Թմրամոլությամբ տառապող երիտասարդների թիվն ավելանում է

Հայաստանում ալկոհոլիզմով, թմրամոլությամբ ու ալկոհոլային փսիխոզներով հիվանդների թվի աճ է նկատվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի թմրաբուժության և հոգեբուժության ծառայության ղեկավար Ալեքսանդր Մանուկյանը:

«Հիվանդների թվի աճը պայմանավորված է նրանով, որ առողջապահական համակարգում կատարվել են բարեփոխումներ, օրենսդրական դաշտում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ չեն վախենում դիմել բուժման: Բացի դրանից՝ սկսել է իրականացվել ծրագիր Նարկոլոգիական կենտրոնի կողմից: Բոլոր այն անձինք, ովքեր ստուգում անցան, և կյանքում մեկ անգամ իրենց մոտ հայտնաբերվեց թմրանյութի գործածում, նրա վրա գրվում է թմրամոլության ախտորոշում»,- ասում է Ա. Մանուկյանը:

Ըստ թմրաբան-հոգեբույժի՝ սրանով է պայմանավորված նշված հիվանդությունների թվի կտրուկ աճը:

Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ևս՝ քրոնիկական ալկոհոլիզմի, թմրամոլության, ալկոհոլային փսիխոզների թվի  աճ է գրանցվել: Եթե 2006թ. տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող թմրամոլությամբ հիվանդների թվաքանակը 100.000 բնակչի հաշվով կազմել է 9.6, ապա 2011թ. այդ թիվը հասել է 32.8-ի:

Կարդացեք նաև

Դանդաղ տեմպերով, բայց աճել է նաև քրոնիկական ալկոհոլիզմով հիվանդների թիվը. 2006թ. տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող քրոնիկական ալկոհոլիզմով հիվանդների թիվը 100.000 բնակչի հաշվով 110.6 է եղել, իսկ 2011թ. այդ թիվը հասել է 133.5-ի:

Ալեքսանդր Մանուկյանի փոխանցմամբ՝ միշտ էլ եղել են թմրամոլությամբ տառապող երիտասարդներ, սակայն վերջին շրջանում նրանց թիվն ավելի է աճել: Նա նշում է, որ նշված հիվանդությունների համար խոցելի խմբեր չկան. «Յուրաքանչյուր մարդ կարող է հիվանդանալ դրանցով»: Բարդություններից խուսափելու համար թմրաբան-հոգեբույժը խորհուրդ է տալիս ժամանակին դիմել համապատասխան մասնագետների և ստանալ բուժում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս