Առանց Ռուսաստանի՝ Հայաստանն աշխարհաքաղաքական այս վիճակում կդառնա առոչինչ. Մարգարիտ Եսայան

ՀՀ-ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով.

«Թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2-ամյա ծրագրի մշակումը, որը, հույս ունեմ՝ այսօր կստորագրենք»։

Ավելի ուշ Լավրով-Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում և ըստ այդմ՝ այդ հարցի վերաբերյալ ոչ մի դատողություն չի կարող ներկայացնել:

168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը, խոսելով ՌԴ արտգործնախարարի այցի և դրա ակնկալիքների մասին, նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստան մտնելուց հետո առաջինն այցելեց Հաղթանակ զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Կարդացեք նաև

Ըստ Եսայանի՝ իր այդ քայլով ՌԴ արտգործնախարարը պատասխանեց Հայաստանի այն հակառուսներին, որոնք այս օրերին փորձում էին վարկաբեկել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը՝ ընդդեմ ֆաշիզմի։

«Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված վերը նշված հաղորդագրությանը, ապա դա այն մասին է, որ Հայաստանի իշխանությունը չի՛ կարող այնքան դուխ ունենալ, որ կարողանա կանգնել ընդդեմ Ռուսաստանի, կամ հակադարձել։ Այս հաղորդագրությունը ևս մեկ փաստ է առ այն, որ առանց Ռուսաստանի, Հայաստանն աշխարհաքաղաքական այս իրավիճակում կդառնա առոչինչ։ Պարզապես խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունը զավթածներն ունեն տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների առաջ ռևերանսներ անելու խնդիր՝ իրենց իշխանությունը պահելու համար»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունը շարունակում է «գեղցիական շուստրիությամբ» այլոց, մասնավորապես՝ Հայաստանի հակառուսների միջոցով, աշխարհաքաղաքական այլ կենտրոնների պահանջներ բավարարել, բայց քանի որ դա անում է գեղցիական շուստրիությամբ, ստացվում է՝ ոչ թե «և-և»-ի քաղաքականություն, ինչը բավականին գրագետ աշխատանք է պահանջում, այլ՝ քաղաքական անբարոյականություն։

«Սա քաղաքական անբարոյականություն է, ոչ ավելին։ Վստահ եմ, Լավրովի այցից հետո հայկական և ռուսական կողմերը հայտարարություններ կտարածեն, որոնք կլինեն իրարից տարբեր՝ նաև տողատակերով»,- ասաց Եսայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս