Պիեռ Ռևերդի
Կուբիզմ կամ՝ պոեզիան կտավի վրա
Օրըստօրե թերթ կարդալով, ոչ ոք լրագրող չի դառնում: Բայց բավական է, որ բացի հայհոյանքից` մի բան գրես կուբիստների մասին, և տեղնուտեղը դառնում ես կուբիստգ Նկարիչները փոխվում են, ճիշտ այնպես, ի դեպ, ինչպես որոշ բանաստեղծներ: Կարելի է մոռանալ, թե երբ հատկապես Ռեմբոն կամ Մալարմեն շրջեցին խոսքի գեղագիտությունը:
Բայց, ընդհանուր առմամբ, դա այնքան էլ վաղուց չի տեղի ունեցել, և այն ժամանակ, երբ Պիկասոն հասարակայնությանը ներկայացրեց իր առաջին նորարարությունները, հիշյալ բանաստեղծների ստեղծագործությունները, նրանց մտածելակարգը դեռևս գրավում էին բոլորին:
Նրանց ճշմարիտ տեղը հասկանալ այն ժամանակ նոր էին սկսել: Դասերը յուրացնելու ճիշտ ժամանակն էր, չընկնելով ընդօրինակության գիրկը: Հատկապես սա վերաբերում էր Ռեմբոյին: Անվախ մարդու համար, որ խանդով է վերաբերվում ուրիշի վսեմ տարբերությանը, այնքան գայթակղիչ կլիներ նրա օրինակին հետևելը և գեղանկարչական արվեստը նորոգելը: Պիկասոն այդպես էլ արեց:
Այդ ժամանակից ի վեր, քանզի մտքի գերակայությունը ոչ մեկը կասկածի տակ չէր առնում, իր իրավունքների տերը դարձավ գեղանկարչությունը: Սակայն պոեզիայի ազդեցությունը ոչ մի բանի հետ համեմատելի չէր: Այն արվեստի նոր ճյուղ տվեց` պոեզիան գեղանկարչության լեզվով, հենց դա էլ կուբիզմ կոչեցին:
Ավելի պարզ ու ընտել բան չկա, քան ճշմարտության խեղաթյուրումը, այսպիսով հանգեցին մի հրեշավոր գաղափարի, թե իբր ժամանակակից պոեզիան հետևում է գեղանկարչությանը: Այդ մասին նույնիսկ գրում էին: Սակայն ամեն ինչ ընդհակառակն է, և բանաստեղծները գնում են իրենց ճանապարհով:
Բանաստեղծներն առաջինը դադարեցին նկարագրել իրականությունը, նրանց ետքից գեղանկարիչները դադարեցին ընդօրինակել այն:
Պոեզիայի խնդիրը միշտ եղել է հանուն ստեղծագործության բոլոր բաները կայուն փոխհարաբերություններից ազատագրելը, որպեսզի կրկին դրանք բախի միմյանց: Նկարիչները կիրառեցին դա առարկաների նկատմամբ, և փոխանակ դրանք պատկերելու, սկսեցին օգտագործել դրանց միջև առաջացող փոխկապակցվածությունները: Մեր առջև ըմբռնման արվեստն է, որը բոլոր ժամանակներում եղել է պոեզիան: Վերափոխել առարկան կտավի վրա, նույնն է, ինչ պոեզիայում ոչ նկարագրողական նախադասությունը: Գրականության մեջ ընդօրինակման հարց չի ծագում:
Այնպես որ, հարցը գերակայության մասին ինքնին պարզ է:
Եվ այդուհանդերձ, խառնաշփոթն աճում է: Այն դուր է գալիս: Մարդիկ սիրում են մշուշը: Այն կարող է քաշել միայն քամին, և ժամանակ առ ժամանակ արժե կազդուրիչ փոթորիկ սարքել: Կուբիստական պոեզիա գոյություն չունի: Ինչո՞վ կարելի է դա բացատրել, շրջանառության մեջ եղած բառերը, դա ճշմարիտ է, չպետք է ոչինչ բացատրեն: Բայց դա առիթ չէ, որ դրանց փոխարեն ցանկացած այլ բառեր օգտագործես: Որքան սերտ է խոսքը կապված ինչ-որ կոնկրետ բանի հետ, այնքան դժվար է այն այլ մի տեղ տանելը: Ի հեճուկս նրանց, որ բառերն օգտագործում են ինչպես պատահի, մենք այդպիսի բառագործածություն չենք ընդունում:
Պիկասոն զանազան աշակերտներ է ունեցել, թե լավ, և թե վատ: Կուբիստների անվան տակ միավորվեցին նրանք, ում խառնվածքը միջոց գտավ զարգանալու, ընթանալով նրա զարմանահրաշ գյուտերով: Գեղանկարչության համար այս նկարիչները` նույնն է, ինչ գրականության համար` բանաստեղծները: Ուշադրության արժանի հանգամանք: Մյուսները տարբեր կողմեր գնացին, ընդ որում, ոմանք այնքան հեռու գնացին, որ ճչում են, թե իսկական գյուտարարներն իրենք են:
Եթե խոսենք պլաստիկայի մասին, ապա կուբիզմի նախակարապետների մեջ անկարելի է չտալ Սեզանի անունը: Սակայն նրա պատճառով որոշ նկարիչներ մտահոգված են այն բանով, որպեսզի առարկաները ներկայացնեն ծավալային տեսքով, այնինչ այդ հարցը երբեք լրջորեն չի դրվել: Խոսքն այստեղ տարածության մեջ պատկերման մասին է, սակայն` առանց հեռանկարի վրա հիմնվելու, իրերի նյութականության փոխանցման համար, բայց առանց դրանք շրջապատող մթնոլորտի, և, ի վերջո, փոխակերպված առարկաների օգնությամբ, որ կոչված են միտքը սրելու, այնպիսի ստեղծագործություններ երևան բերել, որոնք կլինեն ապրված զգացողության արդյունքը, այլ ոչ թե ստրկական ընդօրինակում:
Հենց այդ պատճառով էլ նոր գեղագիտությունից ծնված ստեղծագործություններն ինքնին իրական են: Խոսքն, իհարկե, գեղարվեստական իրականության մասին է, ի հակադրություն իրականությունն ընդօրինակող արվեստների:
Կամենում են ճիշտ հասկացվել:
Արվեստը, որում գլխավոր դերն է խաղում միտքը` ոչ պարտադիր գլխային: Բանն այստեղ մտքի բնույթն է: Կարելի է գեղանկարչության վիզը ծռել, կախվել հանրահաշվական կամ փիլիսոփայական ձևակերպումներից, բայց մոռանալ վերջնական արդյունքի մասին` պլաստիկայի:
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ