Դե, եթե մենք ՔՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշներն ինչի՞ են պետք… ուշադիր, շատ ուշադիր հետևեք

Լրագրողները Սերժ Սարգսյանի կարծիքը հարցրեցին իմպիչմենտի գործընթացի և դրա վերաբերյալ ԱԺ «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ առկա պահանջի մասին՝ կապված ՔՊ-ականներից անհրաժեշտ ձայների ապահովման հետ, որքանո՞վ է սա հավանական:

«Եթե ես սատարում եմ, եթե մենք՝ իմ ընկերներով, իմ համախոհներով, սատարում ենք այդ շարժմանը, ապա այդ տարբերակը մենք չենք բացառում: Իսկ ո՞վ է երաշխավորել, որ չի լինելու դա: Դա ընդամենը ենթադրություն է, չէ՞, ասում են՝ գնացեք ՔՊ-ին համոզեք, հետո մենք էլ կգանք… Դե, եթե մենք ՔՊ-ին ամբողջովին համոզենք, էլ ուրիշներն ինչի՞ են պետք, չեմ հասկանում: Անհասկանալի է»,– նշեց Սերժ Սարգսյանը՝ լրագրողներին հորդորելով իրենց միջև առկա տարակարծությունները չսրել:

«Մարդիկ ասել են՝ գնացեք 8 ստորագրություն բերեք, մենք մեր 28-ը տալու ենք: Ես չեմ կարծում, որ իրենք իրենց խոսքից հրաժարվելու են: Ընթացքին հետևեք, ուշադիր հետևեք, ինչպես իմ ընկերներից մեկն է ասում՝ ուշադիր, շատ ուշադիր, ու հետո կտեսնեք դեպքերի ընթացքը… »,– շարունակեց ՀՀ երրորդ նախագահը:

Լրագրողներից մեկի արձագանքին, թե՝ թեկնածու կա, Էդմոն Մարուքյանը մեռավ ասելով՝ եկեք, միացեք, զանգել է Հայկ Մամիջանյանին, Սերժ Սարգսյանը հակադարձեց.

Կարդացեք նաև

«Ստիպում ես հարցնեմ՝ ե՞րբ է հուղարկավորությունը, ի՞նչ է նշանակում՝ մեռավ…»:

Լրագրողի պարզաբանմանը՝ նկատի ունեմ, որ Էդմոն Մարուքյանը ջանք է գործադրում, Սերժ Սարգսյանը կտրուկ պատասխանեց.

«Որքան ուզում է, թող գործադրի… Ես ասացի, որ մեր խմբակցությունը հայտարարություն է արել, խնդրում եմ, նայեք այդ հայտարարությունը և տեսեք՝ արդյո՞ք այն խոստանում է կամ կանխատեսում, կամ էլ ինչ-որ մեկին տալիս է հնարավորություն՝ մտածելու, որ եթե ինչ-որ մեկին առաջադրեն, խմբակցությունը սատարելու է: Նման բան չի եղել, չէ՞: Խմբակցությունն ասել է՝ քննարկելու ենք, քննարկել է և իր կարծիքը թեկնածուի մասին հայտնել է: Շատ պարզ պրոցես է: Ինձ մոտ գրած է, թե ինչ չափանիշ պիտի լինի: Մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին, կամ՝ սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, էս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել»,– ասաց Սերժ Սարգսյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը հասկացել է, որ սխալվել է, Սերժ Սարգսյանն արձագանքեց.

«Դե թող հանգիստ նստի, հո մենք իրեն չե՞նք տանում դատում: Մենք ասում ենք՝ դու չես կարող, մենք տեսել ենք քո գործելաոճը: Ուրիշ ի՞նչ են ասել էս մարդիկ»:

Հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանի թիմից լինի թեկնածուն, կաջակցե՞ք.

«Իհարկե, մենք հայտարարել ենք այդ մասին, որ կսատարենք, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը լինի այդ թեկնածուն: Ով ուզում է՝ գա: Այսինքն, դուք կասկածում եք, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է ավելի վատը լինել որպես կառավարիչ, քան էսօրվա կառավարի՞չը: Ես էդպիսի կարծիք չունեմ»:

Դրսի որևէ ուժ, առանց ներսի, որևէ բան անել չի կարող

Որևէ դրսի ուժ, առանց ներսի, որևէ բան անել չի կարող։ Այս մասին նշեց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում իշխանափոխության համատեքստում պե՞տք է ակնկալել դրսի ուժերի աջակցություն, թե՞ ոչ։

«Դրսի որևէ ուժ, առանց ներսի, որևէ բան անել չի կարող: Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, սակայն ես չեմ տեսնում այսօր այդ օժանդակությունը, էդ չափով, որ բավարար լինի: Բայց վստահ եմ՝ եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միանշանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, որոնք կսատարեն այդ շարժմանը: Ես դրանում չեմ կասկածում»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին

Լրագրողը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությանը, որ ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, ի՞նչ տողատակեր կան:

«Ես չեմ կարծում, որ Լավրովի այսօրվա ասածը դրոշի թափահարում է՝ ստարտը տված է, վազեք գնացեք: Ոչ, ես այդպես չեմ համարում: Ես այդ հայտարարությունը համարում եմ արդարացի: Բա եթե մեր դաշնակիցն է, բա եթե բանակցում էին եռակողմ ձևաչափով, իսկ մենք տարիներով ականատես ենք եղել այդ եռակողմ բանակցություններին, ու հետո գնում են՝ մեկ այլ հայտարարություն են անում… արդյո՞ք այդ բանակցության կողմերից մեկը չպետք է ասի՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում»:

Սերժ Սարգսյանը, իհարկե, հիշում է, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի հասցեին ասում էր՝ նա դավաճան չէ. «Ասում ԷԻՆ: Արդյո՞ք ես դա արդարացնում եմ: Չե՛մ արդարացնում»:

Ես հավակնություն չունեմ և ոչ էլ ցանկություն՝ գալու իշխանության։ Ես ասում եմ՝ ես չեմ լինելու

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ինքը՝ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը գան իշխանության, կարո՞ղ են հարցերը կարգավորել, այդ թվում՝ արցախցիների վերադարձի իրավունքի հետ կապված:

«Ես ո՛չ հավակնություն, ո՛չ էլ ցանկություն ունեմ: Այդ բառերը հայերենում տարբեր նշանակություն ունեն, և 2018-ին նաև դրանում էին ինձ ուզում մեղադրել՝ հայերենին վատ տիրապետելով: Ես ասում եմ՝ ես չեմ լինելու: Չեմ լինելու: Եթե որևէ մեկը գա իշխանության, որևէ քաղաքական ուժ, և տեսնեմ, որ այդ քաղաքական ուժն աշխատում է հօգուտ Հայաստանի, և եթե իրենք կարիքն ունենան իմ խորհուրդների, իմ կողմից խորհուրդներ ստանալու, ես ընդամենը կարող եմ խորհրդատուի դերով հանդես գալ՝ հաշվի առնելով իմ անցած ճանապարհը: Իսկ եթե ոչ, ապա, կարծում եմ, ժամանակն է՝ մի քիչ էլ ինձնով զբաղվեմ՝ հանգստով, և այլ պայմաններով»,– ասաց նա՝ չբացառելով ՀՀ-ում շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը:

Ես այսօր էլ պնդում եմ՝ Արցախի էջը փակված չէ

«Նույնիսկ անցյալ դարի 30-ականներին, 40-ականներին, ես չեմ ասում՝ անհատներին, որովհետև այդ ժամանակահատվածում էլ Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը դրանով երբեք չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է, և վերջ: Եթե լինեն անհատներ, քաղաքական ուժեր, ովքեր այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ՝ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր, նաև՝ Հայաստանից դուրս, և հնարավոր է լինելու այդ գաղափարն իրականություն դարձնել: Այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունն ասի՝ բոլոր արցախցիներին, ովքեր գան, աղուհացով են դիմավորելու, ես չեմ կարծում, որ մի քանի հարյուր մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի, ընտանիքի, վերաբերմունքի հարց կա: Այդ վերադարձն անպայման պիտի ամրապնդված լինի միջազգային դերակատարներով, ուրիշ կերպ հնարավոր չէ: Ես այսօր էլ պնդում եմ՝ Արցախի էջը փակված չէ»,- Արցախի և արցախցիների վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ բոլորը հոգնել են այսօրվա կառավարիչների թերություններն արձանագրելով:

Հարցին՝ գործող իշխանությունները միայն թերանո՞ւմ են իրենց աշխատանքում, թե՞ տեղի ունեցածը նաև դավաճանության հետևանք է, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, մեկ-մեկ ես էլ եմ այդ բառն օգտագործում սրանց հասցեին, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, փաստաթղթային ապացույցի ասել, որ սա 100%-ով այսպիսին է։

Տեսանյութեր

Լրահոս