Բաժիններ՝

Ռիսկերը զրոյացնելու ռիսկերը

ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանն այսօր ամփոփել է այս տարվա առաջին 6 ամիսներին հայաստանյան բանկային համակարգի արձանագրած ցուցանիշները: Ինչպես նշում է Արմենպրեսը, որպես հայաստանյան բանկային համակարգի կայունության ցուցանիշ՝ Օսիպյանը մատնանշել է անհուսալի կամ ռիսկային վարկերի փոքր թիվը` շուրջ 5 տոկոս, պարզաբանելով, որ աշխարհում ընդհանուր վարկերի ծավալում ռիսկային վարկերի մինչև 10 տոկոսը համարվում է լավագույն ցուցանիշ։ Օսիպյանը նաև նշել է, որ բանկերից վարկեր վերցնելու ամենամեծ ռիսկերը, որոնք էլ հենց հանգեցնում են դրանք վերադարձնել չկարողանալուն, կապված են փոխարժեքի հետ: Դոլարով վերցված վարկերը շատ զգայուն են շուկայի հանդեպ:

Իհարկե, լավ է, որ անհուսալի վարկերի տեսակարար կշիռը փոքր է։ Մյուս կողմից՝ նշենք, որ հայաստանյան բանկերը վարկավորման ոլորտում իրենց ռիսկերը ի սկզբանե մոտեցնում են զրոյականին։ Այսպես, նախ՝ եթե վարկառուն փոքր-ինչ ռիսկային է, վարկային պատմությունը փայլուն չէ, կամ էլ նա  ցանկանում է ֆինանսավորում ստանալ նոր ստեղծվող բիզնեսի համար, վարկավորումը, որպես կանոն, մերժվում է։

Երկրորդ՝ 1 միլիոն դրամից ավելի վարկերի պարագայում հայաստանյան գրեթե բոլոր բանկերը պահանջում են պարտադիր գրավադրում և, որպես կանոն՝ անշարժ գույք։ Գույքն էլ գնահատվում և գրավադրվում է այնպիսի արժեքով, որ անվճարունակության դեպքում այն վաճառքի դնելով՝ բանկը ոչ միայն ետ է ստանում իր մայր գումարը, այլ նաև՝ չստացված տոկոսները, տույժերն ու տուգանքները։

Փոքր վարկերի դեպքում պահանջում են առնվազն երկու երաշխավոր, որոնք համապարտության սկզբունքով պարտավոր են մարել բանկի նկատմամբ պարտավորությունները, եթե վարկառուն չկարողանա դա անել։ Այսքանից հետո ինչ-որ տեղ անգամ զարմանալի է, որ ռիսկային և անհուսալի վարկերը 5% են կազմում. նման զգուշավորության պայմաններում դրանք պետք է շատ ավելի քիչ լինեին։

Կարդացեք նաև

Եվ վերջին հարցը. արդյո՞ք լավ է, որ մեր բանկերն այդքան զգուշավոր են, ավելին՝ գերզգուշավոր են։ Իրենց՝ բանկերի համար դա միանշանակ լավ է, սակայն ողջ տնտեսության համար՝ հակառակը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ամերիկյան փորձագետների մի խումբ եկել էր այն եզրահանգման, որ ԱՄՆ տնտեսության արագ վերականգնմանը խոչընդոտող պատճառներից մեկն այն է, որ բանկերը հրաժարվում են վարկավորել անթերի վարկային պատմություն չունեցող քաղաքացիներին։ Նշվել էր, որ բանկերի զգուշավորությունը բացասաբար է անդրադառնում սպառողական ծախսերի և վարկավորման, հետևաբար նաև՝ ողջ տնտեսության վրա:

Այնպես որ, բանկային ոլորտի ցուցանիշներով ուրախանալուց կամ մտահոգվելուց առաջ՝ հարկավոր է որոշել, թե ո՞րն է ավելի առաջնահերթ՝ կայունությո՞ւնը (որը կարող է լճացման վերածվել), թե՞ տնտեսության աշխուժացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս