Ո՞վ է փչացրել ցուցանիշը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անհասկանալի է համարել Մրցունակության համաշխարհային զեկույցում ինտերնետի հասանելիության վերաբերյալ Հայաստանին տրված գնահատականները և հանձնարարել է գտնել մեղավորներին։
Ուշադրություն դարձրեք, ոչ թե այն մարդկանց, ովքեր մեղավոր են տեղեկատվական ոլորտի ոչ բավարար զարգացման համար, այլ նրանց, ովքեր սխալ ցուցանիշներ են փոխանցել համապատասխան մարմնին։ Ըստ Տիգրան Սարգսյանի, զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնված են 2009թ. տվյալների վրա։ Վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին հանձնարարել է ծառայողական քննություն սկսել՝ պարզելու, թե այս անգամ ով է մեղավոր Հայաստանի վերաբերյալ հնացած տվյալներ օգտագործելու համար: «Այս անգամ», քանի որ սա առաջին դեպքը չէ. անցյալ տարի պատժի են ենթարկվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության այն պաշտոնյաները, ովքեր ուշացրել էին Հեռահաղորդակցության համաշխարհային միությանը համապատասխան ցուցանիշների ներկայացումը։
Նիստին ներկա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ հարցում են արել Հեռահաղորդակցության համաշխարհային միությանը, որտեղ հաստատել են, որ 2011 թ. տվյալները ստացվել են: Նա նշել է, որ եթե Համաշխարհային տնտեսական ֆորումն օգտագործեր ավելի թարմ տվյալներ, ապա 2012-13 թթ. Մրցունակության զեկույցում Հայաստանն ավելի բարձր տեղ կգրավեր:
168.am-ն անդրադարձել էր այդ գնահատականներին՝ տեղեկացնելով, որ 100 մարդու հաշվով ինտերնետ օգտագործողների թվով Հայաստանը նախորդ տարվա զեկույցի համաձայն՝ նահանջել է 38 հորիզոնականով և 144 երկրների շարքում զբաղեցրել 106-րդ տեղը։ Նշել էինք, որ դա իրոք զարմանալի ցուցանիշ է, քանի որ անզեն աչքով անգամ տեսանելի է, որ ինտերնետի հասանելիությունն օր օրի մեծանում է։ Նաև նշել էինք, որ դա կարող է ունենալ պարզ բացատրություն. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում աճել է, սակայն մեզնից առաջ անցած այդ 38 երկրներում ավելի արագ է աճել։
Սակայն ոչ ոքի մտքով չէր անցնի, որ ցուցանիշների նկատմամբ այդքան զգայուն մեր իշխանությունները այդքան անփույթ կգտնվեն իրենց ձեռքբերումները պատշաճ ներկայացնելու գործում։ Այդ իսկ պատճառով վարչապետի վրդովմունքը լիովին հասկանալի է. մեր երկրում անգամ բացասական տեղաշարժերն են փորձում ներկայացնել դրական երանգով, իսկ այս դեպքում՝ ակնհայտ դրականը, չգիտես ոնց, դարձել է բացասական։ Իսկ նման լուրջ «կիքսերը» սովորաբար չեն ներվում։