Վարդան Բոստանջյան. Սա աքսիոմա է՝ քանի դեռ տնտեսվարող սուբյեկտը չի սկսել շրջանառություն, նա չպետք է կրի որևէ պարտավորություն
90-ականների վերջին, երբ ներդրվեց ներմուծման ժամանակ սահմանի վրա ԱԱՀ գանձելու մեխանիզմը, դրա դեմ հանդես եկողներից մեկն էլ այն ժամանակ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանն էր։ Քանի որ հարցը վերջերս կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել, 168.am-ը դրա շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։
Որքանո՞վ էր ժամանակին անհրաժեշտ այդ մեխանիզմի կիրառումը։ Ըստ տնտեսագետի, դրա ներմուծողներն, իհարկե, կարող են տարբեր՝ ճիշտ կամ ոչ ճիշտ հիմնավորումներ բերել, սակայն, «եթե մենք առողջ մտածողության դաշտում ենք գտնվում, ուրեմն աքսիոմատիկ ճշմարտություն է՝ տնտեսվարող սուբյեկտը չի սկսել շրջանառություն ցանկացած բնույթի, նա չի կարող կրել որևէ պարտավորություն»։ Վ. Բոստանջյանի համոզմամբ, մեխանիզմի ներդրումն ավտոմատ պետք է բերի և բերել է նրան, որ բազմաթիվ տնտեսվարողներ ընդհանրապես չկարողանան արդյունավետ գործունեություն ծավալել։ Մեր զրուցակիցը սահմանի վրա հարկումը նմանեցնում է նրան, որ տնտեսվարողը անտոկոս և անվերադարձ վարկ է տալիս կառավարությանը։ «Դրա անունը, որոշ դեպքերում, դնում են գերավճար։ Ի՞նչ է նշանակում՝ գերավճար։ Բա տնտեսվարողից կարելի՞ է գերավճար վերցնել»,- ասում է Վ. Բոստանջյանը՝ ավելացնելով, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է հատուկ պաշտպանվեն, ոչ թե ավելորդ ծանրաբեռնվածության ենթարկվեն։
Ամեն դեպքում՝ մեխանիզմը, երկար տարիներ է, գործում է, և բյուջեն «կախվածության» մեջ է դրանից։ Սահմանին հարկման պահանջի վերացումը կարող է վտանգել բյուջետային մուտքերը։ Սակայն Վ. Բոստանջյանը դա լուրջ խնդիր չի համարում։ «Ցանկացած պարագայում, ցանկացած հարցում, այդ թվում՝ նաև տնտեսության մեջ, չկան անլուծելի խնդիրներ։ Այլ բան է, որ դա չի կարելի կտրուկ անել. եթե օրգանիզմն ունի հիվանդություն, որը շատ է բարդացել, ապա դրա ապաքինումը պետք է որոշակի հերթականությամբ ու սխեմայով իրականացվի։ Հակառակ դեպքում՝ կտրուկ մոտեցումը կարող է բերել բացասական հետևանքների։ Արդեն 15 տարի է՝ գործում է այդ համակարգը։ Այսինքն՝ մենք բավականաչափ ժամանակ ունեինք այդ խնդիրը լուծելու համար։ Սակայն հիմա նույնպես ուշ չի»։ Տնտեսագետը՝ որպես հարցի լուծում, առաջարկում է քայլ առ քայլ վերացնել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձման պահանջը։ Օրինակ, նախ՝ սահմանի վրա հարկման պահանջից ազատել այն ապրանքները, որոնք բերում են նոր արտադրությունների ստեղծման կամ խթանման։ Վ. Բոստանջյանը նշում է, որ մնացած ապրանքները, որոնք ինչ-որ տեղ ենթաակցիզային ապրանքների բնույթ ունեն, կարելի է թողնել սահմանին հարկման դաշտում։ Սակայն՝ ժամանակավորապես, բյուջեն չվտանգելու համար՝ հասկանալով, որ աստիճանաբար դրանք նույնպես պետք է ազատվեն սահմանի վրա հարկման պահանջից։
Վ. Բոստանջյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: