Օսկանյանին դարձնում են միասնական թեկնածու
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին և Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլու պարտությանը, հայտարարեց, թե տարածաշրջանում տեղի են ունենում տեղաշարժեր և այս համատեքստում ուշագրավ է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը:
«Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործողությունները ոչ այլ ինչ էին, քան նրան հերոսացնելու և նրան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական լուսանցքից առանցքային դեմք դարձնելու միջոց»,- ասաց նա:
« Տեղի են ունենում տեղաշարժեր թե´ տարածաշրջանում, թե´ Հայաստանի ներքաղաքական կյանքում, և այդ տարածաշրջանային տեղաշարժերը և Հայաստանի ներքաղաքական վերադասավորումները միմյանց հետ կապված են: Համոզված եղեք, որ ամերիկացիների պրոյեկտով ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող «Ժառանգության» միջև խզումը չէր կարող առաջանալ առանց համապատասխան խրախուսման նույն ԱՄՆ-ի կողմից: Խաչատուր Քոքոբելյանի Վրաստանում Իրակլի Ալասանիայի համանուն կուսակցությունները ստեղծվեցին միաժամանակ, դա ամերիկյան պրոյեկտ էր, և ամերիկացիները ձգտում են, որպեսզի ներքաղաքական համայնապատկերը Հայաստանում և Վրաստանում բերեն մի ընդհանուր հարթության` դրանով իսկ նպաստելով, որ մի կողմից Վրաստանը չափից ավելի արագ քայլեր չանի դեպի Արևմուտք, մյուս կողմից` Հայաստանը կարողանա հասնել Վրաստանի կողմից որդեգրված քայլերին»,- հայտարարեց Հ.Հովհաննիսյանը:
«Եվ երբ տեղի են ունենում այս պրոցեսները` պետք է հաշվի առնել հետևյալը, որ Գագիկ Ծառուկյանի ֆորմատը, քաղաքականապես կայացած չէ, ուստի անհրաժեշտ էր կարևորել հենց Օսկանյանի առաջնահերթությունը և առաջնորդության հանգամանքը ԲՀԿ-ում»: Ըստ Հ.Հովհաննիսյանի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հասարակության կողմից որպես քաղաքական մարդ չի ընկալվում, այլ բարեգործ և լավ մարդ, մինչդեռ Օսկանյանը հրապարակային գործիչ է:
«Այս սցենարը, որը չի կարող մոդելավորված չլինել քաղաքագիտական առումով մինչև դրա գործի դնելը, նպատակ ունի Օսկանյանին դարձնել միասնական թեկնածու»,- ասաց նա:
Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց նախկինում հնչեցրած իր միտքը, որ, օրինակ դաշնակցականների և կոնգրեսականների միջև կան լուրջ գաղափարական բախումներ, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև, բացի գաղափարականից, կան նաև քաղաքական հակասություններ` կապված Մարտի 1-ի հետ, և եթե չստեղծվեր ֆորսմաժորային իրավիճակ, այդ հակասություններն անհաղթահարելի կլինեին:
«Այսինքն` սրանով ճանապարհ է բացվում, որպեսզի, չնայած գոյություն ունեցող հակասություններին, վերոնշյալ կուսակցություններն առաջադրեն միասնական թեկնածուի` ի դեմս Օսկանյանի, և դա, իհարկե, մտնում է արևմտյան ուժային կենտրոնների ծրագրերի մեջ: Դրա համար, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տան, որ ինքը պատրաստ չէ այս փուլում գնալ նախագահական ընտրությունների, այդ նույն արևմտյան ուժային կենտրոնները խրախուսեցին, որպեսզի տեղի ունենա ներքին պառակտում («Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միջև,- Ա.Ս.)` դրանով իսկ Ր.Հովհաննիսյանին հասկացնելով, որ նա պետք է զիջի մի այլ թեկնածուի, որը արևմտյան ուժային կենտրոնների համար միանգամայն ընդունելի է»,- ասաց քաղաքագետը:
Արամ Սարգսյան