«Ես շատ չեմ տրվում դավադրության տեսությանը, թեև պետք չէ դա բացառել». Րաֆֆի Հովհաննիսյան
«Համոզված եղեք, որ ամերիկացիների պրոյեկտով ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող «Ժառանգության» միջև խզումը չէր կարող առաջանալ առանց համապատասխան խրախուսման նույն ԱՄՆ-ի կողմից»,- հոկտեմբերի 16-ին 168.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` նշելով, որ արևմտյան ուժային կենտրոնները ծրագրում են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին դարձնել ընդդիմության միասնական թեկնածու նախագահական ընտրություններում:
Նաև հավելել էր. «Դրա համար, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տան, որ ինքը պատրաստ չէ այս փուլում գնալ նախագահական ընտրությունների, այդ նույն արևմտյան ուժային կենտրոնները խրախուսեցին, որպեսզի տեղի ունենա ներքին պառակտում («Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև.– Ա.Ս.)` դրանով իսկ Ր.Հովհաննիսյանին հասկացնելով, որ նա պետք է զիջի մի այլ թեկնածուի, որը արևմտյան ուժային կենտրոնների համար միանգամայն ընդունելի է»:
168.am–ն այսօր Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի նա Հմայակ Հովհաննիսյանի վերոնշյալ դիտարկման վերաբերյալ, և որքանո՞վ է իրական նման տարբերակը (լրագրողներից մեկն էլ հիշեցրեց, որ «Ժառանգության» պատգմավորներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանն ընգծել են այն փաստը, որ իրենք, օրինակ, տեղյակ չեն եղել Խաչատուր Քոքոբելյանի` ԱՄՆ կատարած այցի մասին): Ի պատասխան, Ր.Հովհաննիսյանն ասաց. «Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով` քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, և այդ պարտավորությունները չհարգվեցին, խախտվեցին, և իմ հրապարակային հայտարարությանը խթանը հանդիսացավ այն, որ իրենք ասացին, որ այդպես չէ: Եվ ես ասում եմ, որ այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը, շատ լավ պատգամավոր է, ուղղակի նա պետք է դիվանագիտությունը ճշմարտությամբ զինի:
Երկրորդը` ես շատ չեմ տրվում դավադրության տեսությանը, թեև պետք չէ դա բացառել: Ես նայում, թե այս կամ այն կուսակցությունը Ռուսաստանի, Պարսկաստանի, թե ԱՄՆ-ի հետ կապեր ունեն, թե ոչ: Դրանք բնական կապեր կարող են լինել, մենք գիտենք որ («Ազատ դեմոկրատները».- Ա.Ս.) լիբերալ կուսակցություն է, բայց ես կարծում եմ` այստեղ այդ պարտավորությունների երկար շարանի խախտումը աղերս չունի արտաքին որևէ ուժի կամ միջամտության հետ: Դրանք ներքին, ինտրիգային, ներհայաստանյան պատճառներ ունեն»: