«ԼՂՀ հիմնախնդիրը գործիք է` սեփական իշխանությունը պահպանելու համար»
Հարցազրույց Կարնեգի հիմնադրամի Մոսկվայի կենտրոնի գիտական խորհրդի անդամ,
քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոյի հետ
– Ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը սաֆարովյան գործից հետո և Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ֆոնի վրա:
– Գիտեք, ես ընդհանրապես չեմ պատկերացնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը մոտակա ապագայում: Կան հանգամանքներ, որոնք անհամատեղելի են. Ադրբեջանը երբեք չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, իսկ Ղարաբաղը երբեք չի հրաժարվի այն մտքից, որ ինքն անկախ հանրապետություն է, չնայած այն անվանում են երկրորդ հայկական պետություն, ինչպես, օրինակ, Ուրուգվայը: Այնպես որ, այդ մասին կարելի է երկար խոսել, սակայն դա անօգուտ է: Հարցի լուծումը տեսանելի ապագայում չի լինի:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի իշխող վարչակարգերն օգտագործեն պատերազմի սպառնալիքը` նախագահական ընտրություններից առաջ ներքին հարցեր լուծելու համար:
– Երկու վարչակարգերն էլ ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործում են սեփական դիրքերն ամրապնդելու և հասարակությանը համախմբելու նպատակով, որովհետև, քանի դեռ գոյություն ունի հիմնահարցը, երկու վարչակարգերն էլ հետաքրքրված կլինեն նրանում, որ հասարակության ներսում չլինեն պառակտումներ և խնդիրներ: Այնպես որ, ղարաբաղյան հիմնախնդիրը գործիք է` սեփական իշխանությունը պահպանելու համար:
– Հայկական մամուլում խոսում են այն մասին, որ Մոսկվան ներկայիս իշխանությանը նախագահական ընտրություններում աջակցելու դիմաց Հայաստանից պահանջում է միանալ Եվրասիական միությանը և իրեն հանձնել գործադիր իշխանության լծակները: Այս համատեքստում` ընտրություններում ո՞ւմ կպաշտպանեն Ռուսաստանը և Արևմուտքը:
– Ես չգիտեմ, թե ո՞ւմ նրանք կպաշտպանեն, միայն գիտեմ, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիական միության ընդլայնման մեջ, քանի որ այնտեղ, բացի Ռուսաստանից, Ղազախստանից և նրանց հարող Բելառուսից, ոչ ոք չկա: Անշուշտ, Ռուսաստանը ձգտելու է, այսպես ասենք, ինչ-որ կերպ համոզել Հայաստանին մտնել այդ միության մեջ: Բայց որոշումը պետք է կայացնի Հայաստանը, որովհետև այստեղ կարևոր է ճիշտ հաշվարկել այն տնտեսական օգուտները, որոնք Հայաստանն` ինքն այդ միացումից պետք է ստանա: Եվ դա այնքան էլ հեշտ չէ, որովհետև կան նման խնդիրներ նաև Ղրղըզստանի, Տաջիկստանի հետ: Այնպես որ, դա պետք է որոշի հայկական ապագա իշխանությունը:
– Իսկ Եվրասիական միություն մտնելու առաջարկը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել նախագահական ընտրությունների վրա:
– Չեմ կարծում, որովհետև, այնուամենայնիվ, գլխավորը երկու երկրների միջև առկա երկկողմանի` ռուս-հայկական հարաբերություններն են:
– Իսկ եթե Հայաստանը չհամաձայնվի՞ մտնել Եվրասիական միություն:
– Այ, երբ նա չհամաձայնվի, այն ժամանակ էլ կխոսենք այդ թեմայով: Իսկ առայժմ դա ակնհայտ չէ: