«Դա ընդամենը «գիշատիչ սարդերի» միջկլանային պայքար է»
Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ են ԲՀԿ ներկայացուցիչները խուսափում անդրադառնալ նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափի, թեկնածուի, առհասարակ, նախագահական ընտրությունների թեմային:
– Այդ հարցերից խուսափելու իրենց կեցվածքը միանգամայն հասկանալի է: ԲՀԿ ղեկավարն անցյալ տարվա փետրվարին ստորագրել է կոալիցիոն հուշագիր, որն իր վրա շատ կոնկրետ պարտավորություն է դնում: Այդ պարտավորությունից հրաժարվելու և նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու մասին ԲՀԿ-ն չի հայտարարել: Մյուս կողմից` խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ մեծամասնությունը չփոխվեց, ու ՀՀԿ-ն պահպանեց իր մենաշնորհը: ԲՀԿ-ն չնայած դուրս եկավ կոալիցիայից, բայց դրանով միայն վիժեցրեց հետընտրական զարգացումների հնարավորությունը` փոխակերպելով այն կոալիցիայից դուրս գալու քայլով: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն, սակայն, շարունակում է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, իհարկե` ոչ ֆորմալ տեսքով: Դրա վառ օրինակը Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններն էին ու այդ ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին միասնաբար սատարելը:
– Որքանո՞վ եք հավանական համարում նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական մեկ թեկնածուով հանդես գալու հնարավորությունը:
– Պետք է նշեմ, որ միասնական թեկնածուի առաջքաշման հարցում ես որևէ նախադրյալ չեմ տեսնում: Այլ հարց է, որ նրանք համագործակցում են: Բայց ինչ վերաբերում է միասնական թեկնածուին, այն ենթադրում է, որ ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունների եթե ոչ` բոլոր ներկայացուցիչները, ապա` մեծ մասն ընդհանուր հայտարարի գան: ԲՀԿ-ն ընդամենը որոշակի համագործակցության նկրտումներ է դրսևորում: Բայց սրա պատճառն էլ նրանց որդեգրած մանևրային քաղաքականությունն է ընդդիմության ու իշխանության միջև: Նրանք լարախաղացությամբ են զբաղված ընդդիմության ու Սերժ Սարգսյանի միջև` փորձելով օգուտներ քաղել իրենց այլընտրանքային վիճակից:
– Ի՞նչ շահ ունի ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ համագործակցելուց:
– ԲՀԿ-ն մանևրելով երկու դաշտերի միջև, փորձում է պահպանել ձայների այն պաշարը, որը ստացել է ԱԺ ընտրությունների արդյունքում, ինչը, կարծում եմ, բարդ խնդիր է: Այս պատճառով «Բարգավաճի» համար կարևոր է ընդդիմադիր էլեկտորատի կողմից ստացած ձայների պահպանությունը: ԲՀԿ-ն հանդես է գալիս այլընտրանքային տարազով, որ համագործակցի նաև ընդդիմության հետ: ԲՀԿ-ի համար ընդդիմության հետ տարվող խաղն ինքնանպատակ չէ. նրանք ցանկանում են ընդդիմությանը որպես գործիք բանեցնելով` ճնշում գործադրել ՀՀԿ-ի վրա` ՀՀ նախագահից օգուտներ պոկելու նպատակով, ինչպես արեցին դա ՏԻՄ ընտրություններում: ԲՀԿ-ն ՀԱԿ-ին օգտագործում է որպես լծակ` ՀՀԿ-ից ու Սերժ Սարգսյանից օգուտներ քաղելու համար: Ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ այն փաստի վրա, որ ԲՀԿ-ն մինչ օրս հստակ չի հայտարարել` արդյոք նախագահական ընտրություններում հանդես կգա՞ սեփական թեկնածուով, թե՞ ոչ: Սա արվում է համագործակցության դաշտ ստեղծելու, իրենց ու ՀՀԿ-ի միջև «դուռը բաց թողնելու» և հետագայում սակարկելու համար: ԲՀԿ-ի գերնպատակը վարչապետի պաշտոնին տիրանալն է, ինչը կուսակցությունը չի էլ թաքցնում:
– Այսինքն` եթե ՀՀԿ-ն զիջի վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն կվերադառնա՞ կոալիցիա:
– Երկրի ռեսուրսները նվազում են, պետությունը խորանում է տնտեսական ճգնաժամի մեջ: Սահմանափակ ու նվազող ռեսուրսների տիրապետման հրամայականը ստիպում է մտահոգվել, թե ո՞վ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, ռեսուրսների վերահսկման դիրքը: Քանի որ տնտեսական աճ, ռեսուրսների քանակի ավելացում չի գրանցվում, կուսակցությունները ստիպված են մտածել մեկը մյուսից խլելու հաշվին իրենց դիրքերն ամրապնդելու մասին, դրա համար է սրվում պայքարը վարչապետի աթոռի համար: Այդ պայքարը, ինչպես հասկանում եք, որևէ առնչություն չունի հասարակ մարդկանց մտահոգող սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտության հետ:
– «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարել էր, որ վերջին իրադարձությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ընթացող միջնորդավորված պատերազմի մասին: Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ «պատերազմը» վարչապետի աթոռը չկիսելու հետևանք է:
– Մեծ հաշվով` այս լարվածությունը պայմանավորված է երկրի ռեսուրսների նվազմամբ, բխում է երկրի ճգնաժամային իրավիճակից, ու հասկանալի է, որ անհրաժեշտ է քաղաքական ու տնտեսական իշխանության ապակենտրոնացում: Այս ֆոնի վրա չի կարող չսրվել միջկուսակցական պայքարը: Սակայն այդ պայքարը ոչ թե մոտեցնում է, այլ էլ ավելի է հեռացնում քաղաքական դաշտը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումից: Դա ընդամենը «գիշատիչ սարդերի» միջկլանային պայքար է: Եթե կառավարության ղեկավարի պաշտոնը հասնի ԲՀԿ-ին, այդ դեպքում, բնականաբար, կամրապնդի ԲՀԿ-ի տնտեսական մենաշնորհը: Եթե ՀՀԿ-ն պահպանեց վարչապետի պաշտոնը, իր հաշվին վերաբաշխումներ տնտեսական դաշտում չեն լինի:
– Ի՞նչ եք կարծում, իր անդամներից ո՞ւմ է տեսնում ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնում: Վերջերս շրջանառվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ռ. Քոչարյանը լինի ԲՀԿ վարչապետի թեկնածուն:
– Ես մի առիթով ասել եմ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվում է մանևրել երեք նախագահների միջև: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Ծառուկյանը կարող է որոշակի ակնկալիքներ ունենալ երեքից էլ` որոշակի ժամանակահատվածում պահպանելով «բալանսը» նրանց միջև:
Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի կարող դառնալ ՀՀ վարչապետ: Մեր իշխանության պարագայում ամեն ինչ հնարավոր է: Ես ոչինչ չեմ կարող բացառել մի իրավիճակում, երբ խորհրդարանի ղեկավարը, ով պետք է լինի N1 հրապարակային գործիչը, հայտարարում է, որ միջին կարգի բիզնեսմեն լինելն ավելի դժվար է, քան` քաղաքական գործիչ: Երբ նման կարծիք է հայտարարվում ամենաբարձր ամբիոնից, ապա ցանկացած մեկին այսօր կարելի է պատկերացնել վարչապետի պաշտոնում: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի վարչապետ նշանակվելուն, ես թերահավատորեն եմ մոտենում այս տարբերակին, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքներում Քոչարյանին վարչապետ կնշանակի:
– Ի դեպ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուսումնասիրում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ մրցապայքարի մեջ մտնեն հանրապետության երեք նախագահները:
– Չեմ բացառում, սա միանգամայն հավանական է: Միշտ ասել եմ, որ 70% հավանականություն կա, որ նախագահականին կունենանք այս պատկերը: Իհարկե, սա լրացուցիչ ինտրիգ կհաղորդի ընտրություններին: Այս երեք քաղաքական այրերը, ովքեր պատասխանատվություն են կրում մեր նորանկախ պետության քսանամյա զարգացման արդյունքների, ձախողումների և ձեռքբերումների համար, նախագահական ընտրարշավի ժամանակ կարող են ծանրութեթև անել իրենց արածն ու չարածը: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին ու Լ. Տեր-Պետրոսյանին, ապա նրանք որոշակի իմաստով բախտակիցներ են, քանի որ հասկանում են, որ այս ընտրափուլը կլինի իրենց վերջին շանսը` վերադառնալու պետության ակտիվ կառավարման դերակատարությանը: Սա պայմանավորված է նրանով, որ այս ընտրությունները կատարվելու են ներկայի ու անցյալի միջև: Անցյալը ներկայանում է առաջին և երկրորդ նախագահների տեսքով, իսկ ներկան` գործող նախագահի: Սրանք անցումային շրջանին բնորոշ ընտրություններ են, քանզի ընտրությունը լինելու է ոչ թե ներկայի և ապագայի, այլ ներկայի ու անցյալի միջև: Սրանք այդ կարգի վերջին ընտրություններն են լինելու, որովհետև 2018 թվականից ընտրությունն այլևս կլինի ներկայի ու ապագայի միջև: Իսկ անցումային շրջանը կանցնի պատմության գիրկը: Կարծում եմ, որ այս ընտրությունների ֆավորիտը, ինչպես և նախորդ ընտրություններում, լինելու է գործող նախագահը:
– Լուրեր կան, որ Դուք ճանապարհներ եք փնտրում հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանին:
– Ձեր հարցը ինձ հիշեցրեց մի պատմություն, որի մասին ինձ պատմել է Էմմա Խուդաբաշյանը, ով Կարեն Դեմիրճյանի օրոք ՀԺԿ քաղխորհրդի անդամ էր: Է. Խուդաբաշյանն ինձ պատմել է, որ երբ Կ. Դեմիրճյանն ԱԺ նախագահ էր, Խուդաբաշյանին հին կոմունիստական նոմենկլատուրայի կարկառուն դեմքերը համոզել էին գնալու Կ. Դեմիրճյանի մոտ ու վերջինիս ասելու, թե իբր ես իրեն դավաճանում եմ, օրը մեջ հանդիպում եմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ: Խուդաբաշյանը տեղի տալով ինձ վերապահումներով վերաբերվող «կենտկոմականների» հորդորներին` այս «դեզան» մատուցում է Կ. Դեմիրճյանին: Ով, ի պատասխան` նրան շատ խիստ ձևով սանձել էր` ասելով, թե միանգամայն ողջունում է կուսակցության երկրորդ դեմքի և ՀՔՄ նախագահի շփումները բոլոր ազդեցիկ պետական այրերի հետ:
«Քաղաքագետը պետք է բոլորի հետ հանդիպի, որ ես իմանամ` իմ շուրջն ինչ է կատարվում»,- ասել էր Դեմիրճյանը: Այդպես կարող էր մտածել միայն իսկական քաղաքական առաջնորդը, ով երբեք կուլ չէր գնում բանսարկություններին և մերձքաղաքական բամբասանքներին: Ինչ վերաբերում է ապաքաղաքական պատուհասներին, ապա նրանք նման բանսարկություններին հակված են հավատալ ու դրանց հեշտորեն անձնատուր են լինում: Իմ մասին նման «դեզաներ» տարածողներն իրենք են յուրաքանչյուր նախադասությունից հետո քծնողաբար արտաբերում` «նախագահ ջան, նախագահ ջան»: Մինչդեռ որքան քիչ նրանց հետ շփվի երկրի նախագահը և, մյուս կողմից, որքան շատ խորհրդակցի քաղաքագետների հետ, այնքան լավ` երկրի համար: Ես` որպես ՀՔՄ նախագահ, պարտավոր եմ ամիսը մեկ անգամ հանդիպել նախագահի հետ:
– Իսկ հանդիպո՞ւմ եք:
– Այլ հարց է, որ չեմ հանդիպում: Նախագահը պետք է խորը, օբյեկտիվ վերլուծական մասնագիտական տեսակետ ստանա, որն այսօր կարող է տրամադրել առաջին հերթին ՀՔՄ-ն: Մեր իշխանությունը, ցավոք, նաև այս հարցում ադեկվատ չէ: