«Վատ չէր լինի, եթե ազգային անվտանգության համակարգի հետախուզական վարչության պատասխանատու աշխատակիցներից մեկը հրաժարական տար»

Հարցազրույց Լյուդմիլա Հարությունյանի հետ

– Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի պատասխան քայլերի շատ տարբերակներ քննարկվեցին: Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը` խնդիրը լուծելու համար:

– Հայաստանը նոր ծանրակշիռ փաստարկ ստացավ, որը կարող է օգտագործվել մեր կողմից: Հիմա մենք գործում ենք աֆեկտի ու վիրավորվածության վիճակում: Բոլորն ուզում են միանալ գործընթացին ու մեղադրել այս` իսկապես հանցավոր և անամոթ գործարքի մեղավորներին: Սակայն նման քաոսային գործունեության վտանգն այն է, որ չափի զգացումը մեզ կարող է դավաճանել: Եվ այդ ժամանակ մենք կկորցնենք ձեռք բերած ծանրակշիռ փաստարկը և բարոյական ճնշման նոր լծակը: Որպեսզի դա տեղի չունենա, հայ հասարակությունը պետք է սառը դատի և միմիայն հավասարակշռված ու խիստ արդյունավետ քայլեր ձեռնարկի: Պարտիզանության ու «լավ տղա» երևալու ցանկությունն այժմ պետք է զսպել:

Մենք անսովոր հանգամանքների բերումով ունենք այսպիսի արդյունք. տեղի ունեցածը մեր աշխատանքի պտուղը չէ: Դա Ադրբեջանի ղեկավարի անմիտ արկածախնդրության, Հունգարիայի անհաջող վարչապետի` ճիշտ կողմնորոշվել չկարողանալու և արևմտյան հասարակության արժեքային զսպվածության ու խտրականության արդյունքն է: Սակայն մենք վայելում ենք այդ արդյունքը, քանի որ այն ստացել ենք հայ երիտասարդի կյանքի գնով, որը դարձավ անմեղ զոհ ու մարտիրոս: Հանգամանքների նման զուգադիպումը զղջման, բողոքների ու դատապարտումների ալիք բերեց: Հայ հասարակությունն իրեն կրկին զոհ զգաց, և համաձայն արմատացած կարծրատիպերի` մեղադրում է, անարգանքի սյունին գամում և պահանջում պատժել: Ծանոթ բառեր են ու գործողություններ: Բայց 21-րդ դարում ժամանակը չափազանց արագ է սլանում:

Կարդացեք նաև

Չենք հասցնի արտահայտել մեջներս կուտակվածը, երբ միջազգային հանրությանը կձանձրացնի մեղավորի պոզայով կանգնելը, և նա մեղադրողի տոգա կհագնի ու կասի, թե ինչ է մեր մասին մտածում: Դրանից խուսափելու համար մենք պետք է ճիշտ եզրակացություններ անենք և լուրջ քննադատություն հնչեցնենք ինքներս մեր հասցեին: Այդ դեպքում մեր ելույթներն առարկայական կլինեն և ցանկալի ազդեցություն կունենան: Հայաստանը պետք է գործելաոճում չափի զգացում ունենա: Ստեղծված խառնաշփոթ իրավիճակում մենք չպետք է չարաշահենք` չափի և չպետք է արհամարհենք` առողջ բանականության կանոնները:

– Իսկ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ ԼՂՀ բանակցային գործընթացի վրա, արդյո՞ք այն հօգուտ Հայաստանի է:

– Հայաստանը հնարավորություն ստացավ բարոյական ճնշում գործադրելու ոչ միայն Հունգարիայի, այլև բանակցային գործընթացում ներգրավված երկրների վրա: Բարենպաստ պայմաններ ստեղծվեցին դրական լիցք հաղորդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, որոնք, դատելով ամեն ինչից, փակուղի են մտել: Ստեղծվել է նոր իրավիճակ, որն, անշուշտ, իր որոշիչ ազդեցությունը կունենա բանակցային գործընթացի վրա, եթե հայկական իշխանությունների կողմից ճիշտ, գրագետ օգտագործվի:

Բանակցություններում մեր կողմից օգտագործվող այն թեզիսը, թե ադրբեջանցիներն ու հայերը չեն կարող ապրել մի պետության կազմում, լրացուցիչ ապացույց ստացավ: Բացի այդ, ինձ թվում է`այլևս անհիմն է այն պնդումը, թե փախստականները պետք է վերադառնան իրենց բնակության նախկին վայրերը: Այժմ ակնհայտ է, որ հայ փախստականների վերադարձը սկզբունքորեն անհնարին է. նրանք չեն կարող վերադառնալ մի տեղ, որտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում: Հետևաբար` անիմաստ ու անբարոյական է խոսել ադրբեջանցի փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին:

– Հաշվի առնելով այն, որ առջևում նախագահական ընտրություններն են, որքանո՞վ կազդեն այս միջադեպն ու դրա հետ կապվող հետևանքները Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա:

– Հայաստանը թերացել է կոնկրետ գերատեսչության մակարդակով, ոչ թե նախագահի: Ազգային անվտանգության ու հետախուզական, դիվանագիտական աշխատանքի մեջ է ամփոփված հայկական կողմի թերացումը: Ուստի վատ չէր լինի, եթե ազգային անվտանգության համակարգի հետախուզական վարչության պատասխանատու աշխատակիցներից մեկը հրաժարական տար:

Վերջին հաշվով, թերացել է հետախուզական վարչությունը: Ամենայն հավանականությամբ` պետք է հրաժարական տա նաև հայ-հունգարական հարաբերությունները համակարգող դիվանագետը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահի այն հայտարարությունն, ըստ որի` Գյումրիում առաջադրված ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանն առաջադրվել է իր առաջարկով, և, որ ԲՀԿ-ն իրենց թշնամի ու հակառակորդ կուսակցություն չէ:

– Իրերի ներկայիս դրությունն այդպիսին է, և կարելի է միայն ողջունել այս անկեղծ հայտարարությունը, որն, անկասկած, արվել է ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին օգնելու նպատակով: Սակայն առայժմ խոսքը թեկնածություն առաջադրելու մասին է, քանի որ` թե ով է լինելու Գյումրիի քաղաքապետը, բազմաչարչար քաղաքի բնակիչներն իրենք կորոշեն: Միաժամանակ կարելի է, իհարկե, քննարկել այդ քայլի հետևանքները Հայաստանում քաղաքական ուժերի դասավորության վրա:

Այդ քայլը կարելի է դիտարկել իբրև միջկուսակցական համագործակցությանն ուղղված խթան, որի նպատակը հայ իրականության մեջ առկա սուր և ցավոտ խնդիրների լուծումն է: Բայց ավելի լավ կանեք` այդ մասին հարցնեք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին: Իհարկե, կարելի է քննարկել նման հայտարարության հետևանքները: Ակնհայտ է, որ այն խնդիրներ է հարուցում նրանց համար, ովքեր ուզում են ԲՀԿ-ին ներկայացնել իբրև ընդդիմություն, և նրանց համար, ում շահերից է բխում ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին առճակատման բերելը:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն վերամիավորվի ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիային:

– Ոչ, նման կտրուկ շրջադարձերի համար ես հիմք չեմ տեսնում: ԲՀԿ-ի սոցիալական բազան բավական մեծ է, ու ԲՀԿ-ի կողմից իրականացվող մանևրի անհրաժեշտություն ես տեսնում եմ: Ինչպես նշեցի, իրենց ընտրազանգվածի մի մասը կազմող ընդդիմադիր ընտրողներին չհիասթափեցնելու համար նրանք չեն կարող ընտրել իշխանություն վերադառնալու ուղին, չեն էլ կարող գործել իշխանական թևում: Միևնույն ժամանակ, ԲՀԿ-ն խոշոր կապիտալի կուսակցություն է, այդ պատճառով նա չի կարող գնալ արմատական ընդդիմության ճանապարհով: Դրա համար էլ ԲՀԿ-ն ընտրել է այս երկու թևերի միջև մանևրելու տարբերակը:

– Ընդդիմության համար շահեկան կլինի նախագահական ընտրություններում հանդես գալ մեկ միասնական թեկնածուո՞վ, թե՞ մի քանի:

– Դա կախված է ընդդիմության մշակած ռազմավարությունից: Ընդդիմադիր կուսակցություններն իրենք պետք է որոշեն ու հաշվարկեն, թե ո՞ր ռազմավարությունն է իրենց համար ձեռնտու ու շահեկան: Եկեք նրանց խորհուրդներ չտանք, թողնենք իրենք կայացնեն իրենց որոշումները: Այնտեղ կան շատ խելոք մարդիկ, որոնք կարող են ճիշտ որոշում կայացնել:

– Ընդդիմության շարքերում տեսնո՞ւմ եք այն լիդերի կերպարին, որը կկարողանա միավորել քաղաքական մի քանի ուժերին ու նախագահական ընտրություններում ներկայացնել մի ամբողջ ընդդիմադիր դաշտ:

– Ցավոք` ոչ: Այսօր Հայաստանում անոմիա է տիրում, որը կտրուկ հարված է հասցրել հեղինակությանը, օրինականությանն ու վստահությանը: Շատ քիչ են մարդիկ, ովքեր պահպանել են հեղինակությունը: Ես չեմ տեսնում փոքր լիդերների հաղթանակի հնարավորություն: Սակայն դա չի նվազեցնում նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող պոտենցիալ թեկնածուների քանակը: Դա բնական է մի երկրի համար, որտեղ կարգավիճակի հարցն այդքան սուր է դրված: Նախագահական մրցապայքարին մասնակցությունն ինքնաբերաբար տալիս է այդ կարգավիճակը:

Այդ պատճառով թեկնածուների պակաս չի լինի: Մարդիկ մասնակցությունն արդեն հաղթանակ են համարում: Մինչդեռ այնպիսի մեծ խաղին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, համոզված եմ`չպետք է մասնակցեն փոքր «տրամաչափի» գործիչներ: Դա կարժեզրկի գործընթացը: Նման բարձր մակարդակի ընտրությունները պետք է տեղի ունենան մեծ փղերի մասնակցությամբ: Հայաստանն այսօր մեծ փղերի պայքարի կարիք ունի: Ձեր պատկերացրած լիդերը կարող է հայտնվել երկրի համար շատ կարևոր այս փուլում: Ես չեմ բացառում նման հնարավորությունը:

Պահն ու զանգվածը կստեղծեն այդպիսի լիդեր: Դեռ շատ ժամանակ կա. կգտնվի այն խարիզմատիկ գործիչը, որը կհամապատասխանի ժողովրդի ակնկալիքներին և պահի խնդիրներին: Միանգամայն հնարավոր է, որ քաղաքական ուժերն իրար հետ համաձայնության գան ու փոխզիջումների գնալով` կհամաձայնեն առաջ մղել բոլորին ձեռնտու որևէ թեկնածուի: Բայց այդ թեկնածուն անպայման պիտի խարիզմատիկ լինի և ունենա հիմախնդիրների, օրակարգային հարցերի իր ցուցակը:

– Փաստորեն այս պահին դեռևս չեք տեսնում այդ խարիզմատիկ լիդերին:

– Ցավոք` չեմ տեսնում, քանի որ դեռ չի հասունացել նրա հայտնվելու անհրաժեշտության պահը: Լիդեր առաջ մղելու ժամանակ մենք դեռ ունենք: Բայց այն անսահման չէ: Արտաքին ուժերը` հասկանալով, որ հայերն իրենք չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, մեզ կառաջարկեն իրենց թեկնածուին և իրենց աջակցությունը: Այդ ժամանակ մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել ոչ թե մեր թեկնածուների միջև, այլ նրանց կողմից առաջարկվածների, այսինքն` առաջնորդվել ոչ թե սեփական շահերով, այլ նրանց: Այնպես որ` մենք պետք է շտապենք, բայց առանց շտապողականության:

– Իսկ ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի ընդդիմության միասնական թեկնածուն:

– Դա առանձին խոսակցության թեմա է, որը պետք է ամրապնդված լինի հայաստանյան ընտրողների նախապատվությունների մասին սոցիոլոգիական լուրջ տվյալներով:

– Իսկ, ըստ Ձեզ, հասարակությունն ընդդիմությանը միավորվա՞ծ է ցանկանում տեսնել:

– Մեր հասարակությունը սիրում է միավորված տեսնել ուժեղ քաղաքական ուժերին: Բայց, ցավոք, ցանկացած մակարդակի ընտրությունների ելքը վճռում է ոչ թե հասարակությունը, այլ կոռումպացված հայ ընտրողը և ոչ պակաս կոռումպացված ընտրական մեքենան:

– Ինչպե՞ս կազդեն ՏԻՄ ընտրությունները նախագահական ընտրությունների վրա:

– Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աննշան ազդեցություն ունեն նախագահական ընտրությունների վրա: Համայնքները պառակտված են, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Ընտրություններում հաղթում է մեծ կլանի ներկայացուցիչը: Շատ միամիտ պետք է լինել, կարծելու համար, թե ՏԻՄ ընտրություններում ազնվությունը և հասարակությունը դեր են խաղում:

Այստեղ դերակատարում ունեն միայն իշխանությունն ու կլանը, նրանց մեծությունն ու ֆինանսական հնարավորությունները: Այնուամենայնիվ, փոքր համայնքի ղեկավարը մեծ ազդեցություն ունի նախագահական ընտրությունների վրա: Հաղթանակ տարած կլանը կարող է հավաքել իր մարդկանց և բոլորին համոզել այս կամ այն ընտրության օգտակար լինելու մեջ: Եվ, վերջապես, հաղթանակ տարած կլանը կարող է ծածկել բոլոր ծախսերը: Այդ պատճառով, եթե այս կամ այն կլանը ՏԻՄ-ում պարտվում է, պարտվում է նաև հաջորդ` ավելի խոշոր ընտրություններում` նախագահական:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվությունը:

– Նրանք լավ գիտեն իրականությունը: Համայնքներում հաղթող կլաններն իշխանության կողքին են կանգնած: Նրանցից հեռու գտնվող մարդիկ հաղթելու շանս չունեն, ու ընդդիմադիր ուժերն այս մասին գիտեն: Իշխանությունը փոքր համայնքներում և գյուղական վայրերում լավ է աշխատում` կախման մեջ պահելով գյուղի ղեկավարին: Գյուղացին, անգամ, եթե ընդդիմադիր է, այդքան ռիսկ չունի բարձրաձայնելու այդ մասին: Սա է հիմնական պատճառը, որ ընդդիմադիրները հույսեր չեն կապում ՏԻՄ ընտրությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս