«Կոմիտասը Եղեռնի սիմվոլը չէ»
Հարցրեք քաղաքական էլիտայի որևէ ներկայացուցչի` ինչո՞վ է զբաղվում ազատ ժամանակ: Կպարզվի, որ բոլորն ընթերցում են Նարեկացի և զուգահեռաբար լսում Կոմիտաս: Կոմիտասին է՛լ ավելի մոտենալու ցանկությամբ է հավանաբար առաջնորդվել նաև երկրի նախագահը, երբ տակավին վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին առաջարկել է Երևանում ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Գաղափարը, դժվար որևէ մեկն առարկի, իրո՛ք հաջող է: Նախագահի հաջորդ միտքը` մայրաքաղաքի կենտրոնում կառուցել Կոմիտասի և, առհասարակ, բոլոր ժամանակների հայ նահատակների հիշատակը հավերժացնող «Սրբոց նահատակաց» եկեղեցի, վկայում է, որ նախագահը վաղուց մայրաքաղաքի կենտրոնում չի եղել, հակառակ դեպքում կնկատեր` եկեղեցիների պակաս մայրաքաղաքի կենտրոնում չկա:
Չկա նաև ազատ ոչ մի սանտիմետր:
Երաժիշտները ևս շատ ոգևորված են թանգարան-ինստիտուտի գաղափարով և նույնքան էլ հուսահատված` քաղաքի կենտրոնում նոր եկեղեցի ունենալու հեռանկարից: Վկան` իմ զրուցակիցը` կոմպոզիտոր, ս.թ. հոկտեմբերի 2-ին Երիտասարդ կոմպոզիտորների հանրապետական մրցույթի առաջին մրցանակակիր Ժիրայր Շահրիմանյանը:
– Ժիրա՛յր, նախ` շնորհավորում եմ հաղթանակի առիթով: Դուք ևս ոգևորված եք նախագահի գաղափարով, սակայն, այդուհանդերձ, մտահոգություն ունեք:
– Ես միանշանակ կողմ եմ և ոգևորված եմ այդ փաստից, պարզապես գաղափարը խիստ ուշացած եմ համարում: Կոմիտասը ծնվել է 1869 թվականին, հիմա 2012 թվականն է: Իմ մտահոգությունն այն է, որ այս գաղափարի հիմքում քաղաքականություն կա. պատահական չէ, որ այն ծագել է նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ: Եվ հետո` հարց ունեմ այն մարդկանց, ովքեր թանգարան-ինստիտուտի նախագծի հրապարակման օրն ուշադրությամբ ունկնդրում էին երկրի նախագահին (նրանց մեջ, ի դեպ, շատ էին պարկեշտ մտավորականներ)` միացնո՞ւմ եք, առհասարակ, հեռուստացույցը, չե՞ք նկատում` ուր է գնում մեր դարավոր մշակույթը, ինչպես է անդունդ գլորվում:
– Ուզում եք ասել` Կոմիտասին մոռացե՞լ են: Ձեզ կհակադարձեն` Կոմիտասի անունը կրում են պետական կոնսերվատորիան, Պանթեոնը, կամերային երաժշտության տունը, ի վերջո, պողոտան…
– Գիտեք, թերևս Ձեր թվարկածից մնացել է միայն պողոտան: Կոմիտասի անվան կոնսերվատորիա մենք ունեցել ենք: Այսօր կոնսերվատորիան կարելի է անվանել ցանկացած «ժողովրդական» համարում ունեցող երգչի անունով, որովհետև նրանից գրեթե ոչինչ չի մնացել: Ես ամաչում եմ այսօր մտնել այդ կոնսերվատորիան. ընկերներս կփաստեն:
Վերջին 22 տարիներին որակական հսկայական անկում ապրեց այդ կրթահամալիրը, և այսօր, իմ կարծիքով, բուժվելու որևէ շանս չունի: Գտնում եմ, որ պետք է ստեղծել լրիվ նոր կոնսերվատորիա` նոր մարդկանցով: Ունենք աշխարհասփյուռ հրաշալի երաժիշտներ, որոնցից շատերը չեն վերադառնում միայն այն պատճառով, որ չեն ցանկանում կոնսերվատորիայի հետ գործ ունենալ: Ժամանակն է, որ հավաքենք այդ տաղանդավոր մարդկանց և ստեղծենք իսկական, եվրոպական չափանիշներին համապատասխանող կոնսերվատորիա: Այս կոնսերվատորիան վերածվել է ռաբիս կամ. այսպես ասած, էստրադային երգիչների ինստիտուտի:
– Կոմիտասի անունը կրող թանգարան-ինստիտուտը կարող է դառնալ կենտրոն, որը կարող է համախմբել Ձեր նշած «աշխարհասփյուռ երաժիշտներին»: Դա գիտական կենտրոն է լինելու, որը հնարավորություն կտա երիտասարդ երաժշտագետներին` իրենց մասնագիտությամբ զբաղվել:
– Եկեք չշփոթենք թանգարանն ու գիտական կենտրոնը կենդանի երաժշտական օրգանիզմի հետ. ոչ մի ջութակահար կամ դաշնակահար թանգարանում չի աշխատում. նրանք (նաև կոմպոզիտորները) աշխատում են համերգային դահլիճներում և ձայնագրման ստուդիաներում: Այդ թանգարանում կաշխատեն թանգարանի աշխատակիցները, ինչպես Արամ խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններում:
– Երկրի նախագահն իր խոսքում նկատեց, թե Կոմիտասը չպետք է միայն կուռք լինի, որին պաշտում են:
– Նախագահի խոսքը շատ չփոխեց կարծրատիպը` խոսվեց Ցեղասպանության, նահատակների մասին: Այսինքն` Կոմիտասին դարձյալ փորձում ենք պահել` որպես Եղեռնի սիմվոլ, և ոչ թե` որպես երաժիշտ, որի առաջ խոնարհվում է աշխարհի ցանկացած երաժիշտ: Դա է Կոմիտասը, ոչ թե արձան, որի ոտքերի տակ տարին մեկ կամ երկու անգամ ծաղիկ են դնում:
– Մենք ունե՞նք մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել խազերի վերծանությամբ, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության գիտական ուսումնասիրությամբ: Դուք այնպիսի տոնայնությամբ խոսեցիք կոնսերվատորիայի որակի մասին, որ ստիպված ենք կասկածել` թանգարան-ինստիտուտում կլինե՞ն կոնսերվատորիայի շրջանավարտներ:
– Կարող եմ տալ մեկ կոմիտասագետի անուն` Արթուր Շահնազարյան: Հիացած եմ իր արած աշխատանքով` հատորներ ունի թե՛ խազագիտության, թե՛ մեր երաժշտական ժառանգության վերաբերյալ: Նա ինձ համար Կոմիտասի ինստիտուտ է:
– Դուք ապրել եք արտասահմանում, շփվել եք երաժիշտների հետ, հետևաբար, կարող եք ասել` որքանո՞վ է Կոմիտասը հայտնի օտարազգի երաժիշտներին, և որքանո՞վ կարող է նրան ուսումնասիրելու ցանկությունը Հայաստան բերել նաև արտասահմանցի երաժիշտների:
– Կոմիտասը դրսում այդքան էլ հայտնի չէ: Օրինակ` Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին այլ էր: Նա գնաց Մոսկվա, ավարտեց այնտեղի կոնսերվատորիան, ճանաչվեց աշխարհում իր բալետներով, սիմֆոնիկ գործերով, որոնք իր կենդանության օրոք կատարվում էին: Կոմիտասի դեպքում այդպես չեղավ` կապված նաև նրա կյանքի ողբերգական ավարտի հետ: Կոմիտասը հիմնականում գրեց խմբերգային երաժշտություն, որոնք դրսում գրեթե չեն կատարվել:
Նրա հիմնանական ժառանգությունը` հատորների մեծ մասը, երգչախմբային երաժշտություն է` հայերեն լեզվով: Իսկ դա լուրջ խոչընդոտ է: Իմ երգչախմբային ստեղծագործություններից այսօր դրսում կատարվում են նրանք, որոնք լատիներեն են կամ անգլերեն: Կարելի էր հայերեն պարտիտուրներում երգի հայերեն բառերը գրել նաև լատինատառ. դա հնարավորություն կտա Կոմիտասի երաժշտությունը դուրս հանել:
– Հայ ժամանակակից և անգամ դասական համարվող կոմպոզիտորների գործերն այնքան էլ հաճախ չեն կատարվում: Եթե կատարվում էլ են` կիսադատարկ դահլիճներում: Երիտասարդ կոմպոզիտորների համար, թերևս, կրկնակի բարդ է` ներկայանալ ունկնդրին, համերգներ ունենալ:
– Այսօրվա հանրությանը, խոշոր իմաստով, ոչ մի կոմպոզիտոր էլ հայտնի չէ: Իսկ ովքեր սիրում են երաժշտություն, դահլիճներում են: Ինքս ունեմ տարածության ռեալ պատկերացում, և այդ հարաբերակցությունը` որակյալ երաժշտասերների թիվը, դահլիճների քանակը, տարողունակությունը, ինձ համար համարյա գիտական մակարդակով պարզ է: Կա այլ խնդիր. մեր երաժիշտները գնում են: Իմ գործը, որն առաջին մրցանակ շահեց, լարային կվարտետ է: Այսօր Հայաստանում լարային կվարտետ չի մնացել, որ դիմեի` իմ գործը կատարելու: Հավաքվեցին ֆիլհարմոնիկ նվագախմբի առանձին երաժիշտներ: Կոմիտասի թանգարան ենք բացում, իսկ լարային մեկ քառյակ էլ չունենք:
– Ինչպե՞ս, իսկ Կոմիտասի անվան լարային քառյա՞կը:
– Կոմիտասի անվան լարային քառյակը նվագում է բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորություններին: Թվարկեցիք Կոմիտասի անունը կրող կառույցները: Դրանցից յուրաքանչյուրին կարող եմ անդրադառնալ` հատ-հատ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը շղթայված է սրճարաններով: Հենց հոկտեմբերի 2-ին այդ սրճարաններից հնչող երաժշտությունը խանգարում էր համերգին: Ո՞ւր էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, երբ Կոմիտասի անունը կրող կամերային երաժշտության տունը շրջափակվում էր անորակ, ռաբիս երաժշտություն պրոպագանդող սրճարաններով:
– Երբ լսում ես Բախի, Մոցարտի, Կոմիտասի երաժշտությունը, այն անմիջապես, նույն վայրկյանին վերցնում է քեզ: Ինձ իրավունք չեմ վերապահում գնահատել ժամանակակից կոմպոզիտորներին, սակայն շատ են դեպքերը, երբ ժամանակակից կոմպոզիտորների գործերը մինչև վերջ լսելու համար շատ էներգիա, ջանք է պետք:
– Շատ եմ հավանում միտքը, թե երաժշտություն լսելը ևս արվեստ է: Ժամանակակից արվեստը` քանդակ, նկարչություն, երաժշտություն, հասկանալու համար պետք է ունենալ լուրջ պատրաստվածություն: Վերջերս լսեցի, որ ուսանողները բողոքում են, թե համերգների տոմսերը թանկ են, իրենց ներս չեն թողնում:
Սիրելի՛ ուսանողներ, բազմաթիվ համերգներ կան, մասնավորապես` ժամանակակից կոմպոզիտորների համերգները, երբ մուտքն ազատ է, սակայն դահլիճները կիսադատարկ են: Եկել էր Բորոդինի անվան լարային քառյակը` Մոսկվայից: Հրաշալի համերգ էր, իսկ դահլիճում համարյա ուսանող չկար:
– Գիտեմ, որ Ձեզ առանձնապես չի ոգևորել մայրաքաղաքի կենտրոնում ևս մեկ եկեղեցի ունենալու միտքը:
– Որքա՞ն կարելի է մայրաքաղաքի կենտրոնը խեղդել եկեղեցիներով, երբ ունենք գյուղեր, ուր եկեղեցի չկա: Նման գաղափարն անգամ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների մոտ է դժգոհություն առաջացնում: Մենք այսօր քաղաքում դահլիճների խնդիր ունենք: Կոմիտասի մասին մտածելիս` պետք է մտածել երաժշտության, ոչ թե եկեղեցիների մասին: Եկեղեցիներ, փառք Աստծո, շատ ունենք: Չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող համերգասրահ. մեր համերգասրահներից կատարած ձայնագրությունները սիրողական մակարդակի են: