
Շուրջ 100 մաֆիոզ է ձերբակալվել Իտալիայում խոշոր գործողության շրջանակներում

Իտալիայի ոստիկանությունը մայիսի 21-ին խոշոր գործողություն է անցկացրել կալաբրիական մաֆիայի՝ «Նդրանգետայի» դեմ՝ 14 նահանգում ձերբակալելով 97 մարդու։ Նրանք մեղադրվում են «Նդրանգետայի» կլանների հետ առնչություն ունենալու կամ նրանց հետ համագործակցելու մեջ։ Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը։
Նշվում է, որ ըստ իրավապահների՝ «Միլենիում» կոդային անվանմամբ գործողությունը ղեկավարում է Ռեջո դի Կալաբրիա նահանգի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը՝ Կալաբրիայի, Սիցիլիայի ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի, ինչպես նաև միջազգային ոստիկանական կառույցների մասնակցությամբ։ Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիոզ կազմակերպության մաս կազմելու, թմրանյութերի առևտրի, առևանգումների, քաղաքական գործիչների վրա ազդելու և անօրինական զենք պահելու մեջ։
Բացի այդ, հետաքննություն է սկսվել երկու ձեռնարկության նկատմամբ, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են փողերի լվացման և հանցավոր գործունեությանը ցուցաբերած լոգիստիկ աջակցության համար։
Գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ իտալական իրավապահ կառույցները բացահայտել են, որ Ռեջո դի Կալաբրիայի հիմնական մաֆիոզ ընտանիքները սերտորեն համագործակցել են թմրանյութերի առևտրի ոլորտում՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։