Բաժիններ՝

Հայաստանը ինտերնետ-վիրուսների վտանգի ենթակա երկրների թվում է». Կասպերսկու լաբորատորիա

Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալների համաձայն` 2012թ. առաջին եռամսյակում Հայաստանն ինտերնետային վտանգների ենթակա երկրների շարքում գտնվում է առաջատար դիրքերում` 3-րդ հորիզոնականում: Ցուցակում առաջին տեղում է Տաջիկստանը, երկրորդում` Ռուսաստանը, չորրորդում` Ղազախստանը, հինգերորդում` Ադրբեջանը, և այլն:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ տվյալները վերաբերում են միայն Կասպերսկու անտիվիրուսների դեպքերին, սակայն Հայաստանում Կասպերսկու անտիվիրուս օգտագործողները բավական շատ են, այնպես որ, հրապարակված տվյալն, ընդհանուր առմամբ, մոտ է ընդհանուր իրավիճակին: Ըստ մասնագետի` այլ անտիվիրուսների պարագայում էլ Հայաստանն  ինտերնետ վտանգների ենթարկված երկրների շարքում է:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ ինտերնետից օգտվողների վրա շատ են հարձակումները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` նշելով, որ այդ ամենը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Նախևառաջ՝ օգտագործողները շատ են օգտվում գողացած ծրագրերից, որոնք վտանգավոր են և հաճախ վարակված ծրագրեր են լինում: Բացի այդ, ըստ մասնագետի` ընդհանուր առմամբ, հայ օգտագործողների շրջանում բարձր է ինտերնետ անվտանգության վերաբերյալ անգրագիտության մակարդակը. «Վերջին երկու-երեք տարում բավական ավելացել են ինտերնետ օգտագործողները, սակայն, ցավոք, նրանք հիմնականում անկիրթ են անվտանգության տեսանկյունից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ինտերնետ վտանգների զոհ չեն դառնում հիմնականում այն երկրները, որոնց օգտագործողներն ավելի կիրթ են, գրագետ են և տեղյակ են ինտերնետային վտանգների մասին: Օրինակ՝ Ճապոնիան կամ ԱՄՆ-ը:  Միացյալ Նահանգներում, ըստ Ս. Մարտիրոսյանի, տարիներ առաջ մոտ 1 ամիս նվիրել էին վտանգավոր ինտերնետի խնդիրներին և ինտերնետ անվտանգության վերաբերյալ կրթությանը:

Նշենք, որ Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ. առաջին եռամսյակում հայտաբերվել և վնասազերծվել է  1 347 231 728 վնասակար օբյեկտ: Ըստ նույն հրապարակման` հարձակման ենթարկված մոբիլ սարքավորումների 28%-ն աշխատում է Android օպերացիոն համակարգի 2.3.6 տարբերակով, որը թողարկվել է 2011թ. սեպտեմբերին: Երրորդ եռամսյակում հարձակման ենթարկվածների 56%-ն օգտագործում է Java-ի խոցելի տեղերը: Վտանգավոր ծրագրեր են հայտնաբերվել/արձանագրվել ավելի քան 91.9 մլն URL հասցեներում, ինչը 3 անգամ ավելի է, քան 2012թ. երկրորդ եռամսյակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս