Կմտնե՞ն «խաղարարար ուժերը» Լեռնային Ղարաբաղ, թե՞ ոչ
«Փաստորեն արձանագրվեց, որ բանակցային գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով, բնականաբար, Մինսկի խմբի համանախագահների և պարոն Կասպրչիկի մասնակցությամբ: Երկու երկրների (Ադրբեջանի և Հայաստանի.-Ա.Ս.) նախագահների հանդիպումների մասին խոսք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես գնահատեց երեկ ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Առաջիկայում նախագահական ընտրություններ են, հետևաբար՝ Հայաստանն առնվազն մի քանի ամիս կարող է շունչ քաշել և լրջորեն չմասնակցել այդ տարօրինակ գործընթացին»,- ավելացրեց Ա.Մելիքյանը:
Իսկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս մասին ասաց. «Եթե շատ կարճ ասեմ, Մինսկի խումբը եկավ, ասաց, որ ինքը չի մեռել, ողջ է: Իմ տպավորությամբ` հիմնական խնդիրները գնալու են հունվարից հետո, երբ քննարկումների թեման ավելի առարկայական կդառնա, իսկ այդ խնդիրը վերաբերում է նրան, որ Մադրիդյան սկզբունքները մի կողմ են դրված: Գլխավորն այս թնջուկը լուծելու այլ ճանապարհ ընտրելն է` պարտադրել խաղաղություն»,- նշեց Ա.Կարապետյանը, ում կարծիքով` սա է Մինսկի խմբի նոր գաղափարախոսությունը:
Արամ Կարապետյանի տպավորությամբ` հունվարին այս զարգացումները կարող են կապվել ոչ միայն ղարաբաղյան հիմնախնդրի, այլ տարածաշրջանային գործընթացների հետ:
Իսկ Արման Մելիքյանը կարծիք հայտնեց, որ դժվար թե որևէ մեկը առաջիկա ամիսներին Մերձավոր Արևելքի գործընթացների հետ կապված կանխարգելիչ քայլեր կատարի Հարավային Կովկասում և հատկապես Արցախում, քանի որ այս պահին չի տեսնում դրա նախադրյալները:
«Իհարկե, այժմ շատ է խոսվում այն մասին, որ փորձ է արվելու ուժային լուծում պարտադրել կողմերին, այսինքն` միջազգային հանրությունն ուժով պետք է կողմերին նստեցնի բանակցային սեղանի շուրջ և ինչ-որ խաղաղություն պարտադրի, այն խաղաղությունը, որը բավական անորոշ ուրվագիծ ունի այսօր»,- ասաց նա` ավելացնելով, որ դեռևս մեծ անորոշություն կա Ռուսաստանում, և նաև որոշակի ճշգրտումներ պետք է անեն Եվրամիությունը և ԱՄՆ-ը, և այդ առումով, ըստ նրա, ակտիվ շրջանը փոքր-ինչ ուշ կսկսի:
Բանախոսներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղ արտաքին ուժերի միջամտության, այսինքն` խաղաղարար ուժեր մտցնելու հարցի մասին: Արման Մելիքյանը նշեց, որ Հարավային Կովկասի ստատուս-քվոյի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունը թուլացման դեպքում Ադրբեջանի համար կարող է ցանկալի տարբերակ լինել հիմնախնդիրն ուժային տարբերակով լուծելը:
«Այլ բան է, երբ Ադրբեջանին թույլ է տրվում պատերազմ սկսել Հայաստանի դեմ, և այլ է, երբ միջազգային հանրությունն անմիջականորեն իր ռազմական ներկայությունն է հաստատում տարածաշրջանում: Եվ այդ առումով` եղած ստատուս-քվոն մոտակա ընդհանուր գծերով, ըստ երևույթին կպահպանվի, որովհետև ռազմական ներկայություն հաստատելով Հրվ. Կովկասում` արտատարածաշրջանային ուժերն այս տարածքն ավելի շուտ դիտարկելու են որպես հենակետ` հարակից տարածքների նկատմամբ գործողություններ ծավալելու համար»,-ասաց Արման Մելիքյանը:
Իսկ Արամ Կարապետյանը Ադրբեջանի կողմից մոտակա 4-5 տարիներին` մինչև ադրբեջանական էներգետիկ ռեսուրսների արտահանման ծավալների նվազումը, Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը կապում է մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ:
Նա այնքան չկարևորեց նավթի խնդիրը, որքան ստրատեգիական այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Մերձավոր Արևելքում` մասնավորապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում, ինչը, իր կարծիքով, վերջիվերջո, բավական կոշտ ձևով պետք է լուծվի.
«Եթե նկատել եք, ամեն ինչ միշտ կապվում է Իրանի հետ, լինի Համասը, թե Հըզբոլլահը, ինչ շարժում լինի, վերջիվերջո, գալիս հանգում է նրան, որ մեղավոր է Իրանը»:
Ըստ Ա.Կարապետյանի` սրանով ինֆորմացիոն հենք է պատրաստվում Իրանի հետ որոշակի ճշտումներ մտցնելու համար. և եթե դա այդպես է, ապա պարզ է, որ երբ այդ քաոսը հասնի Հրվ. Կովկաս, գերտերությունները սկսելու են դիտարկել մեր տարածաշրջանը քաոսի մեջ մտցնելու հնարավորությունները, ինչը միայն պատերազմական գործողությունն է: «Ամենավառ տարբերակը Ղարաբաղն է»,- ասաց պարոն Կարապետյանը, ում կարծիքով` այդ դեպքում Լեռնային Ղարաբաղ կմտնեն ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի զորքերը:
«Բայց ինձ համար հետաքրքիր է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը: Լավ, եկան մտան, հաստատվեցին առանց որևէ սկզբունքի. հիմա, իմ կարծիքով, ընդունվել է հետևյալ ձևը` «գանք հաստատվենք, որ պատերազմ չլինի, հետո արդեն կխոսենք` ինչպե՞ս հարցը լուծել»: Թե ի՞նչ ձևով այդ հարցը կլուծենք, ի՞նչ սկզբունքների հիման վրա, դա արդյոք չի՞ վերածվի նոր Կոսովոյի…սրա հետ կապված` ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ խաղաղարարների մուտքի պարագայում պարզ դառնա, թե հարցի լուծման մոտավոր տեսակետներն ինչպիսին են»,- ասաց Ա.Կարապետյանը:
Իսկ Արման Մելիքյանը խաղաղարարների մուտքի և հաշտության պարտադրման վերաբերյալ նշեց, որ այդ մասին տարիներ շարունակ խոսում է հատկապես ռուսական կողմը, և ինքը հասկանում է Ռուսաստանի այդ մտահոգությունը, քանի որ, ի վերջո, Հարավային Կովկասը հարում է ոչ թե ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի սահմաններին, այլ Ռուսաստանին:
«Բայց ամեն դեպքում այս մոտեցումը բավական յուրօրինակ նրբերանգներ ունի հատկապես այն առումով, որ Ռուսաստանը կորցրեց իր դիրքերը Վրաստանում, և այդ առումով` Ադրբեջանը Ռուսաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունի: Ես ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի համար շատ կարևոր է վերականգնել իր ռազմավարական և ռազմական ներկայությունը հատկապես Ադրբեջանում հատկապես Վրաստանը կորցնելուց հետո: Եվ այս տեսանկյունից` ինձ այնքան էլ հավաստի չի թվում խաղարարար ուժերի մուտքի հեռանկարը»,- ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարարը: