Ֆեդերիկո Ֆաջին. «Մինչև 2060թ. կհասնենք նյութի ֆիզիկական սահմաններին» (լուսանկարներ)

Առաջին միկրոպրոցեսորի նախագծող Ֆեդերիկո Ֆաջինը (Federico Faggin), ով Synaptics ընկերության պատվավոր նախագահն է, այս օրերին գտնվում է Հայաստանում:

Ֆեդերիկո Ֆաջինը ՀՀ նախագահի 2012թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ներդրման համար մրցանակի դափնեկիրն է: Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ֆեդերիկո Ֆաջինն այցելեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ): Այդ կապակցությամբ հրավիրված ռեկտորատի արտահերթ նիստում ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը համառոտ ներկայացրեց համալսարանի գործունեությունը` հիմնականում շեշտը դնելով վերջին տասնամյակում համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա:

Այնուհետև արդեն ավելի լայն շրջանակներում՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայությամբ, ՀՊՃՀ բուհի Գիտական խորհրդի որոշմամբ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Ֆեդերիկո Ֆաջինին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում: Այցի շրջանակներում «միկրոպրոցեսորի հայր» Ֆեդերիկո Ֆաջինը հանդես եկավ մասնագիտական դասախոսությամբ, որը նվիրված էր տրանզիստորների, դրանց կառուցման տեխնոլոգիաների ներկային ու առաջիկա տարիների հնարավոր զարգացման կանխատեսումներին:

«Ես կարող եմ կանխատեսումներ անել առաջիկա 60 տարիների համար միայն: Դրանից հետո դժվար է սպասվող տեխնոլոգիական զարգացումների մասին կանխատեսումներ անել, քանի որ մինչև 2060թ. մենք կհասնենք նյութի ֆիզիկական սահմաններին»,- ասաց Ֆ. Ֆաջինը: Ըստ նրա՝ մարդկությունն ակնհայտորեն մուտք է գործում մի դարաշրջան, որտեղ շատ արագ են տեղի ունենում տեխնոլոգիական փոփոխությունները, և շատ արագ կարելի է հասել նյութի ֆիզիկական սահմաններին:

Կարդացեք նաև

Ֆ. Ֆաջինը՝ խոսելով Մուրի օրենքի մասին, ասաց, որ ամեն 3 տարին մեկ տրանզիստորների չափերը փոքրացվում են: «Մուրի օրենքի կարևորություններից մեկն  այն է, որ այն շատ ճշգրտորեն ցույց է տալիս միկրոէլեկտրոնիկայի զարգացումները: Այն նաև մեզ ուղղություն է տալիս երկարաժամկետ պլանավորման համար»,- ասաց աշխարհում առաջին միկրոպրոցեսորի նախագծողը:

Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում հաջողվել է զարգացնել և մեծացնել չիպերի օգտակարության աստիճանը և 1 մլն անգամ քչացնել դրանց խոտանների քանակը: Բացի այդ, հնարավոր է դարձել ավելի փոքր և ավելի արագ գործող չիպեր նախագծել: «Մենք կարիք ունենք նոր նյութերի, որոնք հնարավորություն կտան չիպի ավելի բարակ շերտ ունենալ»,- ասաց Ֆ. Ֆաջինը՝ նշելով, որ 2048 թվականին չիպի չափերը կարող են հասնել ատոմի չափին:

Իր ելույթում Ֆեդերիկո Ֆաջինը նաև շնորհակալություն հայտնեց համալսարանին՝ իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ մեծ հաճույքով կրկին կգա Հայաստան` հանդիպելու և իր փորձով կիսվելու ՏՏ ոլորտի զարգացումների և նորարարական գաղափարների մասին ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ:

«Կարծում եմ՝ Հայաստանը զարգացման ճիշտ ընթացք է ընտրել: Այս հարցում ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ: Հայաստանում ես հանդիպեցի  բազմաթիվ տաղանդաշատ մարդկանց, ովքեր պատրաստ են արձագանքել անընդհատ զարգացող տեխնոլոգիաներին, իսկ դա ցանկացած երկրի նորարարական միջավայրի զարգացման կարևոր նախապայմանն եմ համարում»,-ընդգծեց պարոն Ֆաջինը:

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս