Բաժիններ՝

Բրիտանական մամուլն է հայտնում, թե Հայաստանն «Օսկարին» ինչ ֆիլմով է ներկայանալու

Բրիտանական «Screen International»-ի փոխանցմամբ` Հայաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայանալու է դրամայով: Tert.am-ը` հղում անելով «Screen International»-ին, գրում է, որ այդ ֆիլմը լինելու է` «Եթե բոլորը…» ժապավենը (ռեժիսոր՝ Նատալյա Բելյաուսկինե, պրոդյուսեր՝ Միքայել Պողոսյան):

 

 

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Screen International»-ը ֆիլմի առիթով մասնավորապես գրում է. «Նատալյա Բելյաուսկինեի «Եթե բոլորը…» աշխատանքը բարձր կպահի եվրասիական այդ երկրի պատիվն արտասահմանում: Իսկ դրա հյուսիսամերիկյան անդրանիկ ցուցադրությունը կլինի այն, որ դրանով կփակվի Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոնը դեկտեմբերի 1-ին»:

Ֆիլմը պատմում է Ղարաբաղի պատերազմի ու դրա հետևանքների մասին՝ ռուսահայ աղջկա անձնական դրամայի միջոցով: «Եթե բոլորը…» ժապավենը արժանացել է 2012-ի «Ոսկե ծիրան» մրցանակներին:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը  հաստատել է «Screen International»-ի այս տեղեկությունը:

Պարզվում է՝ Հայաստանը «Օսկարին» ներկայացնող ֆիլմն ընտրել է նորաստեղծ Հայաստանի ազգային Կինոակադեմիան (նախագահ՝ Դավիթ Մաթևոսյան): Նախկինում նման գործառույթ իրականացրել է կինոգործիչների «Օսկարի» հանձնաժողովը:

Ամերիկյան կինոակադեմիան հայտը կհաստատի կամ կմերժի հոկտեմբերի 8-ին:

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը «Օսկարին» ներկայանալու է ևս հայազգի ռեժիսորի աշխատանքով՝ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրով»: Դա, ի դեպ, ևս պատերազմական դրամա է:

Բեմադրող ռեժիսորը Նատալյա Բելյաուսկենեն  է, գլխավոր պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը: Ֆիլմում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լևոնյանը, Կարեն Ջանգիրովը և այլ դերասաններ:

«Պատմությունը ես հորինեցի, որը շատ ճշգրիտ է. կարող էր նման պատմություն տեղի ունենալ այդ պատերազմի ընթացքում: Այն գրել եմ Թերեզա Վարժապետյանի հետ»,- դեռևս հունվար ամսին BRAVO.am-ին ասել էր ֆիլմի գաղափարակիր,  պրոդյուսեր, սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը:

«Եթե բոլորը…» ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը  զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել  նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ…

Միքայել Պողոսյանը Bravo.am-ին ասել էր, թե Արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմում շեշտադրվել է խաղաղությունը. «Այն պատերազմյան պատմություն է, բայց խաղաղության մասին, որը մենք շատ թանկ գնով ենք ձեռք բերել: Մինչ օրս շատերի համար պատերազմը դեռ չի վերջացել. սա  անդրադարձ է այն օրերին, այն մարդկանց, որոնք մինչ օրս ապրում եմ մեր կողքին, արարում, բայց պատերազմի արձագանքը մինչեւ կյանքի վերջ, իմ կարծիքով, իրենց կհետապնդի»:

Խոսելով ֆիլմի անվան ընտրության մասին` սցենարի համահեղինակը նշել է, որ այն լայն իմաստ է  պարունակում. ««Եթե բոլորը…» Մենք այն իրավիճակում ենք, որ կարևոր կետերում բոլորս պետք է մեկ լինենք…»,- Bravo.am-ին ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս