«Արաբական գարնան» կայծը վերածվում է հրդեհի
Ասում է արտակարգ և լիազոր դեսպան, Լիբանանում Հայաստանի նախկին դեսպան Արման Նավասարդյանը
– Օրերս Բեյրութի քրիստոնեական Էշրաֆիե թաղամասում հնչած ուժգին պայթույնի հետևանքով սպանվեց Լիբանանի ներքին հետախուզության պետ, գեներալ Ուիսսամ ալ-Հասանը, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` մեր հայրենակիցների մեջ, տուժել են բազմաթիվ բնակելի և հասարակական շենքեր: Ժողովուրդը դուրս է եկել փողոց և պահանջում է կառավարության հրաժարականը: Ի՞նչ կարծիք ունեք կատարվածի վերաբերյալ, որքանո՞վ են արդարացված մեղադրանքները Սիրիայի հասցեին, որոնք հնչում են լիբանանյան ընդդիմության կողմից:
– Ընդդիմությունը և, առաջին հերթին, նախկին վարչապետ Սաադ Հարիրին, երբ պայթյունի մեջ մեղադրում են սիրիական ներկա ռեժիմին, բնականաբար, անդրադառնում են 7 տարի առաջվա ահաբեկչությանը, որը խլեց Սաադի հոր` Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի կյանքը: Երկու ահաբեկչություններն էլ նույնակերպ են դիտվում, ասես գրված և իրագործված լինեն միևնույն կենտրոնից, միևնույն սցենարով:
Մինչև հիմա, շատերի կարծիքով` Ռաֆիկ Հարիրիի սպանության հետքերը տանում են Դամասկոս: Եղավ մի ուրիշ վարկած ևս, ըստ որի` նշված ահաբեկչությունը Մոսսադի` իսրայելյան հետախուզության ձեռքի գործն էր: Որոշ տվյալներով` գործին խառնված էր նաև լիբանանյան Հըզբոլլահը, սակայն այդպես էլ կասկածներն, առ այսօր, առկախված են:
Ներկա հանցագործության մեջ մեղադրելով Բաշար Ասադին` լիբանանյան ընդդիմությունը ելնում է նաև այն իրողությունից, որ գեներալ Հասանը ժամանակին գլխավորել է Ռաֆիկ Հարիրիի սպանությունն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը` պնդելով սիրիական մեղսակցության տարբերակը: Գեներալի հակասիրիական տրամադրությունների մասին է վկայում մի կարևոր հանգամանք ևս. մայիսին նա ձերբակալեց սիրիական հետախուզության պետ Ալի Մամլյուքի լիբանանյան ռեզիդենտ Միշել Սամահին, որին մեղադրեցին երկիր զենք ներկրելու և պետական հեղաշրջում ծրագրավորելու մեջ:
– Կարելի՞ է ասել, որ ահաբեկչությունը կապված է մեկ անձի` զոհված գեներալի հետ:
– Դա կլիներ պարզունակ մեկնաբանություն, կտրված լիբանանա-սիրիական բավական բարդ հարաբերություններից, Սիրիայում թափ հավաքող քաղաքացիական պատերազմից և արաբական աշխարհի պայթյունավտանգ իրավիճակից: Իհարկե, որոշակի ռիսկ է պարունակում լիբանանյան ընդդիմության հետ միանշանակ համաձայնելը, թեպետ համոզված եմ, որ Արևմուտքը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և մյուս պետությունները, որոնք պահանջում են Ասադի հեռանալը, հենց նրան են մեղադրելու կատարվածի մեջ:
Մյուս կողմից` չի կարելի աներկբա բացառել սիրիական ռեժիմի նախաձեռնությունն այդ ոճրագործության մեջ: Բոլոր դեպքերում, ըստ իս, Լիբանանում ընթացող բոլոր գործընթացները` լինի արտաքին թե ներքին, այս կամ այն կերպ կապված են արևելյան հարևանի հետ: Իսկ հասկանալու համար, թե ինչ մոտիվացիա կարող էր ունենալ Դամասկոսն այդ քայլին գնալու համար, հարկավոր է նկատի ունենալ նրա և Բեյրութի հարաբերությունները` նախկինում և ներկայումս:
Դրանք ի սկզբանե եղել են ասիմետրիկ` ոչ հավասարազոր, ինչպես սյուզերեն-վասալ փոխհարաբերություններն են լինում: Սիրիան եղել է Լիբանանի «մեծ եղբայրը» և ձգտում է այդպիսին էլ մնալ, անգամ այժմ, երբ իր սեփական ռեժիմի գոյությունն է կախված մազից: Եթե ենթադրենք, որ ահաբեկչությունը կազմակերպված է Ասադի կողմից, ապա ի՞նչ ազդանշաններ է նա ուղարկում Լիբանան: Առաջին ազդանշան. «Չփորձեք որդեգրել հակասիրիական դիրքորոշում»: Երկրորդ ազդանշան. «Եթե իմ իշխանությունը տապալվի, ձեր երկրում ծայր կառնի միջկոնֆեսիոնալ պատերազմ»: Իսկ որ կրոնական ընդհարումներ արդեն կան Լիբանանում, իրողություն է. Տրիպոլիում ավելի ու ավելի հաճախ են բախվում ալավիները և սուննիները:
– Իսկ որքանո՞վ են հավանական Լիբանանում ընդհանրապես միջհամայնքային` միջկրոնական ընդհարումները:
– Հավանականությունը միշտ էլ մեծ է, եթե նկատի առնենք մերձավորարևելյան պերմանենտ մխացող ռազմա-քաղաքական հրաբուխը, որն ամեն վայրկյան կարող է ժայթքել, հատկապես հիմա, երբ «արաբական գարունը» տակնուվրա է արել ողջ տարածաշրջանը, իսկ Սիրիայում իսկական պատերազմ է:
– Իսկ ի՞նչ է իրենից ընդհանրապես ներկայացնում Հըզբոլլահը, և ի՞նչ դեր է նա խաղում Լիբանանի կյանքում:
– Հըզբոլլահը, որը թարգմանվում է` Աստծո (ալլահի) կուսակցություն, ռազմա-քաղաքական, շիական կազմակերպություն է` հիմնված 1982 թվականին Իրանի և Սիրիայի նախաձեռնությամբ: Գաղափարախոսությունն է` արաբական նացիոնալիզմ, իսլամիզմ, շիիզմ: Շատ երկրների կողմից ճանաչված է` որպես ահաբեկչական կազմակերպություն: Ֆինանսական և ռազմական օգնություն է ստանում Իրանից և Սիրիայից: Համարվում է այդ երկրների հինգերորդ մարտական շարասյունը Լիբանանում: Հըզբոլլահը մինչև ատամները ժամանակակից տեխնիկայով զինված և լավ մարզված տասը հազարանոց կառույց է Լիբանանում, որը, փաստորեն, պետություն է պետության մեջ` կապված Դամասկոսի հետ:
Պատկերացնելու համար, թե որքան սերտ են այդ կապերը, բավական է ասել, որ Հըզբոլլահը զինամթերքի մի մասը պահում է Սիրիայում. ստույգ տվյալներով` այստեղ նա ունի «երկիր-երկիր», M-600 և Սկատ տիպի մեծաքանակ հրթիռներ: Վերջերս Հըզբոլլահը գրոհայիններ ուղարկեց Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններ` սիրիացի շիաներին պաշտպանելու նպատակով:
Այս ամենը պերճախոս կերպով վկայում է այն մասին, որ Ասադը ցանկության դեպքում կարող է մանիպուլյացնել Հըզբոլլահը Լիբանանում` իրադրությունը ապակայունացնելու, հեղաշրջում իրականացնելու և իրեն ձեռնտու ուժերին իշխանության բերելու նպատակով: Այս ամենը նկատի ունենալով` լիբանանցիները, հատկապես` նրանց ոչ մուսուլման հատվածը, միշտ էլ վախով ու կասկածանքով է նայում Հըզբոլլահի կողմը: Բացի այդ, պաշտոնական Լիբանանը հարցականի տակ է դնում երկիրը պաշտպանելու Հըզբոլլահի անկեղծությունը, երբ վերջինս ատամներով պաշտպանում է Իրանի և Սիրիայի շահերը, ինչպես նաև` երկիրը դնում է հարվածի տակ, երբ ռազմատենչ հայտարարություններ է անում Իսրայելը կործանելու ուղղությամբ:
Այնպես որ, եթե Հըզբոլլահն ակտիվացնի իր գործունեությունը` որպես շիիզմի մարտական ջոկատ, միջհամայնքային հարաբերությունները երկրում կարող են միանգամից սրվել: Այդ դեպքում կբախվեն ոչ միայն ալավիներն ու սուննիները, ինչպես հիմա է: Իրար դեմ դուրս կգան շիաներն ու սուննիները, քրիստոնյաներն ու մուսուլմանները: Իսկ դա արդեն քաղաքացիական պատերազմ է:
– Դուք նկատի ունեք, որ հայերն այդ դեպքում ևս կներքաշվե՞ն արյունահեղության մեջ:
– Այո՛: Ընդ որում, դա կլինի ավելի վտանգավոր, քան լիբանանյան 17-ամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ էր, որի ընթացքում հայ համայնքը կարողացավ պահել իր չեզոքությունը և համեմատաբար քիչ տուժեց: Հիմա ամեն ինչ փոխվել է, և՛ ժամանակներն են այլ, և՛ վտանգն է ավելի մեծ: Լիբանանի հայ համայնքը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի քավարանով: Երբեմի 250-300 հազարանոց ծաղկուն համայնքը, ինչպես ընդունված էր ասել` երկրորդ Հայաստանը, այսօր, իմ տվյալներով, հաշվվում է 50-60 հազար մարդ: Իսկ թե ինչ կլինի այդ համայնքի հետ, եթե, Աստված ոչ անի, սիրիական ռեալիան տեղափոխվի Լիբանան, ես չէի ցանկանա մեկնաբանել անգամ:
– Այսինքն` Լիբանանն իրո՞ք վտանգված է:
– Ոչ միայն Լիբանանը: Վտանգված է Մեծ Մերձավոր Արևելքը, և առաջին հերթին` քրիստոնեությունը: Ժողովրդագրական բալանսը կատաստրոֆիկ կերպով փոխվում է` ի օգուտ մահմեդականության: Եթե մեկ դար առաջ քրիստոնյաներն այստեղ կազմում էին բնակչության մեկ քառորդը, այսօր իջել են 5 տոկոսի: Երկու դար հաշվվող Իրաքի 1,5 միլիոնանոց քրիստոնեական համայնքը, ներառյալ` հայերը, գրեթե վերացել է: «Արաբական գարնան» կայծը վերածվում է հրդեհի: Եթե այն չմարի, կընդգրկի և՛ Լիբանանը, և՛ ողջ Մերձավոր Արևելքը:
Իսկ մարման հավանականությունը, դժբախտաբար, գնալով փոքրանում է: Այդ է վկայում օրերս Դամասկոս այցելած ՄԱԿ-ի միջնորդ Բրահիմիի նախազգուշացումն այն մասին, որ սիրիական կոնֆլիկտը տարածաշրջանում կարող է պատճառ դառնալ պատերազմի և արյունահեղության: