
«Ի՞նչ է ուզում Աննա Հակոբյանը՝ քաղաքացիական պատերա՞զմ, նա պատերա՞զմ է հայտարարում բարբառային շեշտադրմամբ խոսող քաղաքացիներին». Նարինե Դիլբարյան

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ակտիվորեն գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով այն բոլոր քաղաքացիներին, որոնք իր հասցեին որևէ խոսք են հնչեցրել։ Նա իր գրառումները համեմում է վիրավորական բառերի մեծ շարանով՝ «ոջիլից, ապուշից» մինչև «էշ ու տխմար», «գեղցուց» մինչև «գեղցու ակցենտ»։
Աննա Հակոբյանն ասում է՝ որոշել է հետ չմնալ իրեն վիրավորող քաղաքացիներից, նրանց պատասխանել համարժեք բառերով, հայտարարելով, թե իրացնելու է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքը։
Երեկվա իր գրառմամբ Աննա Հակոբյանն անդրադարձել է օգտատերերից մեկի գրառմանը, թե «ԱՄՆ-ում 6 մլն գումարը ինչպես է հավաքվել, և ինչ եք արել», նույն օգտատիրոջը նա արձագանքել է հետևյալ գրառմամբ. «Այս հարցը իրենց հեռավոր գեղից իր գեղցու ակցենտով և տխմարի ինքնավստահությամբ ինձ ուղղում է ինչ-որ մեկը՝ անունն էլ չգիտեմ»։
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հայոց լեզվի պատմության» ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանին ապշեցրել է Աննա Հակոբյանի կողմից «գեղցի» և «գեղցու ակցենտ» բառերի կիրառումը, թեև ստուգաբանորեն, օրինակ, այլ բան է նշանակում «գյուղ» բառը. այն գյուղ բառի հնագույն տարբերակներից է, քանի որ գրաբարում այն գրվում էր «գեւղ», հետևաբար՝ այն որևէ վիրավորական իմաստ չուներ։ Հետագայում հնչյունափոխություն տեղի ունեցավ և դարձավ գյուղ։
«Տիկինն այս բառերն օգտագործել է իբր ցույց տալու տվյալ մարդու անկիրթ լինելը։ Ապշած եմ, որ «Կրթությունը նորաձև է» արշավի հեղինակը փաստորեն կարծում է՝ պետք է օգտագործել նման բառեր։ Ավելին՝ չխորանալով քաղաքացիների առաջ քաշած խնդիրների պատճառահետևանքային կապի մեջ, կառչում է նրանց բառերի առոգանությունից։
Եթե կառչում է մարդու առոգանությունից, ապա ասեմ, որ առոգանությունը բնորոշ է աշխարհագրական այն տարածքին, որտեղ մարդն ապրում է։ Բարբառային արտասանությունն առհասարակ «գեղցու ակցենտ» արտահայտության հետ կապ չունի։ Յուրաքանչյուր բարբառի ներկայացուցիչ և՛ ձայնավորները, և՛ բաղաձայններն արտաբերում է այնպես, ինչպես իր ծնված տարածքում է եղել։ Հետևաբար՝ այդ արտահայտությունն անհեթեթություն է։
Իրական բարբառակիր լինելը, բարբառների օգտագործումը ցույց է տալիս մարդու աշխարհագրական որոշակի տարածքին պատկանելը, սա կապ չունի ո՛չ մարդու կրթության, ո՛չ էլ դաստիարակության հետ։ Աննա Հակոբյանի կողմից օգտագործվող այդ արտահայտությունները բնորոշում են միայն արտաբերողին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ եթե Աննա Հակոբյանը գրասենյակ ունի, ապա նրան գոնե այնտեղ պետք է զգուշացնեն, որ հանրային խոսույթում նման արտահայտություններ օգտագործելով՝ չի կարող դեկոմպենսացվել։
«Եթե Աննա Հակոբյանին թվում է, որ քաղաքացիներին «գեղացի» ու «անկիրթ» անվանելով՝ ինքը բարձրանալու է, ասեմ՝ սխալվում է, որովհետև մարդու նախնական բնակավայրը գյուղն է եղել։ Ավելին՝ գիտականորեն գոյություն չունի «ակցենտ» արտահայտություն, փոխարենը՝ կա արտասանություն։
Աննա Հակոբյանին թվում է՝ ինքը կիրթ է, մնացածն՝ անկիրթ, և ինքն իրավունք ունի կառչելու մարդկանց խոսքի արտասանությունից։ Նվազագույն ժողովրդավարություն ունեցող ցանկացած երկրում, եթե հանրային դեմքն այդպես դիմեր իր քաղաքացիներին, ապա հանրային պարսավանքն ու մերժումը կլիներ բարձր մակարդակի։ Բայց հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է ուզում Աննա Հակոբյանը՝ քաղաքացիական պատերա՞զմ, նա պատերա՞զմ է հայտարարում բարբառային շեշտադրմամբ խոսող քաղաքացիներին՝ ասելով, որ նրանք անկիրթ են»,- շեշտեց Նարինե Դիլբարյանը։
Նա նաև հարց տվեց՝ Աննա Հակոբյանը մոռացե՞լ է, որ «Կրթվելը նորաձև է», թե՞ այլևս նորաձև չէ, ավելին՝ Աննա Հակոբյանն այսպես վիրավորում է նաև այն քաղաքացիներին, որոնք դժբախտություն են ունեցել ընտրելու իրենց։
Մեր զրուցակիցը վստահ է՝ հանրային պարսավանք է բարձրանալու, իսկ Աննա Հակոբյանը նման արտահայտություններ է իրեն թույլ տալիս ծայրահեղ հուսահատությունից՝ «երևի թե իրենց բոլոր հույսերն ու արշավները ի դերև են ելել»։
«Այս ամենը Աննա Հակոբյանը կշարունակի այնքան, քանի դեռ ունեն իշխանություն ու խոսափող, բայց սա էլ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի։
Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը ոսկեղենիկ հայերեն է, բայց երբ նա սկսեց խոսել «համբալների» մասին, Աննա Հակոբյանը խանդավառվեց, որոշեց, որ պետք է զարկ տա իր բառապաշարին։
Ի դեպ, հիշեցնեմ՝ իշխանության գալուց սկզբում ասում էին՝ «սիրում ենք ձեզ», «խոնարհվում ենք», «գրկում ենք», բայց ի՞նչ եղավ այդ սերը, այլևս սեր չկա՞, «սիրում եմ ձեզ»-ը դարձավ «ատում եմ ձեզ»։ Յուրաքանչյուր քաղաքացի թող կատարի իր եզրակացությունը։
Հասկանում եմ՝ քաղաքացիներն Աննա Հակոբյանին վատ բաներ են ասում, բայց ինչո՞ւ, եթե ինքը նույնկերպ է պատասխանում, ապա այդ ատելությունը կրկնապատկվում է։ Իրենց ապիկար իշխանության պատճառով հայրենիքի մեր մի մասը հանձնված է թշնամուն, որը հիմա հոշոտում ու ավերում է։
Հիշեցնեմ՝ ՀՀ առաջին նախագահի կնոջը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Երկրորդ նախագահի կնոջը՝ Բելլա Քոչարյանին, Երրորդ նախագահի կնոջը՝ լուսահոգի Ռիտա Սարգսյանին, նրանցից որևէ մեկը նման բան իրեն թույլ չի տվել, հիշեք, թե նրանց մասին ինչեր էին գրում, խոսում, բայց նրանք այս մակարդակի չէին, այսպես չէր, որ ցույց տային, թե՝ տեսեք, մենք կտրիճ ենք, մի բան ասեք՝ տասով կպատասխանենք»,- ընդգծեց Նարինե Դիլբարյանը։
Ինչևէ, Աննա Հակոբյանի ու քաղաքացիների վիրավորանքներով և ոչ պատշաճ բառապաշարով հեռավար «երկխոսությունը» շարունակվում է՝ հավանաբար այս ամենին լուռ հետևող քաղաքացիները սպասում են՝ հասկանալու, թե ո՞վ է ավելի «ուժեղ» և ո՞վ է վերջում կրելու «հաղթանակի դափնիները»։