Մեկ երրորդի նախաձռենությունը կա` նիստը պետք է կայանար. ԲՀԿ պատգամավոր

«Ամեն ինչ կարելի էր սպասել, բայց ոչ Սահմանադրության նորմերի, օրենքների խախտման»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀԱԿ կողմից նախաձեռնած և ԱԺ տապալված արտահերթ նիստին:

«Սահմանադրության 27-րդ հոդվածը մինշանակ փաստում է այն մասին, որ արտահերթ նիստ կարող էր գումարվել նախագահի, կառավարության, պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Եվ քանի որ մեկ երրորդի նախաձեռնությունը կար, նիստը պետք է կայանար»,- Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նիստ վարողը, որը չէր գրանցվել, շարունակեց վարել նիստը՝ հայտարարելով երեք ժամյա ռեժիմ: Այս երևույթն, ըստ նրա, կարիք ունի իրավաբանների համապատասխան բացատրության:

«Ինձ թվում է, որ նիստը չի էլ ավարտվել: Որովհետև նորից եմ ասում, նիստ վարողն այնտեղ չէր, ներկա չէր, բայց վարում էր նիստը: Հետաքրքիր իրավիճակ է, բայց զարմանալ պետք չէ, եթե սահմանադրական նորմ են խախտում,  նման խախտումն ի՞նչ է…»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկին, ապա թիվ 12 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Լյովա Խաչատրյանը դեմ է հենց մեծամասնական ընտրակարգին: Սա պատգամավորը բացատրում է առաջին հերթին նրանով, որ մեծամասնական ընտրակարգը գաղափարների պայքար չէ:

«Չկայացած, չզարգացած երկրներում մեծամասնական ընտրակարգը բերում է անձնական պայքարի, ձեռնամարտի ու թշնամանքի է հանգեցնում: Մեծամասնականով առաջադրված պատգամավորները միմյանց հետ գաղափարական պայքար չեն մղել, նման բան չի եղել: Սա ռեսուրս է, որ իշխանությունը ձգտում է ունենալ: Հակառակ դեպքում գուցե այլ լիներ խորհրդարանական հարաբերակցությունը»,- շեշտեց նա:

Լրագրողների հարցին՝ եթե Դուք փաստորեն գաղափարական պայքար չեք մղել, ապա ի՞նչ լծակներ եք կիրառել՝ հաղթելու համար, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Մեր քաղաքական մշակույթը պատրաստ չէ մեծամասնական ընտրակարգով պայքար ծավալելու: Մեզ մոտ չկա պայքարի քաղաքակիրթ ձև, այս պատճառով ես դեմ եմ: Ես առաջադրվել եմ մեծամասնականով, որովհետև խաղի կանոնները նույնն են մնացել ու պարտադրված մասնակցել եմ մեծամասնականով ընտրապայքարին: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս եմ ես հաղթել, կարող եմ միանշանակ ասել՝ ես տարել եմ իմ ծրագրի, իմ անցած ուղու հաղթանակը»:

Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկները նախագահական ընտրություններից ամիսներ առաջ են արվում, և ոչ ավելի վաղ, Լյովա Խաչատրյանը պատախանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխություններին քաղաքական ուժերն անդրադառնում են հերթական ընտրություններից հետո: Ինչպես գիտենք՝ դրանցից մեկ տարի էլ չի անցել: Մայիսի խորհրդրանական ընտրություններն ի հայտ են բերել բոլոր այն թույլ, բացասական կողմերը, որոնք գոյություն ունեն այսօրվա Ընտրական օրենսգրքում: Եվ քաղաքական ուժերը հաջորդ համապետական ընտրություններից առաջ դրանք շտկելու անհրաժեշտություն են զգում»:

 

Տեսանյութեր

Լրահոս