Ահա և ես
Եվ այսքանից հետո ինչպե՞ս են մարդիկ խստաշունչ ձմռան այդ օրը` փետրվարի 18-ին, գնալու ընտրատեղամաս` մասնակցելու Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանը:
Նախ` ընտրողները, ովքեր բազմաթիվ առիթներ են ունեցել` մասնակցել այլևայլ ընտրությունների (նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ), հասցրել են նկատել տարօրինակ օրինաչափություն. իրենք ընտրում են մեկին, ընտրությունների արդյունքները ցույց են տալիս այլ բան: Սակայն անհասկանալի համառությամբ մարդիկ շարունակում են մասնակցել ընտրություններին: Եվ անգամ սպասում են դրանց: Ավելորդ է ասել, որ գյուղական վայրերում ընտրությունները շատերի համար սեզոնային աշխատանք են. մի մասը փող է հաշվում, մյուս մասը` բաժանում, երրորդ կողմը` ստանում:
Սակայն նախագահական այս ընտրություններին ամեն ինչ է տարօրինակ:
Դեռ` մի կողմ, որ նախագահի հնարավոր թեկնածուները նախընտրում են բեմ դուրս գալ «Ահա և ես» ոճով. անսպասելի, երբ արդեն բոլորը հոգնած կլինեն նրանց սպասելուց:
Այս անգամ քաղաքագետները և համաշխարհային կուլիսային զարգացումների զանազան գիտակները պնդում են` ՀՀ նախագահին նշանակելու են դրսից: Եվ քանի որ «արտասահմանը» դեռ չի որոշել` ո՞վ է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը, դա է պատճառը, որ թեկնածուների բեմելը ձանձրալիորեն հապաղում է:
Երբ քաղաքական վերլուծաբանները, քաղաքագետները հայտարարում են, թե պայքարը ոչ թե մեր իմացած անձերի միջև է, այլ Հայաստանից հազարավոր և անգամ տասնյակ-հազարավոր կիլոմետրերով հեռու երկու պետությունների, նշանակում է` ընտրողին ուղղակի ասել` քո դերը Հայաստանի Հանրապետությունում զրո է:
Սա ծանր հարված է ընտրողի համար, քանի որ, եթե նախկինում յուրաքանչյուրի դերը գոնե մասսայական տեսարաններում գնահատվում էր, ընդ որում` նյութական էկվիվալենտով (10-20.000 դրամ), այսօր ասում են` ուզում եք` մասնակցեք ընտրություններին, ուզում եք` մնացեք տանը և թեյ խմեք: Կարթնանաք առավոտյան և կիմանաք` ով է ձեր երկրի նախագահը:
Հեռու չգնանք և մեջբերենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքերը. «Հայաստանի վրա կա աշխարհաքաղաքական ուժերի մեծ ճնշում: Հայաստանում միմյանց հետ բախվում են ոչ թե Ծառուկյանը, Սարգսյանը կամ մեկ ուրիշը, այլ բախվում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Նման որոշումները կայացվում են դրսում, և, ինչպես որոշվեց` այնպես էլ կլինի»:
Մյուս տարածված տեսակետը սա է` կստորագրի՞ Սերժ Սարգսյանը «ԵվրԱզԵսին» Հայաստանի անդամակցության փաստաթուղթը, Ռուսաստանը կսատարի նրան: Եթե չստորագրի, այսինքն՝ հայացքը հառի Եվրամիությանը, Ռուսաստանը Հայաստանի նախագահի պաշտոնին նրա ժամկետը չի երկարացնի: Եվ կսատարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Մյուս տեսակետը ևս հօգուտ ընտրողների չէ. Հայաստանում ընտրողները չեն վաստակել ընտրելու իրավունքը, քանի որ վաճառում են իրենց ձայները, տասը հազար դրամի համար գնում են գործարքի իրենց խղճի դեմ: Ընդ որում, հետաքրքիր հանգամանք. անգամ նրանք, ովքեր ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի համակիր են և, ըստ տրամաբանության, պետք է իրենց ձայնը տան այդ կուսակցություններին, դեմ չեն դա անել, բայց` գումարը ծոցագրպանը դնելուց հետո:
Նրանք, ովքեր չեն վաճառում իրենց ձայնը, երկրից հեռանում են:
Ովքեր իրենց ձայնը չեն վաճառում և երկրից էլ չեն հեռանում, չեն մասնակցում ընտրություններին: Դարձել են անտարբեր: Հետևաբար` ընտրողները լուրջ գործոն չեն:
Այնքան լուրջ չեն, որ անգամ քաղաքական գործիչներն ընտրողների հետ հաշվի նստելու անհրաժեշտություն չեն տեսնում:
Ընտրողների, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների` հետ հաշվի չեն նստում անգամ դրսի ուժերը, եթե, այդուհանդերձ, հակված լինենք հավատալու դավադրությունների տեսությանը: Եթե անգամ մեր նախագահները նշանակվում են դրսում, եկեք ուղղակի, առանց քաղաքական համակրանք-հակակրանքների, անաչառորեն գնահատենք` ում են տեսնում մեր երկրին, Հայաստանի քաղաքացիներին արժանի նախագահ` կա’մ Սերժ Սարգսյանին, կա՛մ Գագիկ Ծառուկյանին: Սա բարոյական լուրջ հարված է մեր երկրին և մեզ` որպես հասարակության:
Հասարակությունը հոգնած մարդկանց միավորում է դարձել:
Ասեք որևէ մեկին` դուրս արի փողոց, պայքարիր, որ քո կարծիքի հետ հաշվի նստեն, որ երկրիդ նախագահը լինի ներկայանալի, ժամանակակից, կիրթ, լայն աշխարհայացքով ու պրոֆեսիոնալ մեկը: Ոչ ոք չի գնա:
Անգամ քաղաքական այն ուժերը, ովքեր ընդդիմություն համարվելու հավակնություն ունեն, չեն համարձակվում հանրահավաք անել: Ոչ թե ասելիք չկա, այլ մարդկանց նոսր շարքերը կմատնեն նաև նրանց սնանկությունը: Բացի դա` քաղաքական այն գործիչները, ովքեր 20 տարի անընդմեջ քաղաքական դաշտում են, իրենք էլ վեր են ածվել քաղաքական ֆեոդալների` սեփական կուսակցությունում: Եվ այդ ավտորիտար կուսակցություններն` իրենց թագավոր թեկնածուներով, փորձում են մնալ իշխանությունում կամ գալ իշխանության: Որ ի՞նչ անեն: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Նա չի հաջողում կառավարել երկիրը:
Սակայն նրա փոխարեն չպետք է գա Գագիկ Ծառուկյանը: Եվ դա պետք է նրանց ասի հասարակությունը: Այսինքն` հասարակությունը երկիրը կառավարելու հավակնություն ունեցողների առաջ պետք է դնի շատ բարձր և խիստ պահանջներ: Երկրի ղեկավարի պաշտոնի այսօրվա հավակնորդները պետք է ուղղակի պահանջարկ չունենան, քանի որ օբյեկտիվորեն, առանց կանխակալ մոտեցման` նրանք չեն ձգում այդ պաշտոնին:
Մինչդեռ ամեն ինչ անհասկանալի է. գնալով իջնում ու արժեզրկվում է նույնիսկ երկրի, մի ողջ երկրի նախագահի պաշտոնի նշաձողը. դրան հավակնում է` ով ասես:
Իսկ ժողովո՞ւրդը: «Ժողովուրդը անառակության պատրաստ է»,- հայտնի ֆիլմում ասում է Շուկշինի հերոսը:
Եվ չի սխալվում: