
Օրը ցերեկով` կրոնական անհայտ ծես, ծափ ու ծնծղա․ քաղաքացին՝ հոգևորսության ու հանդուրժողականության արանքում

Քաղաքացիները վերջին շրջանում համացանցում պարբերաբար ահազանգում են ինչ-ինչ կրոնական կազմակերպությունների ակտիվացման մասին:
Oրերս հերթական տեսանյութն է տեղադրվել, որտեղ, ըստ ահազանգողի, հերթական աղանդի ներկայացուցիչը՝ «հովիվը», օրը ցերեկով ինչ-որ ծես, քարոզչություն էր անում հե՛նց Հանրապետության հրապարակում՝ Կառավարության քթի տակ, Հիսուսի մասին երգեր կատարում… Ըստ որոշ քաղաքացիների՝ «Կյանքի խոսքի» ներկայացուցիչներն էին:
Մեկ այլ դրվագում էլ՝ բրոշյուրների ստենդով տիկիններ էին մետրոյի հարևանությամբ հիշեցնում աստծո «կառավարության» մասին…
Դեռ նախորդ տարի 168․am-ի խմբագրություն էին ահազանգել քաղաքացիները՝ նշելով, որ Եղվարդում բացվել է «Եհովայի վկաներ» կազմակերպության հերթական կառույցը, և, որ կազմակերպության գլխավոր վարչությունը դիմել է տարբեր երկրների, որպեսզի կազմակերպեն այդ կազմակերպության միջազգային ֆորում, որին նախատեսված է եղել անցկացնել սեմինարներ ու դասընթացներ՝ աղանդի տարածման աշխատանքները կազմակերպելու նպատակով (միջոցառմանը բավական մեծ թվով մասնակցություն է նախատեսված եղել):
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 28-ին Եղվարդի տարածքում կառուցված այդ ահռելի մեծ չափերով կառույցի բացման արարողությանն անգամ Նիկոլ Փաշինյանը ներկա էր գտնվել ու իր ելույթում նշել, որ «Եհովայի վկաները» Հայաստանում հանգիստ կարող են իրենց գործունեությունը ծավալել, որևէ խոչընդոտ նրանք չեն ունենա, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցու կողմից։
168.am-ն այդ թեմայի առնչությամբ կապ էր հաստատել Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ՝ ճշտելու՝ տեղյա՞կ է, որ Եհովայի վկաները հերթական կառույցն են բացել Եղվարդում և հերթական կառույցի բացմանը մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ժամանակ Գերաշնորհ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ասել էր, որ տեղեկություններ չունի և չի կարող որևէ բան ասել՝ շեշտելով, որ կփորձի քահանաներից ու համայնքապետից ճշտել այդ ամենը։
Սրանք բարձրաձայնված դրվագներն են, դեռ անհայտ է թիվը, թե քանի շրջիկ խմբեր են մարզերում առաջարկում իրենց կրոնական ծառայությունները, և դեռ բաց է հարցը՝ որտե՞ղ է կրոնական հանդուրժողականության և հոգևորսության սահմանը։
Ստացվում է՝ մինչ օրենքը ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները պաշտպանում են այս կազմակերպությունների իրավունքները, քաղաքացիները մնում են անպաշտպան։ Ավելին՝ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դարավոր դերը վերջին տարիներին այս իշխանության թեթև ձեռամբ ու եկեղեցու հանդեպ արհամարհանքով փորձում է հավասարեցվել գործող մյուս կրոնական կառույցների դերին։
168․am-ը թեմայի առնչությամբ լսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի տեսակետը։
Արձանագրմանը, թե տարբեր շրջանակներ այս իրավիճակում մեղադրում են հենց Հայ Առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ պասիվության համար, Տեր Եսայի քահանա Արթենյանը հակադարձեց․
«Եկեղեցին ոչ մի օրինական գործիք ու գործառույթ չունի այդ երևույթը կանխելու․ հասարակական վայրերում մարդիկ ազատություն ունեն անելու այն, ինչը չի հակասում օրենքներին։ Այսինքն, եկեղեցուն այստեղ մեղադրելն անհիմն է»։
Հստակեցմանը, թե պետությա՞ն գործառույթն է՝ կանխել «հոգեորսությունը», հոգևորականն արձագանքեց նկատառմամբ, որ «հոգեորսություն» տերմինը, որպես այդպիսին, իրավականորեն գոյություն չունի, հստակ չի սահմանված։
«Այստեղ հենց այդ առումով ունենք օրենսդրական բաց,- հավելեց նա, ապա անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու պայքարի մեխանիզմներին, անելիքներին՝ շեշտեց,- Եկեղեցին իր քարոզն է իրականացնում՝ մարդկանց ճշմարտությունը մատուցելով, Աստծո խոսքը քարոզելով»։
Հարցին՝ այս օրերին բարդ չէ՞ արդյոք այդ աշխատանքն իրականացնել, երբ իշխանությունների կողմից անտեսվում, նսեմացվում է Հայ Առաքելական եկեղեցու դերը, անտեսվում են նրա պաշտոնյաները, նա պատասխանեց․
«Անկախ ամեն ինչից՝ Եկեղեցին իր առաքելությունն անշեղորեն կատարում է»։