ:

Միլերը ֆիքսել է այն, ինչ տեսել է իր ժամանակներում: Եվ այսօր էլ մենք ականատես ենք, որ սեքսը բավականաչափ իմաստազրկվել է, վերածվել զուտ ֆիզիոլոգիայի, բիոլոգիզմի, լիցքաթափվել հուզականությունից: Միլերի գործերում խոսքը, ավելի շուտ, լիարժեք սեքսի կամ էրոտիկ զգացողությունների, իսկական երանության հասնելու ապարդյուն ջանքերի մասին է: Հերոսը ճշմարիտ սիրո. կատարյալ կնոջ կամ, այլ կերպ ասած, մարդու հուզաշխարհի խաթարված ներդաշնակությունը վերականգնելու տենդագին որոնումների մեջ է:

Նրան բնորոշ է և էսթետիզմի սուր զգացումը: Վեպում շատ հատվածներ կան, որտեղ պատումը վերածվում է էսսեատիպ խոհափիլիսոփայական արձակի, և մենք, հիրավի, հաղորդակից ենք դառնում հերոսի` ողբերգական աշխարհընկալումով օժտված այդ մարդու իրական խոհերին: Իսկ մնացածն առօրյայի փրփուրն է, առանց որի կյանքն անխուսափելի է: Միլերը դեռ վեպի սկզբում նշում է, որ իր գրքում տեղ է տվել այն ամենին, ինչ մյուս գրողները բաց են թողնում: Եվ, իսկապես, նա հետևողականորեն ընդգրկել է այն ամենը, ինչ մյուսները հաճախ նպատակահարմար են համարում բաց թողնել:

Շարունակությունը` առաջիկայում:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս