«Մարդասպանի փառաբանումը լուրջ վնաս հասցրեց և Բաքվին, և Բուդապեշտին, և, որոշ չափով, նաև ԵՄ-ին»

Միջազգային «Global Insight» վերլուծական կենտրոնը հրապարակել է հոդված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հունգարիան մարդասպանին ներում շնորհելուց հետո ներքաշվեց հայ-ադրբեջանական հակամարտության մեջ» վերնագրով: Հոդվածի հեղինակը Լոնդոնի կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն է, ով զբաղվում է ԱՊՀ երկրների հետազոտություններով:

Վերջինս իր հոդվածը սկսում է հետևյալ ներածությամբ. «Հունգարիան վերջին տարիների իր ամենամեծ դիվանագիտական ճգնաժամն ապրեց:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանը խզեց իր բոլոր կապերը Հունգարիայի հետ, և ԱՄՆ-ը այս երկրից բացատրություն պահանջեց դատապարտված ադրբեջանցի մարդասպանին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ, որտեղ նա անմիջապես ազատ արձակվեց և բարձրացվեց զինվորական աստիճանով` ևս 22 տարի բանտում անցկացնելու փոխարեն»:
Վերլուծության հեղինակը շարունակում է` նշելով, որ Հայաստանի` Հունգարիայի հետ կապերը խզելուն հաջորդեցին ցուցարարների բողոքի ակցիաները Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև: Հիշեցնելով սպանության մանրամասները` Լ. Գևորգյանը նշում է. «Այս թշնամության հիմքում անշուշտ ընկած է էթնիկ հայերով բնակեցված և Ադրբեջանից անջատված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»:

Ըստ վերլուծաբանի` Գուրգեն Մարգարյանի իրավապաշտպանները հայտարարել են, թե դեռևս մեկ ամիս առաջ գիտեին, որ Հունգարիան պլանավորում է Սաֆարովի արտահանձնումը: Սակայն հունգարական կողմն ամեն կերպ պնդում էր, որ ոչ մի տեղափոխում չի լինելու: «Պարզ չէ, թե ինչը ստիպեց Հունգարիայի կառավարությանը փոխելու իր դիրքորոշումը»,- գրում է Լ. Գևորգյանը և հիշեցնում Ադրբեջանի` 33 մլրդ կարողությամբ նավթային հիմնադրամի կողմից հունգարական պարտատոմսերի գնման մասին` նշելով, որ դիվանագիտական ֆիասկոյից հետո Վիկտոր Օրբանի կառավարությունը ժխտեց Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունների և դատապարտյալի տեղափոխության միջև որևէ կապի առկայությունը:

Այնուհետև հոդվածում նշվում է, որ Սաֆարովին հերոսի պես դիմավորեցին Ադրբեջանում, և նույնը օրն Իլհամ Ալիևը ներում շնորհեց նրան, իսկ ադրբեջանական կառավարությունն, իր հերթին, նրան հանձնեց բնակարան և ութ տարվա աշխատավարձ: Վերլուծաբանը նաև հիշեցնում է Ադրբեջանի կողմից դատապարտված հանցագործին ներում շնորհելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի արտահայտած մտահոգության մասին, նաև` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵՄ-ի և Ռուսաստանի արտգործնախարարության` այս առիթով արտահայտած հայտարարությունների մասին:

Հատկապես հետաքրքիր է վերլուծության` Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությանը վերաբերող մասը` «գերագնահատվող ռազմավարական նշանակություն» ենթավերնագրով: «Ադրբեջանը վերջին տարիներին ռազմավարական նշանակություն է ստացել ԵՄ-ի կողմից հովանավորվող և Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներին այլընտրանք հանդիսացող «Նաբուկո» նավթամուղի շնորհիվ, իսկ նրա հարևանությունը և լարված հարաբերություններն Իրանի հետ սերտացնում են Ադրբեջանի ռազմական կապերն Իսրայելի հետ: Չնայած «Նաբուկո» ծրագիրը դեռևս ոչ մի հաջողություն չի ունեցել և վերջերս կանգնեցվել է, բայց կա հույս, որ ապագայում այն կվերագործարկվի»:

Ըստ հոդվածի հեղինակի` նման մի շարք գործոններ, այդ թվում` նաև բազմամիլիարդ ռազմական ծախսերը, Ադրբեջանի իշխանություններին վստահություն են հաղորդել: «Միայն այս տարի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն կազմել է 4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը գերազանցում է Հայաստանի ամբողջ ազգային բյուջեն: Իսկ ֆինանսական ռեզերվների ավելացումը վստահություն է ներշնչել Ադրբեջանի նախագահ Ալիևին` խաղաղ բանակցություններում Հայաստանին մարտահրավեր նետելու համար: Վերջին տարիներին Ալիևը սկսել է ավելի շատ սպառնալ Հայաստանին պատերազմով: Իսկ այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահն այնքան հեռու գնաց այդ գործում, որ ամբողջ աշխարհի հայությանը հայտարարեց Ադրբեջանի թիվ 1 թշնամին»,- գրում է Լ.Գևորգյանը` ավելացնելով, որ այս հակահայկական ագրեսիան ադրբեջանի իշխանությունները հաճախ օգտագործում են հանրության ուշադրությունը երկրում իրականացվող կոռուպցիայից, հարուստների բևեռացումից և ժողովրդավարական ազատությունների բացակայությունից շեղելու նպատակով:

Հոդվածում նշվում է, որ մինչ միջազգային միջնորդները և ԵՄ-ն բազմիցս զգուշացնում են Ադրբեջանին սահմանափակել իր ռազմական հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, այնուամենայնիվ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական շահերը գերակայում են. «Ի տարբերություն Բելառուսի կամ Ուզբեկստանի, Ադրբեջանը երբեք չի ենթարկվել Արևմուտքի պատժամիջոցներին: Իսկ Ադրբեջանում քսենոֆոբիական տրամադրությունների աճը և սեփական ռազմական հնարավորությունների գերագնահատումը կարող են հանգեցնել պատերազմի` Ադրբեջանի և Հայաստանի համար աղետալի հետևանքներով: Հայաստանը թեև իր հարևանի պես չունի ածխաջրածնային պաշարներ, սակայն ունի ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, որի ռազմական բազան Հրվ. Կովկասում գտնվում է Հայաստանում, բացի այդ, լավ հարաբերություններ է պահպանում Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, ինչպես նաև Իրանի հետ` հայկական սփյուռքի միջոցով: Բացի այդ, պետք է նշել, որ հայկական զինված ուժերն արդեն ապացուցել են, որ իրենք մարտի դաշտում շատ ավելի ամուր են, քան Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերը»:

Ելնելով այս ամենից` վերլուծաբանը հանգում է եզրակացության. «Մարդասպանի փառաբանումը ազգայնամոլության քարոզչություն է Ադրբեջանի իշխանության կողմից, բայց միջազգային տեսանկյունից այն լուրջ վնաս հասցրեց և Բաքվին, և Բուդապեշտին, և, որոշ չափով, նաև ԵՄ-ին: Եվ այս ֆոնի վրա ԵՄ-ի ձգտումը` փոխարինել Ֆրանսիային` որպես ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցություններում միջնորդ, անհաջող միտք է թվում»:

«Սակայն Ադրբեջանի համար, բացի միջազգային հեղինակության խաթարումից, այս ամենը կարող է ունենալ շատ ավելի լուրջ հետևանքներ: Սա լուրջ հետընթաց էր Ադրբեջանի համար` մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ փոխզիջումային տարբերակ գտնելու առումով: Իսկ ԼՂ-ի հայերը լուրջ հիմնավորում կունենան ապացուցելու, որ վերադարձն Ադրբեջանի տիրապետության տակ հայերի նկատմամբ ներկայիս բացարձակ անհանդուրժողականության մթնոլորտում` ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ կդնի հայերին:

Որպես վերջին զարգացումների արդյունք` Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է պատերազմի, և նաև ծրագրում է այս ամիս իրականացնել լայնամասշտաբ զորավարժություններ: Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է իր էներգետիկ պաշարներից, և հակամարտության վերսկսումը կարող է լրջորեն խաթարել այն, իսկ նրա էներգետիկ ենթակառուցվածքները կդառնան Հայաստանի զինված ուժերի գլխավոր թիրախները: Նույնիսկ, եթե պատերազմը հավանական կամ անխուսափելի չէ, այնուամենայնիվ, դրա վերսկսման հնարավորություններն աճում են, ինչը կարող է վնասել Ադրբեջանի փորձերին` գրավելու երկարաժամկետ օտարերկրյա ներդրումներ և ընդլայնելու իր էներգետիկ սեկտորը»,- եզրափակում է Լ.Գևորգյանը:

ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Global Insight»-ի ավագ վերլուծաբան

Նյութը հրապարակման պատրաստեց
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս