Ինչո՞ւ են քարկոծում Րաֆֆիին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել է Բաքու` մասնակցելու «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվող միջոցառմանը: Նա այնտեղ ելույթ է ունեցել, պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին: Եվ ելույթում, և լրագրողների հետ հարցուպատասխանում Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ էության, նոր բան չի ասել:

Հայաստանում էլ` իր ելույթներում «Ժառանգության» ղեկավարը հանդես է գալիս հայկական չափանիշերից տարբերվող արտահայտություններով ու ձևակերպումներով: Իհարկե, երբեմն անհասկանալի է լինում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը այնպիսին է, ինչպիսին կա: Այդպիսին էլ նա իրեն դրսևորել է Ադրբեջանում: Հայտարարել է, որ Ղարաբաղն անկախություն ունենալու իրավունք ունի, որ թե հայ, թե ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, որ անթույլատրելի է պատերազմական հռետորաբանությունը, և այլն: Մեծ հաշվով, որևէ նոր բան Րաֆֆին չի ասել, բայց չի էլ շեղվել իր մոտեցումներից կամ տեսակից: Բայց Հայաստանում մի այնպիսի ալիք է բարձրացել Ր. Հովհաննիսյանի` Բաքու այցելելու կապակցությամբ, կարծես նա Բաքվում հակահայկական հայտարարություններ է արել:

Նրան ոմանք մեղադրում են այդ այցելությունը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, ոմանք՝ այն բանում, որ նրա հայտարարությունները կարող են սխալ ընկալվել, և այլն, և այդպես շարունակ: Ր. Հովհաննիսյանը, մինչդեռ, ոչ հերոսություն է արել, ոչ էլ` դավաճանություն: Նա իր տեսակին հավատարիմ՝ հայկական չափանիշներից տարբերվող քայլ է արել, որը գուցեև օգտագործում է կամ օգտագործելու է քարոզչական նպատակներով: Թեև խիստ կասկածելի է, որ դա կարող է հայկական միջավայրում քարոզչության առարկա դառնալ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնտեղ Բաքուն արյան ծով դարձնելու կոչեր չի արել, Ալիևի ստոր կերպարի մասին հերթապահ հայտարարություններ չի հնչեցրել:

Րաֆֆին ընդամենը հանդես է եկել քաղաքական գործչի դիրքերից, որը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և դրա հիմքում պետք է դրվի առաջին հերթին՝ մարդը` անկախ ազգային պատկանելությունից: Այս իմաստով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը կարող է Հայաստանում հակաքարոզչության էֆեկտ ունենալ նրա համար, քանի որ նրան պոտենցիալ ընտրողները կմեղադրեն «թշնամու հողում թշնամուն չապտակելու համար»: Ինչպես, ի դեպ, վարվում են ամենևին ոչ շարքային ընտրողները` քաղաքական ու փորձագիտական հանրության անդամները:

Խնդիրն այդ իմաստով՝ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ է, այլ հայաստանյան այդ` առաջին հայացքից առաջադեմ հայացքներ ունեցող շրջանակների կաղապարվածության:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

 

 

Տեսանյութեր

Լրահոս