Բաժիններ՝

Գերմանացի գիտնականները հայտնաբերել են տղամարդկանց հավատարմության հորմոնը

«Հավատարմության հորմոնը»՝ օքսիտոցինը, օգնում է ամուսնացած տղամարդկանց՝ իրենց կանանց չդավաճանելու հարցում։ Գերմանացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այդ նյութի ազդեցության տակ տղամարդիկ ձգտում են հեռու մնալ անգամ շատ գրավիչ անծանոթուհիներից։

Օքսիտոցինի ազդեցությունը Բոննի համալսարանի գիտնականները փորձարկել են ամուսնացած և չամուսնացած 86 տղամարդկանց վրա։ Պրեպարատն ընդունելուց 45 րոպե անց նրանց ծանոթացրել են գրավիչ կանանց հետ։ Որոշ դեպքերում կանայք իրենք են մոտեցել տղամարդկանց, մյուսներին գիտնականներն իրենք են խնդրել մոտենալ կանանց։  Այնուհետև գիտնականները հարցրել են տղամարդկանց, թե կնոջից ի՞նչ հեռավորության վրա են իրենց առավել հարմարավետ զգում։ Պարզվել է, որ պրեպարատն ընդունած ամուսնացած տղամարդիկ աշխատել են փոքր-ինչ հեռու կանգնել անծանոթ կնոջից՝ 70-76սմ հեռավորության վրա։ Մինչդեռ չամուսնացած տղամարդիկ նախընտրել են ավելի մոտ կանգնել՝ 50-60սմ հեռավորության վրա։

Օքսիտոցինն առավել ակտիվ արտադրվում է օրգանիզմում սիրահարվելու ընթացքում։ Այս հորմոնը նաև «պատասխանատու» է մոր և երեխայի էմոցիոնալ կապի համար։ Կնոջ օրգանիզմն այդ հորմոնն ակտիվորեն արտադրում է ծննդաբերության և կրծքով կերակրելու ընթացքում։

Նշենք, որ գերմանացիներն այս հարցում առաջինը չեն։ Ավելի վաղ շվեյցարացի գիտնականները հայտնաբերել էին, որ օքսիտոցինի սփրեյը նպաստում է ամուսնական ներդաշնակ հարաբերություններին։ Այն կնոջը դարձնում է ավելի հանգիստ և վստահող, իսկ տղամարդուն՝ ավելի զգացմունքային և ուշադիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս