Սերժ Սարգսյանը կընտրի Գագիկ Ծառուկյանին

Այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցելու է սեփական թեկնածուով, արդեն գրեթե կասկած չի հարուցում: Հատկապես ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո, որ ԲՀԿ-ն պետք է ունենա իր թեկնածուն, և, եթե դա չլինի Գագիկ Ծառուկյանը, ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը:

Իհարկե, սա դեռևս ԲՀԿ-ի դիրքորոշումը չէ, ԲՀԿ-ականներն առայժմ հայտարարում են միայն, որ հարգում են Օսկանյանի կարծիքը և դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Բայց մյուս կողմից՝ հասկանալի է, որ Օսկանյանը չէր կարող նման հայտարարություն անել՝ առանց Ծառուկյանի հետ խորհրդակցելու: Առավել ևս, երբ այդ հայտարարության նախօրեին Ծառուկյանը միջնորդավորված հայտարարում է, որ ինքն ամբողջությամբ տեղյակ է Օսկանյանի շուրջ կատարվող գործընթացից, և, սկսած փաստաբանների ընտրությունից՝ մինչև կուսակցության «կոշտ հայտարարություն», տեղի է ունեցել իր վերահսկողությամբ: Իսկ եթե Օսկանյանն այդ հայտարարությունն արել է առանց Ծառուկյանի հետ խորհրդակցելու, այսինքն՝ ի հեճուկս նրա, ապա դա վկայում է, որ ԲՀԿ-ում լուրջ ներքին խնդիր կա, որն առաջիկայում ավելի  սուր արտահայտություններ կունենա:

Անկախ ԲՀԿ-ի ներքին խնդիրներից, այս պահին կարելի է արձանագրել, որ, ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությունը նախագահական ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով: Դեռևս թեկնածու լինելու ուղիղ հայտ է ներկայացրել միայն Վարդան Օսկանյանը՝ իհարկե, «միայն Ծառուկյանից հետո»  վերապահումով:
Մինչ ԲՀԿ-ում ընտրություն կկատարեն իրենց «թեկնածուների» միջև, հետաքրքիր է՝ ո՞ւմ կընտրի, ավելի ճիշտ՝ կնախընտրի իշխանությունը՝ Օսկանյանի՞ն, թե՞ Ծառուկյանին: Թերևս, Գագիկ Ծառուկյանին:

Որքան էլ զանազան սոցիոլոգներ հայտարարեն, թե ԲՀԿ նախագահը Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է, որքան էլ գնահատականներ հնչեն այն մասին, որ «ժողովուրդը  Ծառուկյանին սիրում է», միևնույն է, Սերժ Սարգսյանի համար՝ որպես հիմնական մրցակից (իսկ, որ ԲՀԿ-ի թեկնածուն է լինելու գործող նախագահի հիմնական մրցակիցը, կարծես ընդունում են բոլորը), շատ ավելի ձեռնտու է հենց Ծառուկյանը, քան «փողերի լվացման մեջ մեղադրվող» Վարդան Օսկանյանը: Նախ՝ եթե իշխանության համար «մեղադրվող մրցակիցն» ավելի ցանկալի լինի, ապա դժվար չի լինի որևէ գործ հարուցել նաև Ծառուկյանի նկատմամբ, թեև, հազիվ թե նման բան տեղի ունենա: Այսինքն՝ որպես խոցելի մրցակից՝ Ծառուկյանի «հնարավորությունները» շատ ավելի մեծ են: Եթե Օսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, գուցե, առավելագույնն է, որ իշխանությունը կարող էր անել նրա դեմ, ապա Ծառուկյանի դեպքում շատ ավելի լուրջ գործեր կարող են «առաջանալ»:

Բացի այդ, Ծառուկյան, թե Օսկանյան` երկընտրանքում ԲՀԿ նախագահն ավելի նախընտրելի է այն պարզ պատճառով, որ նա քաղաքական դեմք չէ:

Գուցե իսկապես Գագիկ Ծառուկյանը շատ բարձր վարկանիշ ունի, գուցե իսկապես ժողովուրդը նրան անսահման սիրում է, բայց, այդքանով  հանդերձ, նա՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու, քաղաքական դեմք  չէ: Ինչը բնականաբար, չի կարելի ասել Վարդան Օսկանյանի մասին:

Զուտ նախընտրական պայքարի տրամաբանությամբ՝ Օսկանյանը Սերժ Սարգսյանի համար կարող է ավելորդ «գլխացավանք» դառնալ: Սերժ Սարգսյանի ցանկացած գործողության, ցանկացած հայտարարության Օսկանյանը պատասխանելու է քաղաքական հարթությունում, իսկ նրա ցանկացած պատասխան Սերժ Սարգսյանից պահանջելու է հակապատասխան, և այդպես շարունակ: Մի խոսքով, Օսկանյանի առաջադրումը, ըստ էության, պակաս ձեռնտու է իշխանությանը, քան Գագիկ Ծառուկյանինը: Վերջինս իր ոճով կամ գուցե մի քիչ ավելի «քաղաքական» ելույթներ է ունենալու, խոսելու է ժողովրդի մասին, հայտարարելու է, որ իրեն ոչինչ պետք չէ, և այդպես շարունակ:

Դրանք, իհարկե, հասարակության վրա որոշակի ազդեցություն կթողնեն, սակայն բավական է որևէ լուրջ հարցում իշխանությունը Ծառուկյանից քաղաքական  գնահատականներ պահանջող իրավիճակ ստեղծի, որ  նրա հռետորաբանությունն ավարտվի: Պատկերացրեք Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ որևէ հեռուստաբանավեճ, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հարցի կամ քաղաքակրթական արժեհամակարգի մասին:

Սերժ Սարգսյանը ցանկացած թեմայով կարող է Ծառուկյանի նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանել: Նույնը չի կարելի ասել Վարդան Օսկանյանի մասին, ում մասնակցության պարագայում կարող է տեղի ունենալ ճիշտ հակառակը, այսինքն՝ նախկին արտգործնախարարը կարող է «կրել» Սերժ Սարգսյանին՝ գրեթե ցանկացած թեմայով բանավեճում:  Իսկ Սերժ Սարգսյանին, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, այդ լարվածությունը հաստատ պետք չէ:

Բացի այդ, Ծառուկյանը՝ դառնալով նախագահի թեկնածու, մեծապես տարանջատվելու է Ռոբերտ Քոչարյանից, ինչը ևս շատ ձեռնտու է իշխանությանը: Նույնը չի կարելի ասել Վարդան Օսկանյանի դեպքում, ով որպես թեկնածու՝ ավելի շատ լինելու է Քոչարյանի ներկայացուցիչը նախագահական ընտրություններում:
Այս համատեքստում Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես իշխանության համար Ծառուկյանի թեկնածության շահեկանությունը հիշեցնելու փորձ: Շնորհակալ կլինի՞ իշխանությունը դրա համար Օսկանյանին, թե՞ ոչ՝ցույց կտան առաջիկա իրադարձությունները:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս