Գերակա ուղղություններ` միջազգային ճանաչման համար

Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո, վերընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին ուշագրավ հայտարարությունը կարող ենք ամփոփել հետևյալ կետերում. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ստեփանակերտի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից  է»:

Այս հաստատումը առաջին հայացքից շատ օրինաչափ ու որևէ նորություն չպարունակող  բովանդակություն ունի: Պարզ է, որ Արցախի իշխանությունների արտաքին քաղաքականության հիմնական առաջադրանքներից, եթե ոչ հիմնականը, պիտի լինի Արցախի հարցի կարգավորումը: Ուշադրությունը կենտրոնանալու է հայտարարության առաջին եզրույթի վրա` «ադրբեջանա-ղարաբաղյան»: Նման ձևակերպման օգտագործումը ինքնին հստակ ուղերձներ է բովանդակում:

«Հայ-ադրբեջանական» փոխարեն «ադրբեջանա-ղարաբաղյան» բառեզրի օգտագործումը հստակորեն հակամարտության ձևաչափի մասնակիացում է: Խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորշումն է, ուրեմն Արցախի և Ադրբեջանի միջև է: Կշարունակվի տրամաբանությունը: Ինքնորոշվող կողմն է, որ պիտի բանակցի Ադրբեջանի հետ. փաստորեն, հայտարարության երկրորդ բաժնում երևում է բանակցային ա՛յս փլիսոփայությունը:

«Որևէ վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով` ուղիղ երկխոսության միջոցով»: Այստեղ ևս առերևույթ շատ դասական մոտեցում ընդգրկող հայտարարություն է կատարվածը: Բնական է, որ ինքնորոշված հանրապետության ղեկավարը պիտի խոսի բացառապես խաղաղ միջոցներով հարցը լուծելու մասին` որևէ վեճի շուրջ բանակցելու և երկխոսելու պատրաստակամություն ցույց տալով: Այստեղ կարևորը «ուղիղ բանակցություն» բառակապակցությունն է, որը կապվում է հայտարարության առաջին բաժնի հետ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ` Ստեփանակերտ-Բաքու  ուղիղ բանակցությունների ձևաչափի ամրագրման անհրաժեշտության ընդգծում, կամ այլ ձևակերպմամբ` Ստեփանակերտի ներգրավումը բանակցություններում:

Այս երկրորդ բաժինը անուղղակի ուղերձ է հղում նաև Թուրքիային, որը հայ-թուրք հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանին սիրում է հանգերգել հայերի հետ բոլոր տեսակի վեճերը լուծելու համար երկխոսության պատրաստ լինելու իր դիրքորոշումը: Սակայն երկխոսությանն առընթեր Անկարան չէր մոռանում հիշեցնելու իր նախապայմանները, որոնցից առաջինը Արցախից հայկական ուժերի հեռացումն էր:

Հիմա Արցախի նախագահը ևս նույն ոճն է վերադարձնում ադրբեջանցիներին և թուրքերին անմիջապես հավելելով, որ «խոսք չի կարող լինել մեր անկախության և անվտանգության նույնիսկ նվազագույն թուլացման մասին»: «Մեր ազգի համար սրանք բացառիկ արժեքներ են և ենթակա չեն սակարկության»: Ուրեմն, Արցախի իշխանությունները պատրաստ են ուղղակի բանակցել Բաքվի հետ և քննարկել որևէ հարց` քաղաքական, ռազմական, թե մարդասիրական: Քննարկման ենթակա չեն լինելու Արցախի անկախությունն ու անվտանգությունը:

Անկախության առընթեր անվտանգությունը ևս սակարկելի կամ քննարկելի չնկատելը բնականաբար կվերաբերի Արցախի անվտանգության գոտուն, այլ խոսքով ազատագրված տարածքներին, որոնք անվտանգության անփոխարինելի երաշխիք են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար: և հայտարարության վերջին հաստատումը` «Հակամարտության լուծման կից արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է առաջադրել ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»:

Շատ պարզ է տրամաբանությունը: Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ: Սաֆարովի գործարքից հետո երևութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ:

Առաջին հայացքից բանակցություններին ընդառաջ գնալու և որևէ հարցի շուրջ երկխոսելու պատրաստ Արցախի իշխանությունների այս պաշտոնական կեցուածքն իր խորքում պաշտոնական Երևանի կարծրացման քաղաքականության դրսևորած շեշտադրումներին համահունչ է: Վերընտիր նախագահ Բակո Սահակյանն առաջին հայտարարությամբ գերակա ուղղություն  է նկատում Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը հակամարտության բնութագրման բառապաշարը ներկայացնելով որպես «ադրբեջանա-ղարաբաղյան»:   Երևանը այստեղ խնդրի կարգավորման գործընթացում հովանավորողի, անվտանգության երաշխիքի, ռազմավարական գլխավոր դաշնակցի և արտակարգ գործընկերոջ դերը ստանձնելու կնախապատրաստվի հայտնապես: Այդ պատճառով էլ իրավական փաստաթղթով հատուկ դաշինքը կամ ռազմավարական յուրահատուկ պայմանագիրը իրեն անհետաձգելիորեն զգալի  է դարձնում` որպես անհրաժեշտություն:

Գուցե Սաֆարովի գործարքը լավ առիթ էր նման քաղաքական գործողություններ ծավալելու: Ի վերջո հայտարարությունում նշված բոլոր կետերը և մանավանդ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ձևաչափը իբրև գերակա ուղղություն առաջադրելը կարևոր նախաքայլ է Արցախի միջազգային ճանաչման համար: ՀՀ-ԼՂՀ ռազմավարական դաշինքը լիարժեք կնպաստի այդ առաջադրանքի իրականացման աշխատանքներին:

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

 

Տեսանյութեր

Լրահոս