Ինտերնետում թո՞ւյլ ենք
2012 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 1 մլրդ դրամ, որը զիջում է նախորդ եռամսյակի ցուցանիշներին։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. երկրորդ եռամսյակի բանբերում։
Այսպես, 2012 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 233 մլրդ դրամի 4.6 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 22 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 4.5 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր՝ 1 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 3.5 մլրդ դրամ): Մինչդեռ 2012 թ. առաջին եռամսյակում էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 1.1 մլրդ դրամ։
Թվում է՝ նվազումը զգալի չէ։ Սակայն կարևորը դինամիկան է, որը բացասական է։ Հաշվի առնելով մեր իշխանությունների հավակնությունները Հայաստանում էլեկտրոնային հասարակություն ձևավորելու հարցում, սա վատ ցուցանիշ է։ Քաղաքակիրթ եղանակով օն-լայն առևտուր իրականացնելու հարցում Հայաստանը նման տեմպերով ոչ թե կհասնի աշխարհի զարգացած երկրներին, այլ ավելի ետ կմնա։
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, այսօր Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվել է Մրցունակության համաշխարհային զեկույցը։ ԶԼՄ-ներն արդեն հասցրել են գրել, որ Հայաստանն այդ զեկույցում դիրքերը բարելավել է 10 հորիզոնականով և 144 երկրների շարքում այժմ զբաղեցնում է 82-րդ տեղը։
Սակայն նույն այդ զեկույցում էլ կան ցուցանիշներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս։ Օրինակ՝ տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշով նահանջել ենք 4 հորիզոնականով՝ 88-ից հասնելով 92-րդ տեղը։ Կամ՝ ինտերնետ օգտագործողների թիվը 100 մարդու հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 106-րդ տեղը, և, որ ավելի մտահոգիչ է՝ նախորդ զեկույցի համեմատ՝ նահանջել է 38 հորիզոնականով։ Առաջին հայացքից՝ այս ցուցանիշին դժվար է հավատալ. անզեն աչքով անգամ տեսանելի է, որ ինտերնետի հասանելիությունն օր օրի մեծանում է։ Սակայն դա ունի պարզ բացատրություն. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում աճել է, սակայն այդ 38 երկրներում ավելի արագ է աճել։ Իսկ դա արդեն կրկին խոսում է ետ մնալու մասին։
Ավելացնենք, որ զեկույցների դառը նստվածքը որոշ չափով փոխհատուցվում է ինտերնետ միջավայրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններով՝ կապված Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ։ Պարզ դարձավ, որ հայ հաքերներն ակնհայտորեն ավելի ուժեղ են, քան ադրբեջանցիները։ Իհարկե, հաքերությունն ինքնին գովելի երևույթ չէ, սակայն ոչ պակաս կարևոր ցուցանիշ է, որը վկայում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր պոտենցիալի մասին։ Այնպես որ, ևս մեկ անգամ հաստատվում է այն ճշմարտությունը, որ չոր թվերը հալած յուղի տեղ ընդունել չի կարելի։