«Պարտադիր չի, որ Ազգային ժողովի նախագահը գա՝ ձեր տանիքի շիֆերը մեխի»

168.am-ի հարցազրույցը սեպտեմբերի 9-ին Էջմիածնում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած՝ Էջմիածնի գործող քաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանի հետ

Էջմիածնում տեղի ունեցած նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ, այս անգամ ընտրապայքարի մթնոլորտը, կարծես, հանդարտ է: Այն ժամանակ թեժ ընտրապայքար էր մղում Հանրապետական կուսակցության կողմից թեկնածություն առաջադրած Հակոբ Հակոբյանը: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը:

– Նորմալ պայքար էր: Թեժություն կար, բայց այն չէր, ինչ լրատվամիջոցները ներկայացնում էին: Նորմալ, քաղաքակիրթ պայքար էր, որն անցավ հանգիստ: Ուղղակի 4 տարի առաջվա համեմատականն այսօր նայելով` տեսնում ենք, որ շատ խնդիրներ կան, որոնք այսօր լուծվել են: Բուկլետի մեջ էլ, որ կարդում ենք, 7 կետ կա, որ արդեն վերջնական լուծում է ստացել: Մի կողմից՝ դա ուրախացնում է, մյուս կողմից էլ՝ նայում եմ, տեսնում եմ, թե ինչքան պրոբլեմներ են մնացել: Շատ-շատ խնդիրներ կան դեռ չլուծված: Չնայած, մի տեղ էլ հասկանում եմ, որ 20 տարվա կուտակված պրոբլեմներին  հնարավոր չէ 4 տարում լուծում տալ: Օրինակ՝ նշեմ, որ այս 4 տարում, որ դեռ չի ավարտվել, 172 բազմաբնակարանային շենքից 42-ի տանիքը կապիտալ, լիովին փոխվել է: 172 շենքից մոտ 80 շենքի շքամուտքի դռները լիովին տեղադրվել են: Ահագին ասֆալտապատման աշխատանքներ են արվել, բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրները լուծվել են, և այսօր կրկին տեսնում եմ փոփոխությունների կարիք:

– Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ 4 տարի առաջ քաղաքն «ընդունել» եք, այսպես ասած, վատ պայմաններում, այսինքն` որևէ գործ չէ՞ր արվել քաղաքում:

– Չէ, 4 տարի առաջ էլի մեր թիմն էր քաղաքում: Ես 3 տարի աշխատել եմ՝ որպես փոխքաղաքապետ: Այսինքն` ես փորձ ունեի, իսկ դրանից առաջ իմ նշած խնդիրներին լուծում տրված չէր: Մի տեղ չկար, որ ներդրում լիներ արված, որ խնդիր լիներ լուծված:

– Բայց այն ժամանակ էլ Դուք, ինչպես նշեցիք, պետական ապարատի վերին օղակում էիք: Ինչո՞ւ խնդիրներին լուծում չէիք տալիս:

– Խոսքը 7 տարի առաջ տիրող վիճակի մասին է: Փոխքաղաքապետ լինելու երեք տարիներին 8 մանկապարտեզ է գազիֆիկացվել, Հոկտեմբեր փողոցը, որտեղ խորը փոսեր էին, ամբողջովին ասֆալտապատվեց, թաղամասի էլեկտրական խնդիրներին լուծում տրվեց: Այդ տարիներին սպորտդպրոցը ներդրումների ծրագրով կապիտալ հիմնանորոգվեց: Հաջորդ 4 տարիներին Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի հետ, որ Էջմիածնի քույր քաղաքն է, ծրագիր իրականացրեցինք, և 4 տարվա ընթացքում մոտ 250.00 եվրոյի ներդրում արվեց: Այժմ էլ այդ ծրագրով 4 մանկապարտեզների ջեռուցման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է: Նորոգվել է թիվ 1 երաժշտական դպրոցը, որը կհանձնենք այս սեպտեմբերի 1-ին: Նորոգվել են Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, պատմաազգագրական թանգարանը, որի տեղը ժամանակին մի քանի անգամ վաճառվել էր:

– Լավ, իսկ ո՞րն եք համարում այն գլխավոր կիսատ գործը, որ դեռ չեք կատարել, և որի համար կրկին առաջադրել եք Ձեր թեկնածությունը:

– Բոլորն էլ գլխավոր են: Էն, ինչ որ սկսել ենք, էն, ինչ ժողովուրդը տեսնում է, որ իր մուծած գումարներով` հարկերի տեսքով, այդ աշխատանքները կատարվում են, բացի դա, պետական անմիջական միջամտությամբ և նախագահի բարձր հովանու ներքո, շատ ներդրումներ արվում են քաղաքում: Ես ուզում եմ ստանալ, չասեմ՝ իդեալական, այլ նորմալ կարգավիճակ ունեցող քաղաք, որտեղ քաղաքացին մուծում է հարկը, և, անկախ իր կուսակցական պատկանելությունից, մեկ ուրիշ կարգավիճակից` հարո՞ւստ է, թե՞ ոչ, էական բան չփոխվի: Եվ եթե կան խնդիրներ` ասֆալտապատման, կանաչապատման, տանիքների, խաղահրապարակների, և այլն, ապա դրանք պետք է լուծվեն: 4 տարվա բուն խնդիրներն այդ հերթականությամբ էլ լուծվել են: Որ շենքը պարտաճանաչ մուծել է հարկերը, ամբողջովին փոխեցինք դրա տանիքը: Այսինքն` մենք չենք նայում, թե այդ մարդը բարեկամ կամ ծանո՞թ է, այլ նայում ենք, թե ո՞վ է պարտաճանաչ հարկատու: Եվ այդ մարդն ունի առավելություններ: 7 տարի առաջ չկար այդ հավատը, և մարդ մտածում էր, թե իր հարկ մուծելուց՝ քաղաքում ոչ մի բան չի արվում: Դա է պատճառը, որ սկզբից շատ դժվար էր: Տանիքը բերում-վերանորոգում էինք, հետո ասում էինք` հիմա հավատո՞ւմ ես, որ ասում էինք՝ կանենք, դե՛, սկսի հարկերդ մուծել: Եվ այսօր չենք բացատրում, թե ի՞նչ է գույքահարկը, ի՞նչ է սպասարկման վարձը, քաղաքացին հարկերը զրոյացրած՝ մեզ է դիմում` նշելով, որ իր շքամուտքի բնակիչները վճարել են հարկերը և խնդրում են, որ իրենք շենքի տանիքը ևս վերանորոգենք:

– Քաղաքապետի պաշտոնում առաջադրված անկուսակցական Արմինե Հովհաննիսյանի թեկնածությունն արդյո՞ք ձևական, ֆիկտիվ բնույթ չի կրում:

– Չեմ կարող ասել, թե ֆիկտիվ կամ ոչ ֆիկտիվ է: Ընդհանրապես, երբ մարդն իր ցանկությունն է հայտնում՝ թեկնածություն առաջադրելու, ուրեմն` ինչ-որ նպատակ հետապնդում է, ուրեմն` ինչ-որ խնդիրներ է տեսնում, որոնք պետք է յուրահատուկ լուծվեն: Շատ նորմալ եմ վերաբերվում, և, մանավանդ, որ կին թեկնածու է, մի քիչ ավելի զգաստացնում է: Կհանդիպենք, իր ծրագրերը կներկայացնի, և չի բացառվում, որ եթե նա խելացի որևիցե բան առաջարկի, միգուցե ընդգրկեմ իմ ծրագրերի մեջ: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում:

– Իսկ ճի՞շտ են լուրերը, որ ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել Ձեր թեկնածությունն այս ընտրություններում:

– Այո՛, մի քանի օր առաջ կայացած տեղի Հանրապետական կուսակցության ժողովում, որին ես անձամբ մասնակցում էի, որոշեցին, որ պաշտպանեն իմ թեկնածությունը: Փոխադարձ հարգանքի պես է, որովհետև երկու տարի է`Հանրապետական կուսակցության տեղի շտաբը ես եմ ղեկավարել` լինելով անկուսակցական, իսկ հարգանքը փոխադարձ է լինում: Այնպես որ, նորմալ եմ ընդունում այդ ամեն ինչը:

– Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ անկուսակցական լինելով` ղեկավարել եք ՀՀԿ շտաբը:

– Ես չեմ ուզում իմ գնահատականը տալ, բայց չպետք է բացառենք նաև այն, որ այն խնդիրները, որոնք բարձրացնում է քաղաքացին, լուծումներ են ստանում, այսինքն` ի՞նչ է բուն ընտրությունը. երբ ցանկացած ընտրական փուլում քաղաքացին հարց է բարձրացնում սկզբի տարիներին (2007թ. պառլամենտի ընտրությանն էլ եմ շտաբի պետ եղել), օրինակ, մեղադրանքներ էին հնչում նախագահի, վարչապետի, Կառավարության, Ազգային ժողովի հասցեին, թե ինչո՞ւ գումարներ չեն տալիս, որ տանիքները նորոգեմ: Ես էլ բացատրում էի, որ պարտադիր չէ, որ Ազգային ժողովի նախագահը գա ձեր տանիքի շիֆերը մեխի, որ դա չէ պարտադիր ատրիբուտը, որ իրենք ընտրել են ինձ, որ ես ձեր պրոբլեմները լուծեմ, իսկ պետության աջակցությունը նշանակում է, որ մենք պետք է ճիշտ համագործակցենք, որ այդ խնդիրները ճիշտ բարձրաձայնվեն: 2007թ. պրոբլեմները մի քանի անգամ շատ էին, ու երբ կարդում էիր այդ պրոբլեմների ցուցակը, գլուխդ սկսում էր ֆռռալ:

– Հնարավո՞ր է` առաջիկայում ՀՀԿ-ին անդամագրվելու առաջարկ ստանաք: Եվ արդյո՞ք կհամաձայնեք դրան:

– Ինձ թվում է` դուք ուղղությունը տանում եք ուրիշ կողմ` քաղաքապետի թեկնածուի խնդիրներից տեղափոխում եք մեկ ուրիշ հարթություն:

– Դրանք սերտ առնչություն ունեն իրար հետ:

– Ընդհանրապես, քանի որ մեր պետությունը կայացման փուլում է, շատ խնդիրներ փոփոխական են, և ամեն ինչ մշտական չէ: Եթե Դուք այդ խնդրին այսպես եք նայում, ես էլ նայում եմ, որ շատ նորմալ է, որ կարող են անկուսակցական լինել, և նշանակում է, որ երկիրը նորմալ, ճիշտ ուղի է ընտրել, որ կարող է անկուսակցական քաղաքապետ ունենալ, որ կարողանում է համագործակցել բոլորի հետ: Ես էլ նայում եմ, որ սա լավագույն ապացույցն է երկրի առաջընթացի, որ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել:

– Ձեր ընտրվելու առաջին տարիներին Դուք ընկալվում էիք բացառապես՝ որպես գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: Նման մոտեցումը Ձեզ չի՞ խանգարում:

– Խանգարելը բացառվում է: Դա միանշանակ ավելի շատ զգաստություն է տալիս, որ, տեսեք, Ձեր ընկալմամբ էլ է այդպես, որ գեներալի որդի է, ուրեմն` ինչ-որ վատ բան պիտի անի: Բայց՝ հակառակը, շատ դժվար է լավ բան անել: Այսօր դժվար է մարդկանց հետ նորմալ հարաբերվելը, երբ որևիցե մեկը ձայնը բարձրացնում է, պետք է համբերատար լինել: Շատ տեղերում ավելի զգաստացնում է գեներելի որդի լինելը` և՛ ոչ քաղաքապետ եղած ժամանակ, և՛ ուսանողական տարիներին, երբ որևիցե մի խնդիր լինում էր, դու ավելի զգուշավոր, ավելի հանգիստ պիտի լինեիր: Այնպես չէ, որ ես այսօր բարձր պաշտոնյա եմ դարձել, և դա ինչ-որ խնդիր է ինձ համար: Շատ-շատ խնդիրներով իմ ծնողը թե՛ իր խորհուրդներով, թե՛ իր անմիջական մասնակցությամբ, ամեն ինչով իմ կողքին կանգնած օգնում է: Փառք եմ տալիս Աստծուն, որ նման ծնող ունեմ, ով 24 ժամ կանգնած է իմ կողքին: Ես միայն հպարտություն եմ զգում դրա համար:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում նրա` ԱԺ պատգամավոր դառնալու հանգամանքը:

– Օրենսդիր մարմնում շատ լավ եմ գնահատում, որովհետև տասնյակ-հազարավոր երկրապահների խնդիրները, որ մի քանի տարիներ է` Սպարապետի մահից հետո մնացել են գեներալի ուսերին, շատ խնդիրներ կան, որ լուծումներ պետք է ստանային: Գիտեմ, որ այսօր օրենսդրական ծրագրեր են մշակվում ոչ միան ազատամարտիկների` ոչ միայն զոհված և հաշմանդամ, այլև մասնակիցների համար, որովհետև 20 տարիների ընթացքում մենք, կարծես, խնդիրը դրել ենք հաշմանդամ և զոհված ազատամարտիկների վրա, բայց մասնակից ազատամարտիկները ևս ունեն խնդիրներ`սոցիալական, առողջական: Այն ժամանակվա 20 տարեկանն այսօր արդեն 40 տարեկան է և առողջական ավելի շատ խնդիրներ ունի:

 

Տեսանյութեր

Լրահոս