Գլեն Հյուզ. «Ես կարող եմ փոխել աշխարհը»
Անգլիացի բաս-կիթառահար, վոկալիստ և երգահան, «Deep Purple», «Black Sabbath» խմբերի նախկին անդամ, «Black Country Communion» սուպերխմբի ներկայացուցիչ աշխարհահռչակ Գլեն Հյուզի (Glenn Hughes) բացառիկ հարցազրույցը «168 Ժամին»:
– Դուք սովորաբար շատ քիչ ժամանակ եք անցկացնում այն քաղաքներում, որտեղ համերգներով լինում եք: Այժմ էլ Երևանում եք: Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի մասին: Ինչպիսի՞ն է Երևանը:
– Կարող եմ ասել, որ սիրեցի Երևանի մարդկանց: Ես արդեն վաղը պետք է մեկնեմ, շատ ժամանակ չեմ հասցնի մնալ այստեղ, չեմ հասցնի շփվել մարդկանց հետ, բայց այն, որ այստեղ մարդկանց տեսակն ինձ շատ դուր եկավ` դա հաստատ է: Ընդհանրապես կարևորում եմ մարդկային էությունը: Ինձ համար մարդիկ ամեն ինչ են: Բոլոր այն մեսիջները, որոնք ես տարածում եմ իմ շուրջ` վերաբերում են սիրուն: Ինձ համար կարևոր են նաև այն մեսիջները, որոնք մարդիկ են տարածում, և ես ստանում եմ դրանք: Եթե մարդիկ լցված են սիրով, կարող են նաև այդ սերը տարածել իրենց շուրջ:
– Ինչի՞ց է սկսվել Ձեր երաժշտական ուղին: Գիտենք, որ առաջին քայլերը կատարել եք «Trapeze» խմբում:
– Իմ երաժշտական ուղին սկսվել է դաշնամուր նվագելուց: Պետք է նշեմ նաև իմ կյանքում «Beatles» խմբի մեծ դերակատարման մասին: Նրանց երգերը և գործունեությունն ինձ գրավել էին ամբողջությամբ: Իսկ «Trapeze» խումբն այն ժամանակ սկսնակ մի խումբ էր, որի միջոցով կարողացա որոշակիորեն ներկայանալ որպես երգիչ:
– Կարո՞ղ ենք ասել, որ «Beatles» խմբի տղաները Ձեզ համար հերոսներ են:
– Անկասկած: Այն ամենը, ինչ նրանք անում էին` նրանց ոճը, գործունեությունն ինձ շատ էր գրավում: Նրանք ինձ համար կուռք են եղել: Նրանք բոլորիս կյանքում մի շարք բաներ են կարողացել փոխել: Նրանք իրենց երգով կարողացել են փոխել անգամ մարդկանց մտածողությունը: Նրանք երգում էին կյանքի մասին: Նրանց երաժշտությունը կատարվում էր սիրով և իր մեջ մեծ էներգիա էր կրում: Նույն զգացողությունը ես եմ ունենում իմ երգերը կատարելիս:
– Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսը:
– Ուղղակի աննման է: Ֆանտաստիկ երկրպագուների հանդիպեցի երևանյան համերգի ժամանակ` բավականին զգացմունքային, ակտիվ և սիրալիր, հրաշալի մարդիկ: Իրականում երկրպագուների մեծաթիվ բանակ ունեմ: Երաժշտությանս սիրահարները հիմնականում թինեյջերական տարիքի երիտասարդներ են, ովքեր սիրում են այն գործը, որը ես անում եմ. 17, 18, 19 տարեկան աղջիկները և տղաներն են լսում իմ երգերը: Իմ գործունեությունը գնահատվում է շատերի կողմից, և դա ոգևորում է ինձ: Հետաքրքիր էր այն, որ Հայաստանի երկրպագուները, նույնիսկ նրանք, ովքեր չեն խոսում անգլերեն, համերգի ժամանակ կատարում էին իմ երգերը` երգելով ինձ հետ:
– Կարծիք կա, որ ռոք-երաժշտությունը «վատ» և «բացասական» զգացողություններ փոխանցող երաժշտություն է: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
– Իրականում ռոք երաժշտությունը լինում է տարբեր ձևերի: Կան տարբեր հնչյուններ, որոնք առաջացնում են տարատեսակ զգացողություններ, օրինակ` մթություն, մահ, և այլն: Սակայն ոչ բոլոր տեսակի ռոք երաժշտության մեջ են առկա «բացասական» կամ «վատ» հնչյունները: Ամեն մարդ կարող է ընտրել այն տեսակը և այն որակի երաժշտությունը, որն իրեն դուր է գալիս:
– Ինչպե՞ս է անցնում աշխահահռչակ ռոք-աստղի օրը:
– Արթնանում եմ վաղ առավոտյան` զբոսնում եմ շներիս հետ, որոշակի ժամանակ անցկացնում եմ լողավազանում, ունեմ շատ լավ ընկերներ, որոնց հետ երբեմն հանդիպում եմ, իսկ ազատ ժամանակս նվիրում եմ ընտանիքիս: Սակայն, անկախ ամեն ինչից, անդադար ստեղծագործում եմ` հատկապես վերջին տարիներին:
– Իսկ Ձեր ընտանիքը մե՞ծ է:
– Ցավոք` ոչ: Ընտանիքս շատ փոքր է` կինս, իմ 5 շները և բազմաթիվ կատուներ: Մենք շատ գեղեցիկ լողափ ունենք Կալիֆոռնիայում, որտեղ և զբոսնում ենք բոլորս միասին:
– Ինչի՞ մասին են Ձեր ստեղծագործությունները:
– Իմ երգերը հիմնականում վերաբերում են մարդկային վիճակին: Հիմնականում երգում եմ այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ, մեզ հետ: Ունեմ երգեր, որոնք վերաբերում են սիրուն, ազատությանը: Ընդհանրապես կարող եմ ասել, որ երգում եմ ամեն ինչի մասին և մասնավորապես` մարդկանց փոխհարաբերությունների մասին:
– Աշխարհը լի է ագրեսիայով, ատելությամբ: Ի՞նչ եք կարծում` արդյոք այդ ամենը չի՞ ազդում երգիչների հոգեվիճակի և իրենց ստեղծագործությունների վրա:
– Դե, բնականաբար, ազդեցություն կա, սակայն իրականում երաժշտությունը բժշկում է մարդկանց` օգնում դառնալ ավելի լավն ու բարին: Երաժշտությունը ստիպում է մարդկանց` միմյանց նկատմամբ առավել հանդուրժող լինել:
– Կա՞ թեմատիկ տարբերություն 70-ականների և ներկայումս կատարվող երգերի միջև:
– Բնականաբար, տարբերություններ պետք է որ լինեն, սակայն իմ երգերի մեծ մասը վերաբերում է սիրո զգացմունքին և մարդկային հարաբերություններին, որոնք, անկախ ամեն ինչից` անփոփոխ են մնում ժամանակի ընթացքում: Երգերիս մեջ արտահայտվում է նաև խոսքի ազատությունը, մարդկային հոգեվիճակը: Հիմնականում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների մասին են, որոնք եղել են ու շարունակում են տեղի ունենալ:
– Կպատմե՞ք Դերեք Շերինյանի հետ Ձեր ծանոթության մասին:
– Իրականում Դերեքին ճանաչում եմ ավելի քան 25 տարի: Այսքան տարիների ընթացքում շփվել եմ իր հետ և կարող եմ ասել, որ նա բավական լավ ընկեր է և պրոֆեսիոնալ երաժիշտ:
– Արդյոք կապ գոյություն ունի՞ քաղաքականության և երաժշտության միջև:
– Իհարկե, կապ կա: Երգերիս միջոցով անդրադառնում եմ քաղաքականությանը: Ունեմ շատ ընկերներ քաղաքական ոլորտից, որոնց հետ ոչ միշտ ենք համակարծիք:
– Երբևէ քաղաքական միջոցառումներին երգելու հրավեր ընդունե՞լ եք:
– Այո: Եղել է նման բան: Կան շատ մարդիկ, ովքեր սիրում են այն ամենը, ինչ ես անում եմ: Նման հրավերներ ընդունելը ես համարում եմ յուրովի արտահայտվելու հնարավորություն:
– Համացանցի հնարավորությունները Ձեզ օգնո՞ւմ են, թե՞ խանգարում:
– Համացանցը հրաշալի բան է: Սիրում եմ այն: Շատ տեխնիկական հարցեր լուծվում են համացանցի օգնությամբ: Այն հնարավորություն է տալիս ժամանակը և հեռավորությունը մոտեցնել իրար:
– Ո՞րն էր «Black Sabbath» խմբից Ձեր հեռանալու պատճառը: Կարծիք կար, որ հեռանալու պատճառը երաժշտության բնույթն էր` մռայլ, մութ թեմաներով երգերը:
– Նախ, ես ինձ այնտեղ ոչ հարմարավետ էի զգում, փոփոխության կարիք ունեի: Եվ հետո այդ ժամանակ ինձ մոտ առողջական խնդիրներ առաջացան, որոնց պատճառով և հեռացա խմբից: Պետք է ընտրություն կատարեի, ինչն էլ արեցի:
– Կարո՞ղ ենք փաստել, որ երաժշտությունը Ձեզ հիմնովին փոխել է:
– Այո: Դա հաստատ է: Երաժշտությունն ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին որ հիմա եմ:
– Կարևորո՞ւմ եք հասարակության կարծիքը:
– Ես այն եմ, ինչ կամ: Վստահ եմ, որ կարող եմ փոխել աշխարհը: Ոչ բոլոր երաժիշտները կարող են անել դա: Անում եմ իմ աշխատանքը: Ցանկանում եմ, որ բոլորը միմյանց սիրեն և հարգեն, որ խաղաղությունն իշխի ամենուր: Իմ նպատակը դա է և ոչ այլ բան:
– Հայտնի է, որ նախընտրում եք սև հացը: Ինչո՞ւ:
– Այն ուղղակի վիտամիններով հարուստ է: Առողջարար է: Դա է միակ պատճառը:
– Իսկ Դուք միայն ռո՞ք եք լսում, թե՞ նաև դասական երաժշտություն:
– Անշուշտ, սիրում եմ նաև դասական երաժշտությունը:
Լուսանկարը` Սերժ Դավիդովի