«Նիկոլ Փաշինյանը երբեք չի անդրադառնալու գերիների ու պատանդների խնդրին, հարցը նրա համար փակ է». Արմինե Ադիբեկյան

Մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով, որ Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կառավարության պաշտոնական կայքում այս հրապարակման վերաբերյալ միայն նշվել էր, որ հանդիպման ընթացքում երկու կողմերն անդրադարձ են կատարել խաղաղության պայմանագրին, քննարկել են դրա ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

Տիրանայից հրապարակված տեսանյութերից մեկում էլ Նիկոլ Փաշինյանը զրուցում էր  Էրդողանի հետ, հետո Ալիևին առաջարկում՝ «գնանք սուրճ խմենք»։

Նիկոլ Փաշինյանն այդ այցի ընթացքում նաև պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցերին՝ ևս մեկ անգամ ասելով, որ հարևաններից տարածքային պահանջներ չունեն։

Երեկ ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ի՞նչ է քննարկել Ալիևի հետ այդ շփման ընթացքում։ Սակայն իշխանական պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ, չգիտի՝ ինչ է քննարկվել։

Կարդացեք նաև

Արդյո՞ք Ալիևի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Բաքվում ապօրինի պահվող գերիների, պատանդների հարցը, որոնց շինծու դատավարությունն այս պահին ընթանում է Բաքվի ռազմական դատարանում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ որևէ հիշատակում չի արել գերիների, պատանդների մասին։

«Նիկոլ Փաշինյանը երբեք չի անդրադառնալու գերիների ու պատանդների խնդրին, այս հարցը նրա համար փակ է։ Նա այդ հարցը որպես պրոբլեմ չի դիտարկում, նա ընդամենը մեկ պրոբլեմ ունի՝ ապահովել ու սպասարկել Ադրբեջանի շահերը։ Գերիների հարցն իր այս ցանկի մեջ ներառված չէ, վերջ»,- 168.am հետ զրույցում նշեց Արմինե Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելուն, Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ այլ բան է, երբ ադրբեջանցի լրագրողի հարցին պատասխանում է հաղթանակած երկրի հաղթանակած ղեկավարը, այլ բան, երբ պատասխանում է պարտված ղեկավարը։

«Սա հարց է, որի վերաբերյալ տարբեր ընկալումներ կան, ինքս չեմ մտաբերում, որ նախկինում մեր հաղթանակած ու երկիր պահած ղեկավարները հարցազրույց տված լինեն ադրբեջանցի լրագրողին, գուցե եղել է, բայց ինքս այս պահին չեմ մտաբերում։ Բայց կրկնում եմ՝ բոլորովին այլ բան է երկիր պահող ու հաղթանակած ղեկավարի հարցազրույցն ադրբեջանցի լրագրողի հետ, այլ բան՝ պարտվածինը»,- ընդգծեց Արմինե Ադիբեկյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։

Հիշեցնենք նաև, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»:

Ադրբեջանը շինծու մեղադրանք է առաջադրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Նրանք բոլորն Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորվել ու տեղափոխվել են Բաքու 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների վրա, ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանեց արցախահայերին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեց, հակառակ պարագայում՝ կոտորելու էր խաղաղ բնակիչներին։

Տեսանյութեր

Լրահոս