«Մարտի 1-ը կարող է ծաղիկներ թվալ` համեմատած նրա հետ, ինչ կարող է լինել Հայաստանում»
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ, իր տեղեկություններով, կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու և դրա հետ կապված ամբողջ փաթեթի առաջարկը պետք է կատարվեր այլ քաղաքական ուժերի կողմից, և դա երևի ավելի արդյունավետ կլիներ, բայց վերջին պահին նախաձեռնությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստանը»:
«Բոլոր դեպքերում դա, իմ կարծիքով, Հայաստանի համար կրում է խիստ դրական բնույթ, որովհետև լուծվում է երկու հիմնական խնդիր. առաջինը` այնպիսի Ռուսաստանին, որն այժմ կա, չի կարելի թողնել առանց քաղաքական գործընկերոջ:
Հայաստանում Ռուսաստանի համար քաղաքական գործընկեր չի կարող լինել թույլ` երկրորդական, երրորդական ուժ: Երկու շաբաթ դեռ իրավիճակն այդպիսին է, չնայած կային նույն ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը, որոնք հակված էին ինչ-ինչ համագործացկության, բայց իշխանությունն էապես ավելի ուժեղ էր թվում (այսպես ասեմ, որովհետև ուժեղ բան Հայաստանում չկա, կա թույլ և ավելի թույլ): Այս իրավիճակում շատ կարևոր է Ռուսաստանին տալ բալանսավորված խաղի հնարավորություն, որպեսզի նա ուժեղ խաղացողներով խաղ անի»:
Ըստ Մանուչարյանի` աշխարհաքաղաքական իմաստով խիստ դրական է, որ Ռուսաստանն այստեղ ունենալու է քաղաքական գործընկեր, և այդ շրջանակը, որը ձևավորվում է, անկախ նրանից, թե ինչ ուժեր կկուտակվեն ՀԱԿ-ԲՀԿ առանցքի շուրջ, ամեն դեպքում սա արդեն վերածվում է ինչ-որ ուժի: Այս ուժն արդեն հակադրվում է մյուս քաղաքական ուժին, որն առաջին հերթին ներկայացված է ի դեմս ՀՀԿ-ի, և որի պաշտպանությամբ հանդես են գալիս արևմտյան կենտրոնները:
«Այս բալանսն անհրաժեշտ է, որովհետև Ռուսաստանը հարկադրված չէ այլ գործիքներ ման գալ Հայաստանում գործելու համար»,- ասաց նա:
Երկրորդ կարևոր հանգամանքն, ըստ Մանուչարյանի, այն է, որ Հայաստանում ոչ մի կուսակցության չի կարելի թողնել միաձնյա լիդերի կարգավիճակում, քանի որ այդ դեպքում նա կկարողանա շարունակել «երկրի թալանը, ռեսուրսների յուրացումը և ժողովրդի հարստահարումը», և այս պայմաններում ցանկացած բալանս սահմանափակում է այս հնարավորությունը:
«Բայց մյուս կողմից` այս հավասարակշռությունն իր մեջ նաև պարունակում է ներքին լուրջ վտանգ. եթե չկարողանանք ճիշտ ձևով տանել գործընթացները, սրա մեջ կա ներքին ցնցումների վտանգ, ինչպես մենք տեսել ենք նախկինում, թե ինչով է այս ամենն ավարտվում: Այս անգամ շատ ավելի ծանր ավարտ կարող է լինել Հայաստանի համար»:
Աշոտ Մանուչարյանն ասաց, որ այս իրավիճակում Հայաստանում կբախվեն աշխարհաքաղաքական երկու կենտրոնները` Արևմուտքը և Ռուսաստանը, և թե ի՞նչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում նախագահական ընտրությունների հաջորդ օրը, դառնում է հարցերի հարցը:
Իսկ լրագրողներից մեկի հարցին` այդ ցնցումները, որոնց մասին նշեց բանախոսը, կարո՞ղ է լինել Մարտի 1-ի կրկնությունը, Ա.Մանուչարյանը պատասխանեց.
«Մարտի 1-ը կարող է ծաղիկներ, ճնճղուկներ թվալ համեմատած նրա հետ, ինչ կարող է լինել Հայաստանում: Տվյալ դեպքում քաղաքական ուժերը խաղում են այն խաղը, որը նրանց պարտադրված է, և նրանք պարտադրված են լինելու մեր ողջ պատմությամբ 1915 թվականով, 1920 թվականով: 20 թվականի իրողությունն էլ է այժմ մեր աչքի առաջ. եթե սխալ կողմնորոշվեցինք, կարող է շատ ճակատագրական լինել: Եվ այս իրավիճակում Հայաստանից շահերի տեսանկյունից ճիշտ կլինի աշխարհաքաղաքական այս կամ այն ուժը ներկայացնող կուսակցության հաղթանակը»: